Թուրքիա-ջիհադիստներ պատերազմն ամբողջությամբ չի շրջանցի Հայաստանը. Վիգեն Չետերյան
168.am-ի զրուցակիցն է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան, արևելագետ Վիգեն Չետերյանը:
– Պարոն Չետերյան, Թուրքիայի մի շարք քաղաքներում շարունակվում են բախումները Ոստիկանության և արմատական ձախական խմբերի ներկայացուցիչների միջև, որոնք բողոքում են Թուրքիայի իշխանությունների և «Իսլամական պետություն» խմբավորման համագործակցությունից, այնինչ Թուրքիան Սուռուչի ահաբեկչությունից հետո իբրև թե արշավ է հայտարարել «Իսլամական պետության» դեմ՝ մեկտեղելով ջանքերն Արևմուտքի հետ: Ի՞նչ է կատարվում Թուրքիայում:
– Թուրքիան ձախական շարժումների մեծ ավանդույթ ունի հատկապես 1970-1980-ական թթ. սկսած, երբ տեղի ունեցավ զինվորական հեղաշրջումը: Այս խավերն արմատապես դեմ են Էրդողանի քաղաքականությանը Միջին Արևելքում և հատկապես՝ նրա համագործակցությանն իսլամական, ռադիկալ ուժերի հետ: Այստեղ ամեն ինչ պարզ է` Թուրքիայում կան շատ ուժեր, որոնք դեմ են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը Մերձավոր Արևելքում:
Իմ կարծիքով` ավելի կարևոր է այստեղ վերլուծել Թուրքիա պետության քաղաքականությունը: Թուրքիան Սուռուչի ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 32 մարդ սպանվեց, երկու շատ կարևոր փոփոխության դիմեց: Առաջինը` հայտարարեց, որ գործնական կերպով միանում է Միացյալ Նահանգների «Իսլամական պետության» դեմ տարվող պայքարին, թույլ տալով ամերիկյան օդուժին օգտագործել իր օդակայաններն ԻՊ-ի դեմ, Թուրքիան ինքը` թե իր բանակը, թե իր օդուժը, գործողությունների դիմեց ԻՊ-ի դեմ: Այս ամենը որքանո՞վ է լուրջ, դեռ չգիտեմ, պետք է սպասել: Սա նոր խա՞ղ է, տակտիկական որոշո՞ւմ է, թե՞ ռազմավարական, այսինքն` Անկարայի պատերազմը ԴԱԻՇ-ի դեմ, դժվար է ասել: Կարևոր է, որ Անկարան խոստովանում է հանրայնորեն, որ իր քաղաքականությունը վերջին 3-4 տարիների ընթացքում ձախողվել է, այն նպատակները, որոնք Թուրքիան հետապնդում էր և պետք է իրականացներ Մերձավոր Արևելքում ԴԱԻՇ-ի միջոցով, ձախողվել են, չեն իրականացել:
Իսկ երկրորդ՝ ավելի կարևոր հանգամանքն այն էր, որ Թուրքիայի օդուժը սկսեց ռմբակոծել Քրդական Աշխատավորական կուսակցության կայանները, 2013թ. հունվարի զինադադարից հետո առաջին անգամ: Այսինքն` Էրդողանի վարչակարգը սրանով ևս խոստովանեց, որ իր ամենակարևոր երկու քաղաքական «ընտրւթյուններն» ձախողվել են` քաղաքականությունն իսլամիստների հանդեպ և քաղաքականությունը PKK-ի հանդեպ: Ընտրությունների ձախողումից հետո սրանք շատ կարևոր փոփոխություններ են Թուրքիայում, որոնք դեռ վերլուծել է պետք:
– Տեսակետներ են հնչում, որ Թուրքիան անկեղծ չէ ԻՊ–ի դեմ պայքարում: Փաստորեն, Դուք ևս նման կասկածներ ունեք:
– Քաղաքականության մեջ ամեն բան հնարավոր է: Այն հենքը, որի պատճառով Թուրքիան փոխեց իր քաղաքականությունը, համոզիչ չէ: ԴԱԻՇ-ը թիրախավորեց ձախակողմյան, քրդական ուժերին Սուռուչում, ահաբեկչության ենթարկեց, սակայն, ակնհայտ է, որ դա խնդիր չէր Անկարայի համար, այսինքն` ԴԱԻՇ-ը հարձակվեց Էրդողանի վարչակարգի թշնամիների վրա, և դա բավարար պատճառ չէր, որպեսզի Էրդողանը բարկանար ԴԱԻՇ-ի վրա, դա պատճառ չէր, որպեսզի Անկարան պատերազմ հայտարարեր ԴԱԻՇ-ին: Բայց, միևնույն ժամանակ, Անկարայի փոփոխությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի քաղաքական նպատակներն իրականացնելու հարցում ԴԱԻՇ-ը ձախողվել է:
Դիտարկենք, թե ինչ պատահեց Սիրիայում: ԴԱԻՇ-ը չկարողացավ վերցնել Քոբանին, քրդերը ԴԱԻՇ-ից վերցրին Թել-Աբիաթ քաղաքը, այսինքն` իրենց կենտրոնական տարածքները Սիրիայի հյուսիսում Քոբանի շրջանում, ապա այդ քաղաքը կապեցին Ղամիշլի շրջանի հետ: Այս օրերին պարզ դարձավ նաև, որ ԴԱԻՇ-ը չկարողացավ վերցնել Հացակի քաղաքը, այսինքն` այնտեղ դարձյալ պարտվեց: Ես Թուրքիայի որդեգրած նոր քաղաքականությունը կապում եմ նրա հետ, որ ԴԱԻՇ-ը, իբրև գործիք, չկարողացավ ծառայել Թուրքիայի քաղաքական նպատակներին: Այսինքն` Թուրքիայի քաղաքականության փոփոխությունը պետք չէ պայմանավորել Սուռուչի ահաբեկչությամբ:
– Եթե ենթադրենք, որ իսկապես հակամարտություն է առաջացել Թուրքիայի և ջիհադիստների միջև, «Իսլամական պետությունը» թիրախավորելո՞ւ է Թուրքիային, ի՞նչ պետք է սպասել նման հակամարտությունից, եթե հաստատվեն այդ մասին կասկածները, տեղեկությունները:
– Եթե դիտարկենք վերջին 20-30 տարվա պատմությունը, կտեսնենք, որ նման ռադիկալ, ջիհադիստ ուժերն ի վերջո դուրս են եկել իրենց դաշնակիցների և հովանավորների դեմ: Այսինքն` այն, ինչ պատահեց Պակիստանի հետ, ի վերջո, այնտեղ Ալ-Քաիդան սկսեց հարձակվել Պակիստանի վրա, նույնը պատահեց Սաուդիան Արաբիայի հետ, Սիրիայի հետ, Սիրիայի ռեժիմը նույնպես փորձեց օգտագործել ջիհադիստ ուժերին, բայց, ի վերջո, այդ ուժերը դուրս եկան Սիրիայի ռեժիմի դեմ: Ես կարծում եմ, որ այս ամենը հանգեցնելու է Թուրքիա-ջիհադիստներ պատերազմի: Ես պարզապես ապշած եմ այն բանից, որ Թուրքիայի իշխանությունները կարծեցին, թե իրենք ավելի խելացի են, քան, օրինակ, Պակիստանի ռազմական մտավորականությունը: Պակիստանն այդ նույն ուղով անցավ ,և, ինչպես կարելի էր կարծել, թե Թուրքիան չի հայտնվի ջիհադիստների թիրախում այն դեպքում, երբ աթաթուրքյան քաղաքականությունը միշտ փորձել է չմիջամտել միջինարևելյան գործերին, զարգացումներին և երբևէ չի առնչվել այդ ուժերի հետ, չունի այդ ուժերի հետ գործակցության փորձ և գիտելիք: Թուրքիան չուներ այդ փորձառությունը և մտավ խաղի մեջ, որն իր համար մեծ վտանգներով էր լի ի սկզբանե:
– Ձեր կանխատեսած պատերազմը Հայաստանի համար ի՞նչ հետևանքներով է լի:
– Այսօր դժվար է նման հարցի պատասխանել, քանի որ չկան տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլինի վերլուծություններ անել: Չեմ կարծում, որ Թուրքիայում ջիհադիզմը և Թուրքիա-ջիհադիստներ պատերազմը կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Ամեն դեպքում, եթե նույնիսկ լինի ազդեցություն, այն սահմանափակ է լինելու, քանի որ նման շարժումների համար Հայաստանում հիմք, հող չկա: Հայաստանում չկան նման ուժեր, որպեսզի Հայաստանը, թեկուզև չցանկանալով, ներքաշվի նման պատերազմում կամ ազդվի: