Ինչպես մսխել ազգային հարստությունը

Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները կարող են համատեղ ուժերով ուսումնական ձեռնարկ գրել այս թեմայով։ Նրանք անգերազանցելի վարպետներ են՝ պետությանը (ժողովրդին) պատկանող գույքը փոշիացնելու հարցում։ Ամենազավեշտալին այն է, որ այսքան տարիների ընթացքում մեթոդը չի փոխվել։ Փոխվել ու հղկվել են միայն առանձին տեխնիկական մանրուքներն ու ներկայացման ձևը. այն դարձել է ավելի ցինիկ։

Ամենաթարմ օրինակն էլեկտրաէներգիայի գնի բարձրացման սուբսիդավորումն էր՝ Որոտանի կասկադից ստացված միջոցների հաշվին։

Հիշեցնենք, որ սպառողների համար հոսանքի գնի 6,93 դրամով թանկացումից հետո ՀՀ նախագահը հայտարարեց, որ բնակչությունն առայժմ կվճարի նախկին գնով։ ՀԷՑ-ում կանցկացվի աուդիտ, որը պետք է պատասխանի հարցերին՝ որքանո՞վ է հիմնավորված սակագնի բարձրացումը, և ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել սակագինը չփոփոխելը։
Մինչև աուդիտի վերջնական եզրակացությունը Կառավարությունն «իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի թանկացման բեռը»։ Իսկ բեռը բավականին ծանր է։ ՀԷՑ-ը ՀՀ բնակչությանն ու տնտեսությանն ամսական առաքում է մոտավորապես 450 մլնկՎտԺ էլեկտրաէներգիա։ Առանց ԱԱՀ-ի՝ Կառավարությունը յուրաքանչյուր 1 կՎտԺ-ի դիմաց պետք է ՀԷՑ-ին փոխանցի լրացուցիչ 5,77 դրամ։ Այսինքն՝ ՀՀ Կառավարությունն օգոստոսի 1-ից սկսած՝ ամեն ամիս ՀԷՑ-ին վճարելու է շուրջ 2,6 մլրդ դրամ կամ 5,5 միլիոն դոլար։ Ընդ որում, դեռ հայտնի չէ՝ քանի՞ ամիս կտևի ուսումնասիրությունը, և որքա՞ն գումար Կառավարությունը կսուբսիդավորի։

Մինչև վերջերս ամենակարևոր հարցը հետևյալն էր՝ որտեղի՞ց է Կառավարությունն ամսական մի քանի միլիոն դոլար ուղղելու էլէներգիայի սուբսիդավորմանը։ Տևական ժամանակ մեր պաշտոնյաները խուսափում էին ուղիղ պատասխան տալ այս հարցին՝ օդի մեջ նշելով, որ դա բյուջեի հաշվին չի լինի։

Կարդացեք նաև

Հետո անցավ որոշ ժամանակ, ու պարզվեց, որ այդ գումարները վճարվելու են Որոտանի կասկադի վաճառքից առաջացած միջոցների հաշվին։ Ըստ մեր կառավարության՝ սա չի նշանակում՝ «ժողովրդի հաշվին»։ Ըստ մեր կառավարության՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրն անտեր էր, ոչ ոքի չէր պատկանում։ Այլմոլորակայիններն էին այն կառուցել ու մոռացել դրա մասին։ Այսինքն՝ դա «օդից փող է». կարելի էր վաճառել ու… ու ոչ թե այդ միլիոնավոր դոլարներով որևէ արտադրություն հիմնել կամ ուղղել բանակին, այլ տալ Ռուսաստանին։

Գործընկերներիցս շատերն արդարացիորեն արդեն նշել են, որ սա մանիպուլյացիա է։ Սակայն, եթե ավելի անկեղծ արտահայտվենք՝ սա դասական ձեռառնոցի է։ Ընդ որում, նման էժան հնարքով Կառավարությունը ոչ թե ժողովրդին է ձեռք առնում, այլ ինքն իրեն։

Սակայն ամենատխուրն այն է, որ այս «ձեռառնոցիի» սցենարը շարունակվում է երկար տարիներ՝ զրոյի հավասարեցնելով մեր պետական հարստությունները։ Կարդալով 10 տարի առաջվա հրապարակումները՝ դեժավյու ես ապրում։ Ոչինչ չի փոխվել՝ նույն հերքումները, նույն լղոզված արդարացումները։

Մոտ 10 տարի առաջ՝ 2005 թվականի վերջերին, հասարակությունը քննարկում էր գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունը։ Հայաստանն այն ժամանակ ՌԴ-ից գազ ստանում էր 1000խմ-ն՝ 56 դոլարով։ Տեղեկություններ հայտնվեցին, որ գինը հաջորդ տարվա սկզբին բարձրանալու է շուրջ 2 անգամ։ Մեր կառավարության պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չտալով՝ հերքում էին ու խորհուրդ տալիս ժամանակից առաջ չընկնել, Կիկոսի մահը չսարքել։

Հետո ռուսները գազի գինը դարձրեցին 110 դոլար։ Այն ժամանակ դեռևս հայ-ռուսական «ՀայՌուսգազարդը» դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով գազի գինը վերջնական սպառողների համար բարձրացնել։ Օրինակ՝ բնակչության համար գազային մոնոպոլիստն առաջարկում էր 59 դրամ սակագինը դարձնել 90 դրամ։

Ի՞նչ էր անում ՀՀ Կառավարությունը։ Ճիշտ է՝ հանգստացնում էր քաղաքացիներին՝ նշելով, որ կսուբսիդավորի գազի գնի բարձրացումը, և բնակչությունը մի որոշ ժամանակ այդ թանկացումը չի զգա։ Ի՞նչ ռեսուրսների հաշվին։ Ասում էին՝ ներքին ռեսուրսների։

Հետո պարզվեց, որ այդ ներքին ռեսուրս ասվածը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն էր։ 2006 թվականի ապրիլին Կառավարությունը որոշում ընդունեց «պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին»: Ըստ այս որոշման՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը 248.8 մլն ԱՄՆ դոլարով հանձնվեց «Գազպրոմին»։ Գործարքի ընդհանուր գումարից՝ 248.8 միլիոնից, 188.8-ն ուղղվեց գազի գնի սուբսիդավորմանը։

Մինչ այդ ՀՀ իշխանության ամենաբարձր օղակներից հերքում էին այն լուրը, որ 5-րդ բլոկը վաճառվելու է։ Հետո պարզվեց՝ լուրը ճիշտ էր։ Ամաչեցի՞ն արդյոք նրանք՝ մարդկանց մոլորության մեջ գցելու համար։ Ամենևին։ Հակառակը՝ սկսեցին այնպես խոսել «Գույք՝ պարտքի դիմաց-2» անունով կնքված այդ խայտառակ գործարքի մասին, ասես դա մեծ ձեռքբերում էր։ «Ժողովուրդը կարող է չանհանգստանալ, գազը նրա համար կթանկանա ընդամենը 10-15 տոկոսով»,- «Հայլուրին» տված հարցազրույցում «ավետեց» ՀՀ այն ժամանակվա նախագահը։ Վերհիշեք՝ այս տարվա մայիսի հայտնի խորհրդակցության ժամանակ ինչ էր ասում ներկայիս նախագահը՝ խոսելով էլէներգիայի գնի մասին, ու զուգահեռներ անցկացրեք։

Շատ հեռու չգնանք, մոտավորապես նույն սցենարով ոչ վաղ անցյալում գազի գնի դիմաց «Գազպրոմին» զիջեցինք «ՀայՌուսգազարդում» մեր ունեցած մասնաբաժինը։ Հանկարծակի պարզվեց, որ ռուսները «նենգաբար» բարձրացրել են գազի գինը, և Հայաստանը շուրջ 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել։ Ու դա մարվեց՝ կրկին «ոչ մեր հաշվին»։

Ահա այսպես, տարիներով հղկված մեխանիզմով Հայաստանը զրկվեց էներգետիկ ոլորտի իր գրեթե բոլոր ակտիվներից։ Տարբեր տարիներին կատարված գործարքների տարբերությունն այն էր, որ դրանք դառնում էին իրենց բնույթով ավելի ու ավելի ցինիկ։ Ասենք՝ ՀՀ էներգետիկայի նախկին նախարարն առանց կարմրելու ստում էր ու հավաստիացնում, որ գազը չի թանկացել։ Հետո նույնպես առանց կարմրելու՝ հայտարարում, որ թանկացել է, և պարտք ենք կուտակել։ Իսկ նմանությունն այն է, որ բոլոր դեպքերում պարտատերն ու ակտիվ ստացողը եղել է ռուսական կողմը։ Սա ուղղակի ի գիտություն՝ առանց հետին մտքերի։

Տեսանյութեր

Լրահոս