Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական միության կայացումն արգելակվում է ուկրաինական ճգնաժամի պատճառով. գերմանացի քաղաքագետ

«ԵՏՄ-ում առաջիկայում ընդլայնում չի սպասվում»,- այս մասին այսօր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած  առցանց հարցազրույցի ժամանակ ասաց «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի հեղինակավոր քաղաքագետ Ալեքսանդր Ռարը` անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարայնությանը:

Նա նշեց, որ ԵՏՄ կայացման գործընթացն արգելակվում է ուկրաինական դեպքերի պատճառով: Բայց, ըստ նրա, ԵՏՄ-ն ամրապնդվելու է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերի շնորհիվ: Ըստ գերմանացի քաղաքագետի`  Ղազախստանին ԵՏՄ-ն իրապես անհրաժեշտ է Եվրոպայի հետ կապերի  համար, Բելառուսի դեպքում  ԵՏՄ-ն տնտեսական ապրուստի հարց է, Ղրղըզստանի և Տաջիկստանի համար` ևս:

Դիտարկմանը, թե ի՞նչ իմաստ ուներ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունը, երբ այդ կառույցը չի զարգանում, նա արձագանքեց՝ ասելով, թե պետք է հարցնել հույներին և պորտուգալացիներին, թե ի՞նչ էական արդյունք է տվել նրանց ԵՄ անդամակցությունը: «Կարծում եմ, որ Հայաստանը չէր ցանկանա դուրս մնալ տարածաշրջանային տնտեսական բլոկերից, երբ աշխարհի բոլոր երկրներն ինչ-որ կերպ ինչ-որ տեղեր ինտերգրվում են»,- ասաց Ռարը:

Անդրադառնալով ԵՏՄ ընդլայնմանը` ասաց, որ Ադրբեջանը կարող է միանալ ԵՏՄ-ին այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ իր մերձեցումն ամբողջությամբ կդադարեցվի: «Ադրբեջանին կարող է հետաքրքրել նոր եվրասիական էներգետիկ շուկան, որը ձևավորվում է Ռուսաստանի և Չինաստանի կողմից, և որին կմիանա ողջ Միջին Ասիան, գուցե Հնդկաստանը, Պակիստանը: Թուրքիան  ՇՀԿ-ում դիտորդ երկրի հավանական թեկնածու է: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեն  էներգետիկ հարցերի շուրջ: Իրանը ՇՀԿ անդամ դառնալու բոլոր հնարավորություններն ունի»,- ասաց Ռարը՝ շարունակելով, որ Սիրիան չի միանա ԵՏՄ-ին, քանի որ աշխարհագրությունը և աշխարհաքաղաքականությունը թույլ չեն տալիս: Սակայն, նրա խոսքով, Սիրիան կարող է ՇՀԿ-ի օրակարգում հայտնվել:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ԲՐԻՔՍ-ի և ՇՀԿ-ի հեռանկարայնությանը, բազմաբևեռ աշխարհի ձևավորման իրատեսականության մասին գնահատականներին, նա ասաց, որ ԲՐԻՔՍ-ը բազմաբևեռ աշխարհի կայացման խորհրդանիշն է: «Նման մտադրություն ունեն Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի նախագահները: Չեմ կարծում, որ տասը տարի անց աշխարհը կշարունակի մնալ միաբևեռ: Հարցը պարզապես այդ աշխարհի կառուցվածքի մեջ է: ԲՐԻՔՍ-ը՝ դժվար թե: Հնարավոր է նոր երկբևեռ համակարգ` ԱՄՆ-Չինաստան, Հնարավոր է Չիմերիկա: Հնարավոր է  նոր Եվրասիա Ռուսաստանի հետ՝ չինական առաջնորդությամբ: Ինչ վերաբերում է ՇՀԿ-ին, ապա դա ավելի լուրջ կազմակերպություն է: Կազմակերպությունը լուրջ խնդիրներ է իրականացնում  Աֆղանստանում իրավիճակի կայունացման նպատակով: ՇՀԿ-ն պարզապես ռուս-չինական պրոյեկտից վերածվում է  գործունակ մի ճարտարապետության, որը կապում է եվրասիաչինական տարածքը Մերձավոր Արևելքին»,- ասաց Ռարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս