ԱՄՆ-ի նպատակը Ղարաբաղում նոր պատերազմ թույլ չտալն է. Ալեքսանդր Ռար

«ԵԱՀԿ Մինսկի խմբում կոնսենսուս է ձևավորվել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Ալեքսանդր Ռարը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ և ՌԴ պաշտոնյաների հայտարարություններին, թե պատրաստ են աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և զինադադարի պահպանմանը:

Օրերս ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ ​Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության և Պենտագոնի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում, ըստ նրա, պարզ է դարձել, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղության պահպանման հարցում և պատրաստ է աջակցել համապատասխան կանխարգելման մեխանիզմների ներդրմամբ: Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն ինտենսիվացնելու ժամանակն է: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում քիչ է պատահում, երբ ռուսական և ամերիկյան կողմերը զուգահեռաբար սկսում են նույն տեսակետները հայտնել: Ալեքսանդր Ռարը վերահաստատեց իր այն միտքը, որ հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն, այսինքն` հակամարտության չկարգավորվածությունը, ձեռնտու է գործընթացի միջնորդ բոլոր երկրներին: Պարզապես, նրա խոսքով, ներկայումս և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը կանգնած են գլոբալ մարտահրավերի առջև՝ ի դեմս «Իսլամական պետության», ինչը փոխել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, վերջին օրերին՝ Թուրքիայում ևս, դեռևս վերջնականապես չի կարգավորվել ուկրաինական հակամարտությունը: Կողմերը, ըստ գերմանացի վերլուծաբանի, գերզբաղված են այս խնդիրներով: «Նախկինում ասել եմ, որ ԼՂ հակամարտության գոտում առաջընթացի ապահովումը կողմերի համար գերնպատակ չէ, սակայն միևնույն ժամանակ՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Եվրոպան չեն ցանկանում լարվածության նոր օջախ ունենալ Հարավային Կովկասում, իսկ դա կանխելու նպատակով պետք է փորձեն ինտենսիվացնել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: ԱՄՆ-ի նպատակը տարածաշրջանում նոր պատերազմ թույլ չտալն է:

Այս նպատակի շուրջ, ըստ էության, Մինսկի խմբում կոնսենսուս է ձևավորվել, իսկ կարգավորման դետալների շուրջ կան տարբեր մոտեցումներ, կարգավորումը մեկ այլ բան է ենթադրում Ռուսաստանի դեպքում, մեկ այլ բան` Արևմուտքի դեպքում: Սկզբունքների դեպքում ևս կա այս խնդիրը, Ռուսաստանը կարևորում է մեկ սկզբունք, իսկ Արևմուտքը` մեկ այլ»,- ասաց Ալեքսանդր Ռարը` Արևմուտքի քայլերը զուտ ժամանակավոր և տակտիկական որակելով: Վերջինիս խոսքով` միջնորդներն ակտիվացել են, քանի որ կողմերը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի վտանգավոր են դարձրել շփման գիծը, ինչը փորձագիտական հանրությանը, պաշտոնյաներին, դիվանագետներին ստիպում է մտածել, որ կա հակամարտության շատ ավելի թեժ ու լայնամասշտաբ փուլի մեկնարկի հավանականություն: Սակայն, ըստ գերմանացի փորձագետի, այս փուլում այդ վտանգը վերացվեց: Իսկ տևական խաղաղության հասնելու համար, Ռարի համոզմամբ, նոր մեխանիզմներ են պետք և ԵԱՀԿ-ի գործուն միջամտությունը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս