Բաժիններ՝

Ինչպե՞ս արագ և առանց ցավերի վերականգնվել ինսուլտից հետո

Ինսուլտը 21-րդ դարի ամենավտանգավոր մահացու հիվանդություններից է: Եթե մի քանի տասնամյակ առաջ այն համարվում էր տարիքային հիվանդություն, ապա հիմա նկատվում է այդ հիվանդության շեշտակի «երիտասարդացում»:

Ինսուլտը գլխուղեղի հյուսվածքների դեստրուկցիան է, որն առաջանում է գլխուղեղ մատակարարվող արյան և թթվածնի քանակի պակասի հետևանքով: Քայքայման պրոցեսի զարգացումը տեղի է ունենում ակնթարթորեն և առաջացնում է գլխուղեղի հյուսվածքների վնասվածքներ:

Ի՞նչ խախտումների կարող է հանգեցնել հիվանդությունը:

Ինսուլտի ֆոնի վրա կատարվող խախտումների սիմպտոմատիկան կախված է վնասվածքների օջախների լոկալիզացումից և բնութագրվում է՝

Կարդացեք նաև

  • շարժումների հանկարծակի արգելանքով,
  • գիտակցության մթագնմամբ կամ կորստով,
  • վերջույթների պարալիզացմամբ,
  • կոորդինացիայի վատացմամբ կամ կորստով,
  • կոմայով:

Գլխուղեղի աջ կիսագնդի դեստրուկցիան հանգեցնում է ձախակողմյան պարալիչի, տարածական ընկալման վատացման, հիշողության կորստի, իսկ ձախ կիսագնդինը՝ աջակողմյան հատվածի պարալիչի, խոսքի աղավաղման, բառերի մոռացման:

Ինսուլտի վտանգը կայանում է նրանում, որ այն կարող է հարուցել գլխուղեղի այտուց՝ ձևավորելով ավելի մեծ վնաս հասցնող ներգանգային ճնշում: Դրա հետևանքով խորանում է հիվանդի նևրալգիկ վիճակը:

Որքա՞ն երկար կարող է տևել հետինսուլտային վերականգնողական շրջանը:

Հետինսուլտային վերականգնողական շրջանը տարբեր տևողություն ունի: Մի դեպքում հիվանդի թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր ունակությունները վերականգնվում են բուժման առաջին ամիսների ընթացքում: Այլ դեպքերում դրա համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Բայց, ցավոք, շատերն ինսուլտի հետևանքները կրում են ամբողջ կյանքի ընթացքում: Եվ այստեղ հատկապես կարևոր է դառնում ինչպես՝ մասնագետների որակյալ օգնությունը, այնպես էլ՝ հիվանդի հարազատների ուշադիր, սրտացավ վերաբերմունքը: Ինսուլտից հետո կյանքը շարունակվում է: Պետք չէ հուսահատվել: Չէ՞ որ համառության և համապատասխան տրամադրվածության դեպքում կարելի է վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին:

Դրա համար պետք է անշեղորեն հետևել ներքոբերյալ խորհուրդներին՝

  • պարբերաբար այցելել բժշկին,
  • ամեն օր չափել արյան զարկերակային ճնշումը,
  • ախտահարված վերջույթների համար ապահովել բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
  • հետևել ճիշտ սննդակարգի,
  • բացառել ալկոհոլային խմիչքների օգտագործումը,
  • չծխել:

Ի՞նչ ֆունկցիաներ պետք է վերականգնել ինսուլտից հետո:

Սուր կրիզիսի ավարտից հետո պետք է անհապաղ սկսել օրգանիզմի համապարփակ վերականգնումը:

Վերականգնվո՞ւմ է արդյոք խոսքն ինսուլտից հետո:

Խոսքի վերականգնման շրջանը շատ երկար կարող է տևել (մոտ 3-4 տարի): Պրոցեսը աշխատատար է և պահանջում է մասնագետի համատեղ աշխատանք: Խոսքի վերականգնման պարապմունքների համար ամենաօպտիմալ տարբերակը հայելու առջև նստած վարժություններ կատարելն է:

Խոսքի վերականգնման սկզբունքները:

  • Պետք է օգտագործել պարզ արտահայտություններ,
  • դանդաղ և հստակ արտաբերել բառերը,
  • հիվանդին ժամանակ տալ ասվածը հասկանալու համար,
  • հիվանդին տալ պարզ, «այո» կամ «ոչ» պատասխաններ ենթադրող հարցեր,
  • մարզել լեզվի և դեմքի մկանները,
  • օգտագործել ասոցիատիվ լոգոպեդիկ քարտեր՝ տարբեր առարկաների պատկերներով, որոնք նաև իրենց կողքին գրառումներ կունենան, որպեսզի հիվանդը առարկաներն ու գրառումները համապատասխանեցնի միմյանց,
  • պետք է սովորել կարդալ և գրել հենց նոր ասված կամ գրված արտահայտությունները,

Եվ, իհարկե, հարկավոր է անսահման համբերություն և հավատ:

Շարժումների վերականգնումը:

Հիվանդի համար առաջնահերթ խնդիրներից է շարժողական ակտիվության վերականգնումը: Այն ընթանում է մի քանի փուլերով: Ինսուլտին հաջորդող առաջին օրերի ընթացքում անհրաժեշտ է սկսել զբաղվել պասիվ ֆիզկուլտուրայով, որն իրենից ներկայացնում է վերջույթների բացել-փակելու, թեթևակի պտտելու էլեմենտներ, ինչպես նաև ձեռքերը և ոտքերը դեպի կողքեր բացել-տարածելու վարժություններ: Շարժումները պետք է հանգիստ կատարվեն և անհարմարություններ չպատճառեն:

Շատ կարևոր է նաև հետևյալ գործողությունը: Հիվանդին պառկած դիրքում պետք է խնդրել կատարել աչքերով վարժություններ՝ հայացքն իջեցնել ներքև կամ բարձրացնել վերև, կողքերը նայել, աչքերը պտտել այս ու այն կողմ, թարթել:

Սկզբնական շրջանում հիվանդին պետք է կարճ ժամանակով նստեցնել մահճակալի վրա, ապա աստիճանաբար ավելացնել նստած դիրքի տևողությունը: Հետագայում արդեն հիվանդը պետք է սովորի կանգնել, սկզբում՝ հենակներին հենված, ապա՝ ինքնուրույն:

Քայլել սովորեցնելը:

Երբ շարժողական վարժությունները հիվանդին արդեն համեմատաբար հեշտ տրվեն, կարելի է նրան փողոց դուրս բերել ու, անպայման ուղեկցողի օգնությամբ, փորձել քայլել: Սկզբում, իհարկե, պետք է անցնել կարճ տարածություն, չհոգնել, հետո աստիճանաբար ավելացնել:

Կլման ֆունկցիայի վերականգնումը:

Ծամելու և կուլ տալու ժամանակ զգայունության կորուստն ինսուլտ տարած հիվանդների շրջանում հաճախակի հանդիպող երևույթ է:

Այդ ֆունկցիաների վերականգնման համար անհրաժեշտ է՝

  • շարունակել կատարել լեզվի և շուրթերի մկաններն ամրացնող վարժություններ,
  • ընտրել այնպիսի սնունդ, որը հնարավոր լինի հեշտությամբ ծամել և կուլ տալ (ընդ որում, կերակուրը պետք է լինի նորմալ ջերմաստիճանի, բուրավետ և ախորժաբեր),
  • կերակրելու ժամանակ հիվանդը պետք է անպայման նստած լինի:

Աղիների աշխատանքի վերականգնումը:

Շարժողական ֆունկցիաների տևական դադարը հանգեցնում է աղիների կծկումների ֆունկցիայի թուլացման և խցանումների առաջացման: Դա կանխելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կանխարգելիչ գործողությունները՝

  • հոգնաներ անել և տալ փորկապությունը կանխող պրեպարատներ,
  • ապա անցնել ավելի թույլ պրեպարատների, որոնք կսկսեն գործել դրանք ընդունելուց 10-12 ժամ հետո,
  • հետևել ճիշտ սննդակարգի,
  • սնունդից բացառել շոկոլադը, ալյուր պարունակող մթերքները, բրինձը, կաթը, միսը,
  • սննդակարգում ավելացնել բջջանյութով հարուստ մթերքներ՝ մրգեր, բանջարեղեն, չրեղեն, հացաբույսեր, արևածաղկի ձեթ և ձիթապտղի յուղ, հատապտուղներ, կաթնաթթվային մթերքներ:

 

Հիշողության վերականգնումը:

Լիարժեք կյանքի վերադառնալու համար շատ կարևոր ֆակտոր է հիշողության վերականգնումը: Դրա համար պետք է գործադրել մեծ ջանքեր, համբերություն ունենալ և մեծ սեր ցուցաբերել հիվանդի նկատմամբ:

Եվ այսպես՝ հիվանդի հիշողությունը վերականգնելու համար անհրաժեշտ է՝

  • մատների գործադրմամբ խաղեր խաղալ՝ հիվանդի ուշադրությունը բևեռացնելով մատներով կատարվող շարժումների վրա,
  • հիվանդի հետ միասին կրկնել և սովորել պարզունակ բանաստեղծություններ,
  • միասին վերհիշել ձեր կյանքում պատահած ծիծաղաշարժ պատմությունները,
  • պարզ հարցեր տալ հիվանդին,
  • անուններ մտածել, քաղաքների անվանումներ վերհիշել և այլն,
  • ստեղծել ծանոթ տեսողական պատկերներ,
  • և, ամենակարևորը, հիվանդին չպատմել իր հիվանդության մասին:

 

Տեսողության վերականգնումը:

Տեսողության կորստի աստիճանն ուղիղ համեմատական է ինսուլտի ծանրության աստիճանին: Եվ այս խնդրի նկատմամբ անպատասխանատվության ցուցաբերումը կարող է հղի լինել տեսողության իսպառ կորստի վտանգով:

Տեսողության վերականգնման ուղղությունները հետևյալն են՝

  • սկզբնական շրջանում ակնաբույժի խորհրդով կատարել աչքերի համար նախատեսված մարմնամարզություն,
  • դեղամիջոցային բուժում սկսել միայն այն ժամանակ, երբ նախորդ մեթոդն անօգուտ կլինի:

Դեմքի անհամաչափության վերականգնում:

Շատ հաճախ՝ որպես ինսուլտի հետևանք, գործ ենք ունենում դեմքի մկանների մասնակի կամ ամբողջական պարալիզացման հետ, ինչն արտահայտվում է դեմքի անհամաչափությամբ: Դրանց շարժունակության ամրապնդման և վերականգնման համար անհրաժեշտ է կատարել վարժություների մի շարք՝

  • ծնոտը հանդարտորեն շարժել դեպի աջ, այնուհետև՝ ձախ,
  • փորձել ժպտալ՝ բարձրացնելով միայն շրթունքների անկյունները,
  • հերթով ժպտալ, մեկ՝ բերանի աջ անկյունով, մեկ՝ ձախ,
  • թարթել աչքերը հերթով, սկզբում՝ աջը, ապա՝ ձախը:

 

Կյանքն ինսուլտից հետո:

Հետինսուլտային դեպրեսիա զարգանում է հիվանդների 40-60%-ի մոտ, ինչն արտահայտվում է տարբեր կերպ և ունենում է քրոնիկ ընթացք:

Ընկճվածությունը, ճնշված վիճակը և ձանձրույթն ու ամեն ինչի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը հետինսուլտային դեպրեսիայի գլխավոր ցուցիչներից են: Պետք է նշել, որ տղամարդիկ ավելի ծանր են տանում իրոնց վիճակը, քան կանայք:

Ինսուլտից հետո օրգանիզմի բոլոր ֆունկցիաների հաջող վերականգնման գրավականը տնային պայմաններում երկարատև ճիշտ վերականգնողական շրջան անցնելն է, հիվանդի դրական տրամադրվածությունը, հավատը, կենսակերպի փոփոխությունը և շրջապատի բարի կամքն ու նվիրվածությունը:

Հնարավո՞ր է արդյոք ամբողջովին վերականգնվել ինսուլտից հետո

Ցավոք, հետինսուլտային վերականգնումը երկար և աշխատատար պրոցես է, և, թե ինչքան կապրի մարդն ինսուլտ տանելուց հետո, կախված է միմիայն իրենից: Սակայն, եթե հիվանդը հետևի բժշկի խորհուրդներին, գրագետ սնվի, բացառի վատ սովորությունները, ընդունի դեղորայքային նշանակումները, հնարավոր է հասնել կյանքի որակի էական բարելավման, սակայն ամբողջովին վերացնել ինսուլտի հետևանքները, ցավոք, այժմ հնարավոր չէ, չնայած կան բացառիկ դեպքերի օրինակներ:

Ինսուլտը դատավճիռ չէ. Հարկավոր է զինվել միայն հարազատների սիրով ու խնամքով և դադարել ինքդ քեզ խղճալ:

Պատրաստեց Գ. ՍԱՎԶՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս