Ինչո՞ւ է Ղարաբաղում Ռուսաստանը դիրքերը զիջում ԱՄՆ-ին

Վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո հրապարակվեց, որ ԱՄՆ-ը կաջակցի ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի պահպանմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հերթին՝ հաճախ անդրադառնում է հակամարտության գոտում տիրող իրավիճակին:

Նախօրեին նա նշել է. «Միացյալ Նահանգները բազմիցս կոչ է արել կողմերին` ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը: Սա այն կոչն է, որ արել են համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ տարածաշրջան վերջին այցելության ժամանակ: Մենք հույս ունենք, որ կողմերը կցուցաբերեն զսպվածություն, ինչպես դա արվել էր վերջին ամիսներին, ինչը միայն կնպաստի խնդրին վերջնական լուծում տալու մեր ջանքերին: Եթե կողմերն իսկապես ցանկանում են կարգավորում բանակցությունների ճանապարհով, ապա նրանք պետք է նվազեցնեն լարվածությունը թե՛ արցախաադրբեջանական շփման գծում, թե՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին»:

Ըստ որոշ հայ փորձագետների, թեև Ռուսաստանը կողմ չէ լիակատար զինադադարի պահպանմանը, ժամանակավորապես համաձայն է Արևմուտքի հետ ԼՂ հակամարտության գոտում գործել համատեղ, քանի որ իր դեմ միջազգային օղակը սեղմվում է, և ԼՂ հակամարտության գոտում ԱՄՆ-ի հետ աշխատելուն այլընտրանք այս պահին չկա:

168.am-ի հետ զրույցում ռուսաստանցի ընդդիմադիր հրապարակախոս, քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին նշեց, որ ԱՄՆ-ը փորձում է ակտիվացնել իր դերակատարությունը, քանի որ ունի կասկածներ, որ Արևմուտք-ՌԴ լարվածության ֆոնին ՌԴ-ն կփորձի սադրել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում` տեղակայելով իր ռազմական բազաները:

Պիոնտկովսկու համոզմամբ` այս կասկածները հիմնավոր են, քանի որ Ռուսաստանն իսկապես ժամանակ առ ժամանակ լարում է իրավիճակը հակամարտության գոտում՝ հակամարտության այս կամ այն կողմից ինչ-ինչ զիջումներ, ինչ-ինչ որոշումներ կորզելու նպատակով: Դրանով, Պիոնտկովսկու խոսքով, ՌԴ-ն անուղղակի ճնշում է բանեցնում միջազգային հանրության նկատմամբ:

«Ի դեպ, դա անում է ոչ միայն ԼՂ հակամարտության միջոցով, այլև վիճելի այլ տարածքներում նորանոր ականների ներդրմամբ: Խոսքն Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին է: ՌԴ-ն հետևողականորեն շարունակում է լարել հարաբերությունները Վրաստանի և միջազգային հանրության հետ: Իմ տպավորությամբ՝ լարվածությունը դեռ շարունակվելու է, և մենք զգալու ենք վերջերս անցկացված ՄԱԿ ԱԽ նիստի հետևանքները»,- ասաց Անդրեյ Պիոնտկովսկին` շարունակելով, որ ՌԴ իշխանությունները զգում են, որ այլևս չեն կարողանում հաղթահարել արևմտյան ճնշումները, որի հետևանքով արժութային ճգնաժամը շարունակվում է, պուտինյան բոլոր պրոյեկտները, որոնցից նախաձեռնող Պուտինը չի ցանկանում հրաժարվել, տապալվում են: Պուտինի ռեժիմը, ռուսաստանցի գործչի կարծիքով, ավտորիտարից դառնում է տոտալիտար, որի ճակատագիրը պալատական հեղաշրջման ենթարկվելն է:

«Իսկ այդ հեղաշրջումից խուսափելու համար ՌԴ-ն վերջին շրջանում որոշակի ջերմ ազդանշաններ ուղարկեց Արևմուտքին` հասկանալով, որ պարտվում է»,- ասաց նա: Սակայն, ըստ ռուսաստանցի վերլուծաբանի, Արևմուտքի միջամտությունը շատ ավելի գործուն պետք է լինի, թեև Ռուսաստանին այսօր պետք չէ ո՛չ հակամարտության կարգավորում, ո՛չ էլ լուծում ռազմական ճանապարհով, այլ մշտական լարվածություն»,- ասաց Պիոնտկովսկին` չբացառելով, որ Արևմուտքին «չբարկացնելու» համար միգուցե ՌԴ-ն հակամարտություններում սկսի Արևմուտքի հետ համատեղ գործել:

 

Տեսանյութեր

Լրահոս