Դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանին
2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործերն ընթացքի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ այս գործերն ակտիվ փուլում են. իրենց գանգատը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Հայկ Ալումյանն ասաց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արտակ Բուդաղյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, իսկ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է իրենց բողոքների քննությունը: Ըստ փաստաբանի՝ երկու գործերի քննությունն արհեստականորեն հետաձգվել է. մեկը՝ մինչև օգոստոսի 12-ը, մյուսը՝ մինչև օգոստոսի 6-ը:
Հայկ Ալումյանն ասաց, որ գործերի քննությունն այդքան հետաձգվել է հավաբանար այն պատճառով, որ այս փուլում մամուլն ավելի պասիվ է, հասարակությունը՝ ևս, և, հավանաբար, պատրաստվում են հերթական անարդար որոշումները կայացնել:
Հայկ Ալումյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով էլ մեղադրանք է առաջադրվել Արայիկ Բուդաղյանին. դատարանի որոշմամբ նա կալանավորվել է: Նրա խոսքով՝ մեղադրանքը բացարձակապես հիմք չունի:
«Դատարանները շատ հնազանդ ձևով հետևում են Ազգային անվտանգության ծառայության միջնորդություններին, այսինքն՝ առանց որևէ հիմքի կալանավորեցին Արա Բուդաղյանին, իսկ երեկ չէ առաջին օրն էլ առանց որևէ հիմքի մերժեցին գրավ կիրառելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը»,- ասաց Հայկ Ալումյանը: