Ադրբեջանում քաղաքացիական հասարակության կայուն զարգացումը վատթարացել է. USAID
Մի քանի տարվա կայունությունից հետո 2014 թվականին Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ինսիտուտների կայուն զարգացումը վատթարացել է: Երկրի կառավարությունը ռազմավարական ու համակարգային միջոցառումների արդյունքում ստիպել է լռել այլընտրանքային հայացքները, ինչը շարունակվում էր անգամ այն բանից հետո, երբ 2014 թվականի մայիսին Ադրբեջանը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը:
Այս մասին ասվում է USAID-ի (ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն) պատրաստած «Ադրբեջան. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն զարգացման ինդեքս» զեկույցում, որը պատրաստվել է փորձագիտական հարցման հիման վրա:
Նշվում է, որ քաղաքացիական հասարակության մթնոլորտի վատացումը տեղի է ունեցել նավթի համաշխարհային գների կտրուկ նվազման ֆոնին, ինչի հետևանքով երկրում տնտեսական անկում էր գրանցվել:
Իրավիճակի վատթարացման վրա ազդել են նաև Ադրբեջանում 2013թ. վերջին «Դրամաշնորհների մասին», «ՀԿ-ների մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքներում կատարված փոփոխությունները:
Փաստաթղթում արձանագրվում է, որ 2014 թվականը ուղեկցվել է աննախադեպ կալանավորումներով, արտասահման գնալու արգելքներով, տեղի ու արտասահմանյան ՀԿ-ների աշխատանքներին միջամտելու փաստերով: Շատ քիչ թվով ՀԿ-ներ են կարողացել գրանցվել երկրի արդարադատության նախարարությունում:
Նշվել է, որ Ադրբեջանից հեռացել են մի շարք դոնորական կազմակերպություններ՝ IREX-ը, NDİ-ը, Սորոսի հիմնադրամը:
ՀԿ-ների շուրջ ձևավորված բացասական մթնոլորտի հետևանքով վատացել է նաև քաղաքացիական հասարակության «հասարակական իմիջը»: