Պետք է ապաշրջափակել և գործարկել Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթուղին. Արա Պապյան

«Իրանի ապաշրջափակումից հետո ՀՀ-ն պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի»,- «Հայ-իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ-իրանական ռազմավարական գործընկերության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Կանադայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` անդրադառնալով ՀՀ-Իրան հարաբերություններում ստեղծվող հնարավորություններին և մարտահրավերներին:
Նա նշեց, որ Իրանն իր համար օտար երկիր չէ, քանի որ մասնագիտությամբ իրանագետ է և իր դիվանագիտական գործունեությունը սկսել է Իրանից, հետևաբար՝ մշտապես ուշի ուշով հետևել է Իրանի շուրջ զարգացումներին: Ըստ Արա Պապյանի, Արևմուտք-Իրան հարաբերություններում սկսված նոր փուլը և՛ մեծ հնարավորություններ, և՛ փորձություններ է պարունակում ՀՀ-ի համար:

Նրա խոսքով` արդյունքը կախված կլինի նրանից` ինչպես կկարողանանք օգտագործել հնարավորություները: Դիվանագետի կարծիքով` Իրանի մուտքը համաշխարհային շուկա գազով և նավթով, էական փոփոխություններ է մտցնելու աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ի համար ունենալու է դրական ազդեցություն, քանի որ էներգակիրների գների անկումն ազդելու է հարևան և թշնամի երկրի հնարավորությունների վրա, դրդելու է Ադրբեջանին արկածախնդրության և, թերևս, 2015թ., մասամբ էլ՝ 2016թ. սկիզբն արկածախնդրության առումով վտանգավոր է: Նրա համոզմամբ` եթե Ադրբեջանը ցանկանա գնալ արկածախնդրության, դա կանի հիմա:

«Եթե մեզ հաջողվի Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա առանցքը ձևավորել և այդտեղ դերակատարություն ստանձնել, ՀՀ-ի և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական կշիռն էապես կմեծանա: Բայց այստեղ մենք որոշակի նախաձեռնություններ պետք է ցուցաբերենք, որովհետև ես չեմ կարծում, որ առ այսօր այն հիմնական գիծը, այն է՝ Զանգեզուրի վրայով, ժամանակային առումով տեղին է:

Դրա համար այլ նախաձեռնություններ են պետք: Եթե ենթադրենք, որ ֆինանսական առումով լինեն ներդրողներ, սկսվի շինարարությունը, այն առնվազն կտևի 5-7 տարի: Համեմատելու համար ասեմ, որ Ախալքալաք-Կարս երկաթգիծը, որն ընդամենը 105 կմ էր, սկսվեց 2007թ., 2015-ին նոր առաջին գնացքն անցավ: Սա չուներ ֆինանսական և քաղաքական խնդիր, հետևաբար՝ Զանգեզուրի վրայով անցնող երկաթգիծը, որը երեք անգամ երկար ու դժվար է, առնվազն այդքան կտևի: Հայաստանը պետք է այստեղ հանդես գա ՀՀ-Վրաստան-Նախիջևանի Ջուլֆայով-Իրանի Ջուլֆայով գիծն ապաշրջափակելու, գործարկելու ուղղությամբ:

Նման պաշտոնական առաջարկը, որը մեր իշխանությունը պետք է անի, ՀՀ-ին երկու առումով ձեռնտու է, ՀՀ-ն մեծ հնարավորություն կունենա իրանական շուկա, Պարսից Ծոց դուրս գալու, ապա՝ դեպի Հեռավոր Արևելք: Եթե Ադրբեջանը մերժի, ապա ինքը կհակադրվի Արևմուտքին, քանի որ Արևմուտքը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ, հետևաբար՝ դա ևս մեզ համար դրական երանգներ կունենա: Պետք է շտապել նման գործունեության, քանի որ, ըստ էության ադրբեջանական Աստարա-իրանական Աստարա-Ռեշտ-Ղազվին երկաթգծի առաջին փորձնական երթերը կատարվել են, և Հյուսիս-Հարավ գծի վրա կարող է փոխարինել մեզ»,- ասաց Արա Պապյանը:

Վերջինս կրկին ընդգծեց Իրանի ընդլայնվող դերակատարության մասին: «Իրանն ունի մեկ այլ դեր ևս, դա նրա շիա էությունն է: Այսօր ակնհայտ է, որ ԱՄՆ-ը լավ է հասկանում, որ սուննիզմին հակազդել է պետք շիիզմով, և ռեալ ուժը, որ պատրաստ է ուժ տրամադրել, Իրանն է, և դրանով Իրանի դերը կբարձրանա, Իրանին կվերապահվի տարածաշրջանային ժանդարմի դերը, Թուրքիայի ազդեցության նվազում տեղի կունենա, քրդական գործոնի ակտիվացումն էլ պայմանավորված է այդ հանգամանքով»,- մեկնաբանեց Արա Պապյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս