Մոուրինյոյին դուր չի գալիս Կասիլիասի աշխատավարձի չափը
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չեն գալիս պորտուգալական «Պորտուի» կատարած ծախսերը։ Մոուրինյոն մասնավորապես դժգոհել է թիմի նորեկ Իկեր Կասիլիասի աշխատավարձի չափից՝ նշելով, որ 2.5 միլիոն եվրոն ակումբի համար հսկայական գումար է:
«The Guardian»-ը մեջբերում է պորտուգալացու խոսքը, որտեղ նա նշում է, որ իր համար անընդունելի է դարպասապահին այդքան շատ գումար վճարելը:
«Ակումբն արդեն 20 մլն եվրո ծախսել է Ժանելի Իմբուլայի վրա, իսկ այժմ պատրաստ է նման գումար վճարել դարպասապահին։ Չպետք է այդքան գումար ծախսել ֆուտբոլի վրա, տրանսֆերային ոլորտը շատ ուռճացված է:
Եկեք չմոռանանք, որ Պորտուգալիան բարդ տնտեսական իրավիճակում է գտնվում: Ֆուտբոլը կարծես երկրից առանձին լինի ու չհարի նրա խնդիրներին»,- ասել է Մոուրինյոն:
Մամուլում այս հայտարարությունը քննարկումների առիթ տվեց: Շատերը նշում են, որ մեծն Մուին դուր չի եկել, ոչ թե այն, որ իր նախկին ակումբը մեծ գումարներ է ծախսում, այլ այն, որ ակումբն այդ գումարները ծախսում է հենց Կասիլիասի համար:
Սիրարփի Աղաբաբյան