7 տարի անց. Ի՞նչ դասեր է քաղել Արևմուտքը ռուս-վրացական պատերազմից
«Պուտինի ռեժիմը կհասնի իր պատմական ավարտին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Տորնիկե Շարաշենիձեն` անդրադառնալով ռուս-վրացական հնգօրյա պատերազմի տված դասերին: Հիշեցնենք, որ հինգ տարի առաջ այս օրը սկսվեց վրաց-օսական կամ վրաց-ռուսական պատերազմը, որը տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի ռազմական պարտությամբ, Հարավային Օսիայի և Աբխազիայի կորստով, ինչին հաջորդեց մի քանի երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի կողմից այս երկրամասերի անկախության ճանաչումը, ինչպես նաև այդ հանրապետություններում ռուսական ռազմական ներկայության ամրապնդումը: Միջազգայնագետների շրջանում կարծիք կա, որ եթե ռուս-վրացական պատերազմի դասերն Արևմուտքը քաղած լիներ, ապա չէր լինի Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիան և Ղրիմի բռնակցումը:
Տորնիկե Շարաշենիձեի կարծիքով՝ ուկրաինական պատերազմը բացահայտեց, որ ռուս-վրացական պատերազմը միջազգային հանրությանը բացարձակապես ոչ մի դաս չի տվել: Ըստ նրա՝ միջազգային հանրությունը ռուս-վրացական պատերազմի մասին հիշեց, սկսեց վերլուծել, ուկրաինական պատերազմի հետ զուգահեռներ անցկացնել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, և Ռուսաստանի ագրեսիվ, նվաճողական քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ դարձավ ակնհայտ փաստ: «Պատմությունը լի է նման դասերով, բայց երկրները միշտ շատ ուշ են քաղում այդ դասերը: Այնպես որ, դասեր քաղելու ռեժիմը երբեք չի աշխատում: Միջազգային հանրությունն արձագանքեց ռուսական ագրեսիային այն ժամանակ, երբ տեսավ տևական ռուսական ռազմական ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ և, փառք Աստծո, արձագանքեց այդ ագրեսիային:
Պատժամիջոցներով մենք արդեն արդյունքը տեսնում ենք` նավթի գներն են ընկնում, արժույթի ճգնաժամ է սկսվել, պատժամիջոցներ են գործադրվում, որոնք, ի վերջո, ճնշում են ՌԴ նվաճողական քաղաքականությունը: Արևմուտքը ջանում է խուսափել ՌԴ-ի հետ ուղիղ բախումներից, բայց Ռուսաստանն ինքն է գնում Արևմուտքի հետ լուրջ առճակատման ճանապարհով, չի զիջում իր դիրքերը Դոնբասում, որին ի պատասխան՝ Արևմուտքն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Լեհաստանում, Մերձբալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում: ԱՄՆ-ը դառնում է ավելի ու ավելի անվտանգ՝ էներգետիկ առումով, նավթի գներն անկում են ապրում, դա շատ է ճնշում Ռուսաստանին, բայց ի՞նչ անել՝ Ռուսաստանն ինքն է իր գլխին լցրել այս ամենը»,- ասաց վրացի փորձագետը:
Հարցին, թե հնարավոր է` արևմտյան ճնշումներին Ռուսաստանն արձագանքի նոր լարվածության ճակատներով, ինչպես վերջերս՝ Վրաստանի նկատմամբ, վերլուծաբանը պատասխանեց, որ վերջին շրջանում ՌԴ քաղաքականությունն առողջ տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել:
«ՌԴ-ից ամեն ինչ հնարավոր է սպասել: Օրինակ` ես չէի սպասում, որ պատերազմից հետո ՌԴ-ն կճանաչի Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, ՌԴ-ն ամեն ինչի է պատրաստ, քանի որ չի ենթարկվում տրամաբանության, առավել ևս՝ այն ամենից հետո, ինչ պատահեց Արևելյան Ուկրաինայում: Արդեն ուշ է, քանի որ այլևս ոչնչով չես օգնի, Պուտինն ընտրել է իր ուղին` առճակատում Արևմուտքի հետ: Ռուսաստանը պարտվելու է այս պատերազմում, որն ինքն է իր գլխին սարքել: Այսօր միջազգային հանրությունը ՌԴ-ի հետ ոչ մի բանից խոսել չի կարող, անիմաստ է, քանի որ բանակցություն չի կարող լինել Ռուսաստանի հետ: Երևի թե հիշում եք, որ Ղրիմի բռնակցումից հետո ՌԴ նախագահը հանդես եկավ ելույթով, այդ խոսքը վերլուծեցինք և հասկացանք, որ նրա ելույթում կային ներողության նրբերանգներ, բարեկամության, ձեռք մեկնելու փորձեր, բայց պարզվեց, որ մենք մեր վերլուծություններում սխալվել էինք, քանի որ Պուտինը կանգ չառավ և որոշեց ռազմական ագրեսիան ուղղել Դոնբասի ուղղությամբ: Այս ամենի արդյունքում՝ նրան այլևս չեն վստահում և չեն փորձում բանակցել: Պետք է պարզապես փոքր-ինչ սպասել, որպեսզի Պուտինի քաղաքականությունը հասնի իր պատմական ավարտին»,- ասաց Տորնիկե Շարաշենիձեն: Ըստ նրա` այսօր հարավկովկասյան երկրները կտրուկ քայլերի չեն կարող դիմել, նրանք պարզապես պետք է սպասեն, որպեսզի գերտերությունները լուծեն իրենց խնդիրները, և Պուտինի ռեժիմը տապալվի:
Իր հերթին՝ Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն նշեց, որ, եթե Արևմուտքը քաղած լիներ ռուս-վրացական պատերազմի դառը դասերը, Ուկրաինան չէր հայտնվի ռուսական ագրեսիայի թիրախում: Ըստ նրա` Արևմուտքը բազում հնարավորություններ տվեց Պուտինին՝ հավատալով, որ ագրեսիայի յուրաքանչյուր հանգրվան պուտինյան հավակնությունների վերջին կետն է, այնինչ իրականում ընդհակառակն է` Պուտինի ախորժակը գնալով մեծանում է, ագրեսիայի աշխարհագրությունը` ընդլայնվում:
«Վերջերս Վրաստանի նկատմամբ ևս մեկ ագրեսիայի ականատեսը դարձանք, երբ ռուսական կողմը փորձեց փոխել սահմանները կամ վերաձևել: Այս ամենը շարունակվում է, քանի որ Արևմուտքը հապաղում է: ՌԴ ներկայիս իշխանության նկատմամբ կտրուկ միջոցները պետք է շարունակական լինեն. պատժամիջոցներ, սև ցուցակներ, և այլն, և այլն: Միայն կտրուկ միջոցներն այսօր կարող են զսպել պուտինյան ագրեսիան և թույլ չտալ նրան լարվածության նոր օջախներ ստեղծել, քանի որ մեծ է Պուտինի գայթակղությունը՝ լարվածություն ստեղծել այնտեղ, որտեղ նկատվում թուլություն և անվտանգության պակաս»,- ասաց Սոսո Ցինցաձեն: Վերջինս նաև լիահույս է, որ Արևմուտքը, ի վերջո, ՌԴ ներկայիս իշխանությունների հետ կխոսի նրանց քաղաքականությանը համարժեք լեզվով, քանի որ այսօր կան այդ նշույլները: Այսկերպ, նրա վստահեցմամբ, Արևմուտքը և ողջ աշխարհը կխուսափի այլ պատերազմներից: