
«Բավական չէ, որ Սևանա լիճն անընդհատ օգտագործում ենք ոռոգման համար, հիմա էլ տանենք ուրիշ երկրներում լճեր վերականգնե՞նք». Սիլվա Ադամյան

Հայկական լրատվամիջոցները հղում կատարելով իրանական ու վրացական լրատվամիջոցներին՝ տեղեկացնում են, որ Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով: Իրանցի պատգամավոր Ալի Ալիլուին իրանական մամուլին տված հարցազրույցում ասել է, թե կողմերը տվյալ հարցի շուրջ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել: Պայմանավորվածության համաձայն՝ Կուր գետի ու Սևանա լճի ջուրը պետք է մղվի 3 մղիչ կայանների միջոցով դեպի Ուրմիա: Բոլոր երեք կայաններն էլ գտնվում են Իրանի տարածքում:
168.am-ը բնապահպան Սիլվա Ադամյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք մեր բնապահպանները տեղյակ են այս խնդրից: Բնապահպանն ասաց, որ իրենք էլ միայն լրատվամիջոցներից են տեղեկացել և նամակ են գրել ՀՀ վարչապետին, որպեսզի հասկանան, թե որտեղի՞ց է գալիս այդ ինֆորմացիան.
«Մտածում ենք՝ հնարավոր է, որ դա սխալմունք լինի, բայց ճիշտն ասած՝ այդքան էլ հակված չենք դրան, որովհետև վրացական ու իրանական լրատվամիջոցներն են խառնված: Վարչապետին ուղղված նամակում հղումները տվել ենք, թե որտեղից է ինֆորմացիան հասել մեզ: Ջրային տարածքներով զբաղվող պրոֆեսիոնալներն ասում են, որ պրակտիկորեն դա անհնարին է: Մտածում եմ՝ գուցե ուրիշ բան կա, որի մասին տեղեկացված չենք, բայց ամեն դեպքում, ինչ-որ բան կա, որը պետք է բացահայտվի: Ես նույնիսկ մեր իրանցի գործընկերներին եմ խնդրել, որ հետաքրքրվեն, տեսնեն, թե ինչ է կատարվում այնտեղ»:
Բնապահպանն ասաց, որ Ուրմիա լիճը հարուստ է կենդանական բազմազանությամբ, այնտեղ թռչունների տեսակներ ու այլ կենսաբազմազանություն կա. «Երբ փոխվում է լճի էկոլոգիան, ջրի մակարդակն սկսում է նվազել, այնտեղ փոփոխություններ են կատարվում: Լիճն ու կենսաբազմազանությունը «փրկելու» համար պետք է դիմել այդ քայլին, բայց որքանո՞վ է Սևանն ընդգրկված այդ գործընթացում, կոնկրետ ինձ համար, որպես ուղղակի մարդու, դա բացարձակ անընդունելի է: Սևանն ունիկալ բնության հուշարձան է, ունիկալ լիճ է, որը չի կարող ուղղակի նման հարցերում օգտագործվել: Բավական չէ, որ այն անընդհատ օգտագործում ենք ոռոգման համար, թույլ չենք տալիս, որ լիճը «խելքի գա», հիմա էլ տանենք ուրիշ երկրներում լճեր վերականգնե՞նք: Եկեք մենք մեր մասին մտածենք: Սևանի ամբողջ ափերը ճահճացած են, դրա մասին է պետք մտածել, այլ ոչ՝ ուրիշ լճերի մասին: Թող մտածեն, բայց ոչ՝ Սևանի հաշվին:
Ինչո՞ւ չենք օգնում Արմաշի լճերին, որտեղ 150-ից ավելի թռչունների տեսակային կազմ կա, որոնց միակ բնադրավայրը Հայաստանում Արմաշի լճերն են, և դրանք չորանում են: Ինչո՞ւ դրա մասին չեն մտածում: Գնացել հասել են Պարսկաստան՝ Ուրմիա լի՞ճ: Սա ուղղակի ազգային խայտառակություն է: Ինչպես կասեր մեր նախկին նախարարը՝ տա Աստված, որ սուտ ինֆորմացիա լինի, այլապես մենք բոլորս ոտքի ենք կանգնելու, դա որոշված է»: