Բաժիններ՝

Ադրբեջանը գուցե չվախենա փոքրիկ պատերազմից. Սկակով

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ գերտերությունները համակարծիք են»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Էրիկ Ռուբինի դիտարկումներին և օգոստոս ամսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության բռնկման հնարավորությանը:

Ի դեպ, Վաշինգտոնի Բրուքինգս համալսարանում  իր ելույթում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը հայտարարել է, որ չկա և երբեք չի լինի Լենային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տևական և բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, և հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար: «Գոյություն չունի ավելի լավ լուծում, բոլոր մյուսներն այնքան սարսափելի են, որ դրանք չարժե նույնիսկ դիտարկել», – նշել է Ռուբինը: Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Մադրիդյան սկզբունքների համաձայն:

Ալեքսանդր Սկակովը նշեց, որ ամերիկացի դիվանագետների հայտարարությունները և դիտարկումները նախազգուշական նպատակ ունեն: Ըստ նրա` հաշվի առնելով լարվածության բռնկման վտանգը և այն, որ առջևում օգոստոսն է, որը Հարավային Կովկասի համար լարված սեզոն է, ամերիկացի դիվանագետները փորձում են սթափեցնել կողմերին, հորդորելով հավատարիմ մնալ կարգավորման Մադրիդյան սկզբունքներին, որի շրջանակներում էլ ամերիկացի համանախագահը հղում է կատարել «օկուպացված տարածքների վերադարձ»-ի հարցին` իրականում կարևորելով ոչ թե անջատ միայն այդ սկզբունքն, այլ Մադրիդյան սկզբունքների ողջ փաթեթը:

Ռուսաստանցի վերլուծաբանի համոզմամբ` լարվածության աճի վտանգ կա և կար դեռևս մի քանի ամիս առաջ, պարզապես Բաքվում անցկացված Եվրոպական խաղերը զսպեցին Ադրբեջանի իշխանությունների գայթակղությունը: Սկակովի կարծիքով`  Ադրբեջանում գլուխ բարձրացող լուրջ տնտեսական խնդիրներն, իսլամական սպառնալիքը պարզապես ստիպում է իշխանություններին ներքին լարվածությունը տեղափոխել  այլ հարթություն` արտաքին դաշտ:

«Նախկինում ևս ասել եմ, որ ավտորիտար իշխանությունների դեպքում երկրում առաջացած խնդիրները գայթակղում են սկսել լայնածավալ սադրանքներ արտաքին բևեռում: Չեմ բացառում, որ Ադրբեջանը գնա նման լայնածավալ սադրանքների: Բայց լիահույս եմ, որ Ադրբեջանի իշխանությունները կհասկանան, որ լայնածավալ սադրանքները կարող են ուժեղացնել Ադրբեջանի մյուս գոտիներում առկա խնդիրների բռնկման վտանգը: Իմ համոզմամբ` այս գիտակցումը Բաքվում կա վաղուց, ուստի չեմ բացառում միայն փոքրիկ պատերազմի ուղղությամբ Ադրբեջանի փորձերը, որոնց վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումներն այսօր համընկնում են, քանի որ կան առաջնայնություններ, ինչպես ուկրաինական ճգնաժամ, միջուկային համաձայնություն, իսլամական սպառնալիք և այլն, և այլն»,- մեկնաբանեց Ալեքսանդր Սկակովը:

Հիշեցնենք` ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15 կմ խորության վրա: Հաղորդագրությունում ասվում է. «ԼՂՀ պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում դրանց ուղերթին:

ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ: Արցախի երկինքն անվտանգ է և անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս