![](/banners/BeFunky-design.jpg)
«Մենք վերելակի պահակը չենք, որ կողքին կանգնենք և հասկանանք՝ երեկ ինչ վիճակում էր, վաղը ինչ վիճակում կլինի». Լուսինե Հովհաննիսյան
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/Lusine-Hovhannisyan-AIN.jpg)
ՏԿԱԻՆ տեխնիկանան անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ վերելակները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ, գրանցված են համատիրությունների կազմում և տեխնիկական անվտանգության փորձաքննության պայմանագիր իրենց կազմակերպությունը կնքում է շահագործողի հետ, այսինքն՝ համատիրության:
«Կան համատիրություններ, որոնք փորձաքննության պայմանագիր չեն կնքում, որոնք խուսափում են փորձաքննությունից: Այս տարի Բաշինջաղյան փողոցում տեղի ունեցած մահացու ելքով դժբախտ պատահարից հետո կարծես թե զգոնությունը թե համատիրությունների, թե բնակիչների մոտ մի փոքր ավելացավ և փորձաքննության տեմպերն ավելի շատացան: Տարեկան առնվազն մեկ անգամ ցանկացած արտադրական վտանգավոր օբյեկտ ենթարկվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության: Բայց սպասարկող կազմակերպությունները պետք է իրականացնեն օրական, շաբաթական և ամսեկան ստուգումներ: Մենք վերելակի պահակը չենք, որ կողքին կանգնենք և հասկանանք՝ երեկ ինչ վիճակում էր, վաղը ինչ վիճակում կլինի: Մենք վերելակի տեխնիկական վիճակը գնահատում ենք այդ պահի դրությամբ, երբ կնքված է համապատասխան փորձաքննության պայմանագիր և փորձագետն իրականացնում է իր աշխատանքը»:
Մասնագետը նկատեց՝ վերելակների շահագործման առանձնահատկություններից մեկն այն է, որ ով այդ պահին գտնվեց վերելակի խցիկում, հենց ինքն էլ հանդիսանում է այդ պահին շահագործող. «Բացի դրանից՝ վերելակներն այնպիսի փոխադրող միջոց են, որոնք աշխատում են գերծանրաբեռնվածությամբ: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ վերելակների սպասարկման ոլորտում ունենք մասնագետների խնդիր. էլեկտրոմեխանիկները մեծահասակներ են, աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Փաստացի շատ տեղերում չունենք տեխնիկական սպասարկում, ունենք վթարային ծառայություններ, բայց ուղղակի զննել և հասկանալ վերելակի տեխնիկական վիճակը, շատ դժվար է: Ունենք պահեստամասերի խնդիրներ, որոնց ներկրումը թանկ է ու ժամանակատար: Բացի այդ՝ վերելակներին խնամքով չենք վերաբերվում: Մարդատար վերելակներն ուղղակի օգտագործում են որպես բեռնափոխադրող միջոց»: