«Վարչապետն այս նախագծով շատ բարձր դիրք ու մեծ լիազորություններ է ստանում և ինչ-որ տեղ ստեղծում ենք կանցլերական պետություն»

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքն անձամբ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից չէ, քանի որ այս կիսապատերազմական իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է լինելու օպերատիվ որոշումներ ընդունել:

«Բայց դե հանձնաժողովը գնացել է այս տարբերակին: Ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ այն անխափան կաշխատի»,- ասաց Ֆ.Թոխյանը՝ նկատելով, որ ոչ բոլորն են եղել խորհրդարանական համակարգի կողմ:

Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների նախագծում «շատ լավ բաներ է գրված», բայց պետք է ընտրական պրոցեսը բարելավել: Թոխյանի խոսքով՝ գնում ենք երկկուսակցական համակագի:

Թե ինչ կտա կառավարման մոդելի փոփոխությունը, Ֆ.Թոխյանը հայտարարեց, որ ԱԺ-ն է դառնում ժողովրդի քվեն ստացած միակ մարմինը, ԱԺ պատգամավորների քանակը «լողացող» է դարձել, որ կապված է համամասնական ընտրակարգի հետ, իսկ մնացած բոլոր պաշտոններն ընտրելու է ԱԺ-ն, նախագահին ընտրելու են ընտրիչները, որը դասական Գերմանիայի մոդելն է:

Կարդացեք նաև

Նա կարևորեց, որ ԱԺ-ում որոշումները պետք է ընդունվեն 3/5 ձայներով, այսինքն՝ ընդդիմության հետ պետք է գնան համաձայնության՝ որևէ պաշտոնում նշանակում անելու համար: Ֆ.Թոխյանը նշեց, որ նախագահը կորցնում է անմիջական մանդատը, նա լինելու է ազգի միասնության երաշխավորը, անկուսակցական անձ: Ֆ.Թոխյանի կարծիքով՝ շատ դժվար է, որ առաջին փուլով նախագահ ընտրվի, բայց հաշվի առնելով այլ երկրների տխուր փորձը, օրինակ՝ Մոլդովայի, նախատեսվել է նաև երրորդ փուլ, որ երկիրը հաստատապես ունենա նախագահ:

«Երկրի տեր ու տիրակալը ԱԺ կողմից հաստատված ծրագրի շրջանակներում լինում է կառավարությունը, որը մշակելու և իրագործելու է և ներքին և արտաքին քաղաքականություն: Լինելու է ԱԺ վերահսկողություն, բայց իշխանության իրական կենտրոնը փոխվում է դեպի կառավարություն: Վարչապետն այս նախագծով շատ բարձր դիրք ու մեծ լիազորություններ է ստանում և ինչ-որ տեղ ստեղծում ենք կանցլերական պետություն: ԶՈՒ գխավոր հրամանատարությունն անցնում է կառավարությանը, խաղաղ ժամանակ բանակը կառավարում է կառավարությունը, պատերազմի ժամանակ՝ վարչապետը, ով, եթե ռազմական գիտակ չէ, կարող է գերագույն հրամանատար նշանակել: Կիսապատերազմական երկրի համար որքանով այդ տարբերակը կաշխատի, ցույց կտա ժամանակը»,- ասաց Ֆ.Թոխյանը:

Տեսանյութեր

Լրահոս