Հունաստան, Եգիպտոս, Վրաստան. ամառային հանգստի մատչելի ուղղությունները, իսկ Հայաստանը` ամենաթանկ հանգստավայր
Մեկ ամիս է՝ ինչ ամառային հանգստի ակտիվ սեզոնը կարելի է համարել բացված: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ՀՀ քաղաքացիները նախընտրում են վայելել իրենց հանգիստը ոչ թե հայաստանյան գեղատեսիլ վայրերում, այլ արտասահմանյան ծովափնյա գոտիներում, քանի որ հայաստանյան ներգնա տուրիզմի գները միջին եկամուտ ունեցող հայի համար շարունակում են անհասանելի մնալ:
Արդյունքում, հանգստանալով արտերկրում, հայերը և՛ գումար են խնայում, և՛ վայելում են ծովափնյա հանգստի առավելությունները, ինչպես նաև ծանոթանում են նոր մշակույթի: Սա է փաստում 168.am-ի անցկացրած փոքրիկ հարցումը տուրիստական գործակալությունների շրջանում: Այս տարվա նախընտրելի ուղղություններն են Վրաստանը, Հունաստանն ու Եգիպտոսը: Մեր անցկացրած հետազոտությունը նաև պարզեց, որ այս ուղղություններն առավել նախընտրելի են, քանի որ գրեթե չկան թղթաբանական քաշքշուկներ և երկար ընթացակարգեր` հանգստի մեկնողը պատվիրում է փաթեթը և մեկնում:
Վրաստանն այս ցանկում ամենամատչելի տարբերակն է. Վրաստանի լողափնյա քաղաքներում տասը օր կարելի է հանգստանալ 400 դոլարին համարժեք դրամով, որը կներառի հյուրանոցը կամ հյուրատունը, սնունդը և ճանապարհածախսը:
Հունաստանում յոթ գիշեր-ութ օր կարելի է հանգստանալ մոտավորապես 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, որն իր մեջ կներառի ավիատոմսը, ապահովագրությունը, վիզայի աջակցությունն ու երկուանգամյա սնունդը: Նույն պայմաններով, սակայն 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, կարելի է հանգստանալ այս սեզոնին շատ ավելի տաք հանգստավայրերում, ինչպիսիք Եգիպտոսն ու Դուբայն են:
Շուկայում հետաքրքիր առաջարկներ կարող են գտնել նաև նրանք, ովքեր ցանկանում են համատեղել ծովափնյա հանգիստն ու եվրոպական մշակույթը, սակայն դա կարժենա մի փոքր ավելի թանկ` 700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Տուրիստական գործակալությունները փաթեթներով առաջարկում են ուղիղ չվերթեր այն դեպքում, երբ գինը չի գերազանցի պահանջարկի շեմը, այսինքն` Հունաստանի, Եգիպտոսի, Դուբայի, Իտալիայի դեպքում ուղիղ չվերթերով փաթեթներ տուրիստական գործակալություններն առաջարկում են գրեթե միշտ: Առաջարկները կարող են տարբեր լինել եվրոպական երկրներում հանգստի ուղղությունների դեպքում, քանի որ ավիատոմսերը Հայաստանից շատ ավելի թանկ են, որոշ ուղղությունների դեպքում՝ նույնիսկ կրկնակի:
Tours.am տուրիստական ծառայության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Հունաստանն ու Եգիպտոսը շարունակում են հայերի համար մնալ ամենահարմար հանգստի ուղղությունները: Դրանք, ըստ ոլորտի ներկայացուցչի, և՛ մատչելի են, և՛ որակյալ: «Ամեն դեպքում, թռիչքների տարբերությունը Երևանից ու Թբիլիսիից բավականին մեծ է` չնայած կան մարդիկ, որ ընտանիքներով են ճամփորդում, և իրենց փոքրիկ երեխաների հետ հարմար չէ Թբիլիսի մեկնելը: Երևանից էլ շատ է Եգիպտոս, Հունաստան չարթերային թռիչքների պահանջարկը, բայց ամեն դեպքում՝ շատ են մեկնում Թբիլիսիից, քանի որ այստեղից տոմսը 800 եվրո է, իսկ այնտեղից՝ ընդամենը 400»,- ասաց տուրիստական գործակալության ներկայացուցիչը:
Կան նաև այնպիսի տուրիստական գործակալություններ, որոնք առաջարկում են փաթեթներ՝ առանց ավիատոմսի՝ Հայաստանից կամ Թբիլիսիից տվյալ հանգստի ուղղությամբ մեկնելու ընտրությունը թողնելով հանգստի մեկողին:
Օրինակ՝ «Գոլդ Թրեվլ» տուրիստական գործակալությունն առաջարկում է մի շարք այդպիսի փաթեթներ. Փարիզի երեքաստղանի հյուրանոցում 8 օր-7 գիշեր հանգստանալ՝ 311 եվրոյին համարժեք դրամով, այս գինն իր մեջ ներառում է նախաճաշը, վիզայի աջակցությունը, SIM քարտն ու ապահովագրությունը: Իսպանիայում, մասնավորապես՝ ամենահայտնի Իբիցա հանգստավայրի երեքաստղանի հյուրանոցում 8 գիշեր-9 օր կարելի է հանգստանալ 517 եվրոյին համարժեք դրամով, գինն իր մեջ կներառի նախաճաշը, վիզայի աջակցությունը, դիմավորում-ճանապարհումն ու SIM քարտը: Հռոմում նույն պայմաններով կարելի է հանգստանալ 373 եվրոյին համարժեք դրամով:
Կա նաև հանգստյան առաջարկ Շարմ-Էլ-Շեյխում, որտեղ 11 գիշեր-12 օր կարելի է հանգստանալ 520 դոլարին համարժեք դրամով. գինն իր մեջ կներառի սնունդը, չորսաստղանի հյուրանոցը, ավիատոմսը՝ Թբիլիսիից, ապահովագրությունը, դիմավորում-ճանապարհումը և SIM քարտը: «Բոգեմա լենդ» տուրիստական գործակալությունը ևս տարբերակներ է առաջարկում՝ և՛ չափազանց որակյալ, և՛ միջին որակի հանգիստ պահանջողներին: Ամբողջական փաթեթները դեպի հունական Ռոդոս կղզի տատանվում են 629-1200 դոլարին համարժեք դրամի սահմաններում: Արաբական Միացյալ Էմիրություններում ևս կարելի է հանգստի մեկնել միջին գներով` 150-200 հազար դրամի սահմաններում, առանց ավիատոմսի:
Նման դեպքերում գնորդը Հայաստանից կամ Թբիլիսիից չվերթերի միջև ընտրության հնարավորություն ունի: Թեև, ըստ հայ օպերատորների, բոլոր թեժ ուղղություններով կան ուղիղ չվերթեր, որոնց ավիատոմսի գնային տարբերությունը շատ մեծ չէ: Մեր փոքրիկ հետազոտությունը պարզեց նաև, որ հայաստանյան հանգստյան գոտիներով հետաքրքրվողները հատուկենտ են, քանի որ տասը օր հանգստի համար բնության գրկում հաճախ անհրաժեշտ է լինում մի քանի հարյուր հազար դրամ, ինչը քաղաքացիները նախընտրում են փոխարինել արտասահմանյան, ծովային հանգստով:
168.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը փորձեց բացատրել Հայաստանի ներգնա տուրիզմի շուկայում առաջացած անկումային իրավիճակի պատճառները:
Այս ոլորտում, ըստ նրա, խնդիրների պատճառը ռազմավարություն չունենալն է: Պիպոյանի համոզմամբ` պետք է հստակ ներգնա տուրիզմի քաղաքականություն մշակել, ինչը մենք չունենք: «Պետական վերահսկողության բացակայությունը բերում է նրան, որ խնդիր է առաջանում: Շատ բարդ գործընթաց է: Մի կողմից՝ երբ տեղականի նկատմամբ խիստ վերահսկողություն չես իրականացնում, մանևրելու տեղ ես թողնում, մի փոքր ավելի ճոխ են ներկայացնում, քան իրականությունն է, թվում է՝ առաջին հայացքից, որ ունենալու ենք տուրիստների հոսք դեպի երկիր: Բայց մյուս կողմից՝ կա մեկ այլ խնդիր: Նույն տուրիստը, ով նախորդ տարի եկել էր, ՀՀ-ում պետք է ստանար այն ծառայությունները, որոնք ինքը տեսել էր գովազդով, ու եկել էր, պոտենցիալ այլ տուրիստների հոսք ապահովող էր դառնալու: Իսկ երբ ինքը դժգոհ է հեռանում, խոչընդոտում է այն հոսքին, որն ինքնաբուխ կարող էր լինել: Պետք է ճշգրիտ հաշվարկ անել, վերլուծություն իրականացնել, ապա մշակել ռազմավարություն և հստակ մոտեցումներ:
Մենք միայն խոսում ենք ռազմավարություն ունենալու մասին, բայց երբ հերթը հասնում է առարկայական արդյունքներ արձանագրելուն, մենք անկման ցուցանիշներ ենք տեսնում: Այս ոլորտում պետական միջամտություն է անհրաժեշտ: Ավիատոմսերը մեծ նշանակություն ունեն տուրիզմի զարգացման հարցում, բայց պետք է հստակ քաղաքականություն ունենալ, պայմանական եմ ասում, Հայաստանը կարող էր դառնալ առողջապահական, ատամնաբուժական տուրիզմի կենտրոն, եթե դրվեր նման նպատակ: Այս ոլորտում անընդհատ նվազող արդյունքների պատճառը ռազմավարության բացակայությունն է»,- ասաց Պիպոյանը: