«Չեմ հասկանում՝ ինչի՞ վրա են հույս դրել, որ հիմա էլ լույսի թանկացման ֆոնին գազի ակցիզի մասին են խոսում». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հեղուկ գազի ակցիզավորումը միանշանակ հանգեցնելու է տրանսպորտի գնի թանկացման, կթանկանան նաև տաքսի ծառայությունների գները», – մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միանշանակ գծատերերը առիթը բաց չեն թողնի թանկացման խնդիրը նորից արդիական դարձնելու համար:

«Կան խղճով գծատերեր, բայց, իհարկե, նրանք սնանկացման եզրին են և գազի ավել գումար տալով՝ օբյեկտիվորեն իրենք էլ կկանգնեն թանկացման հարցի առաջ», – մանրամասնեց նա՝ հավելելով, թե արդեն պարզ է, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքի վերջնական ընդունումից հետո գծատերերից շատերը ասուլիս են անելու՝ առաջ քաշելով ուղևորափոխադրման գնի բարձրացման հարցը՝ առաջարկելով այս անգամ նվազագույնը 200 դրամի առաջարկը:

Տ. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ գազի համար ակցիզ է սահմանվել 8330 դրամ՝ հազար խմ-ի համար, մինչդեռ մինչ այժմ որևէ ակցիզ հեղուկ գազի համար չկար: «Չեմ հասկանում՝ ինչի՞ վրա են հույս դրել, որ հիմա էլ լույսի թանկացման ֆոնին գազի ակցիզի մասին են խոսում, ակցիզի գումարը խորհրդանշական չէ, ինչպես պնդում են, 1 լիցքավորման համար 200 դրամ թանկացումը էական թանկացում է՝ չհաշված, որ մեծ բալոնների դեպքում այլ գումար կարող է լինել, հաշվեք տաքսին քանի անգամ է օրը լիցքավորվում, կամ երթուղայինները», – նշեց նա»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս