Բաժիններ՝

Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ծաղկաձորում վերջին մարզումներն է անցկացնում Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:

Եվրոպայի առաջնությունն այս տարվա ամենակարևոր ստուգատեսներից մեկն է, որտեղ 1- 6-րդ տեղերը գրաված բռնցքամարտիկները կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր, իսկ Աշխարհի առաջնությունում էլ արդեն կփորձեն ձեռք բերել օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք:

Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի բոլոր՝ 10 քաշային կարգերում: Իսկ 49 կգ քաշային կարգում հանդես կգա Հայաստանի գործող չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը:

52 կգ քաշային կարգում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի պատանիների Աշխարհի և Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը: 56 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա 2013 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը, 60-ում՝ Սամվել Բարսեղյանը: 64 կգ քաշային կարգում Աշխարհի առաջնության ուղեգրի համար կպայքարի Հովհաննես Բաչկովը:

69-ում ասպարեզ դուրս կգա այս տարի Խաբարովսկի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած Վլադիմիր Մարգարյանը: 75 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի 2014 թվականի Հայաստանի լավագույն բռնցքամարտիկ ճանաչված Արման Հովհիկյանը, 81-ում՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Նիկոլ Արությունովը: 91 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության ուղեգրի համար կպայքարի Հենրիկ Սարգսյանը, իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ռաֆայել Սիմոնյանը: Հայաստանի հավաքականը Բուլղարիա կմեկնի օգոստոսի 4-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս