Էլեկտրականության սակագինը Վրաստանում ամենացածրերից մեկն է տարածաշրջանում. Ղարիբաշվիլի
Վրաստանում էլեկտրականության սակագինը ամենացածրերից մեկն է տարածաշրջանում ու այդպիսին կմնա անգամ թանկանալուց հետո, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ընդ որում, նա հաստատել է, որ սակագնի բարձրացման որոշումը, որը ավելի վաղ ընդունվել էր շրջանների համար, սպասվում է նաև Թբիլիսում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Եթե Վրաստանի էներգետիկայի ու ջրամատակարարման ազգային հանձնաժողովը (GNERC) չկայացնի սակագնի բարձրացման մասին որոշում, ընկերությունները չեն կարողանա բնակչությանն ապահովել էլեկտրաէներգիայով անխափան ռեժիմով: Ենթադրաբար, սակագնի բարձրացում սպասվում է նաև Թբիլիսիում»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:
Օգոստոսի 1-ից Վրաստանի շրջաններում էլեկտրաէներգիայի սպառողական սակագինը Energo-Pro Georgia-ի բաժանորդների համար կբարձրանա 3,95 տետրիով/կՎտժ (1,75 ցենտ/վՎտժ):
Սակագների վերանայման հարց են ներկայացրել հանձնաժողովին նաև «Թելասի» ընկերությունը ու սնանկության եզրին գտնվող «Կախեթի դիստրիբյուտորական ընկերությունը»:
Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ 3 տարի առաջ, երբ իշխանության էր եկել իշխող «Վրացական երազանք» կոալիցիան, հնարավորություն էր ստեղծվել սակագինը ցածրացնել մոտավորապես 4 տետրիով: Նախաձեռնության հեղինակն այդ ժամանակ դարձել էր Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: