Բաժիններ՝

Ռուսաստանը չի՞ խոչընդոտի ՀՀ-Իրան հարաբերությունների ընդլայնմանը

Հուլիսի 14-ին կայացավ Իրան-«Վեցյակ» պատմական համաձայնությունը. Իրանը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Ըստ ԶԼՄ-ների` Իրանը համաձայնել է Թեհրանի կողմից «Վեցյակի» հետ համապարփակ համաձայնագիրը չկատարելու դեպքում ՄԱԿ-ի կողմից 65 օրվա ժամկետում պատժամիջոցների վերականգնման հնարավորությանը։ Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները կվերացնի 8 տարի անց կամ իրանական ատոմի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ընդգրկուն եզրակացության տրամադրումից հետո։

Reuters-ի վկայակոչմամբ` կողմերը պայմանավորվել են, որ Իրանին զենք մատակարարելու ՄԱԿ-ի էմբարգոն ուժի մեջ կմնա` առաջիկա 5 տարվա, իսկ հրթիռների և տեխնոլոգիաների մատակարարման էմբարգոն` 8 տարվա ընթացքում։ Իրանի միջուկային ոլորտում գիտական հետազոտությունների վրա սահմանվող սահմանափակումները կպահպանվեն ութ տարով։ Իրանը համաձայնել է 15 տարվա ընթացքում ուրանը 3.67 տոկոսից բարձր չհարստացնել։

Հաղորդվում է նաև, որ Իրանի և «Վեցյակի» համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունումից 90 օր անց։ Բանակցությունների ավարտից անմիջապես հետո բանաձևի համապատասխան նախագիծը կուղարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ին` անհապաղ ընդունման համար։

Պատժամիջոցներից ձերբազատված Իրանը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի համար։ Այս կարծիքին է նաև իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանը բարեկամական, գործընկեր երկիր է եղել Իրանի համար դժվարին տարիների ընթացքում, ինչը պետք է գնահատվի Իրանի իշխանությունների կողմից։ Ըստ նրա` պատժամիջոցների տարիների ընթացքում ՀՀ-ն ցույց է տվել, որ Իրանի նկատմամբ հստակ դրական դիրքորոշում ունի, ավելին` հաճախ է Իրանի հետ բարեկամական հարաբերությունների պատճառով ենթարկվել գերտերությունների ճնշումներին։ «Բնականաբար, պետք է ակնկալել, որ Իրանի ապամեկուսացումից հետո այս հանգամանքը հաշվի կառնվի իրանական վերնախավի կողմից, և իրանական քաղաքականություն ուրվագծողները Հայաստանի հետ հարաբերությունների նոր ներուժը կգնահատեն։ ՀՀ-ի գործընկեր և բարեկամական երկրի ցանկացած հաջողություն պետք է դիտարկվի` որպես Հայաստանի համար նպաստավոր հանգամանք, խոսքը վերաբերում է թե քաղաքականությանը, թե տնտեսությանը` հատկապես Հայաստանի շրջափակման պայմաններում»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։

Ինչ վերաբերում է Իրանի նոր դերի նկատմամբ տարածաշրջանային մյուս խաղացողների արձագանքներին, ապա, ըստ իրանագետի, Մերձավոր Արևելքում շահերի բախման մի քանի օջախներ կան` Իրան-Իսրայել, Սաուդիան Արաբիա-Իրան, սակայն այս հակասությունները կմարեն տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում, քանի որ Սաուդիան Արաբիան և Իսրայելը ստիպված կլինեն հաշվի նստել տարածաշրջանում ձևավորվող նոր օբյեկտիվ իրականության հետ` վերակառուցելով իրենց հարաբերությունները, քաղաքական ուղեգծերը, հաշվի առնելով այս հանգամանքները։ «Կա նաև ենթադրություն, որ հնարավոր է` ժամանակին անհավանական թվացող Սաուդիան Արաբիա-Իսրայել դաշինքի ձևավորում, բայց նույնիսկ նման մտադրության իրականացման դեպքում Իրանի դերն աճելու է, և դա, կրկնեմ, օբյեկտիվ իրականություն է, այդ իրականությունը հաշվի առնելով` քաղաքական ուղեգծերի փոփոխություն, վերանայում և վերակառուցում է սպասվում»,- ասաց Ոսկանյանը։

Անդրադառնալով խոսակցություններին, թե Ռուսաստանը կարող է սահմանափակել Իրան-Հայաստան հարաբերություններում սպասվող նոր հնարավորությունների իրագործումը` նա նշեց, որ ռուսական վերլուծական շրջանակներում կան թե՛ դրական, թե՛ բացասական շեշտադրումներ Իրանի նոր դերի առնչությամբ։

Ոսկանյանը նկատեց, որ «Վեցյակի» կողմից ՌԴ-ն ներկայացնող ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Իրան-«Վեցյակ» համաձայնությունը, սակայն, բնական է, եթե ՌԴ-ն Իրանին դիտարկի իր համար մրցակից պետություն։ «Այս համատեքստում մենք մեր հարաբերություններն Իրանի հետ կառուցելիս` պետք է նախևառաջ նկատի ունենանք մեր շահերը, անշուշտ, հաշվի առնելով տարածաշրջանային այլ խաղացողների շահերը։ Պետք է մի բան նկատի ունենալ, որ ՀՀ-Իրան փոխգործակցության հնարավոր ընդլայնման պայմաններում ավելի ճիշտ կլինի, եթե ռուսական կողմը մասնակցի, ինչ-որ առումով ներգրավվի այս գործընթացներում, քան խոչընդոտի, քանի որ դա բխում է նաև ՌԴ շահերից, քանի որ ՀՀ-ն դաշնակից երկիր է, և ենթադրվում է, որ ցանկացած դաշնակցի համար իր գործընկերոջ հզորացումը ձեռնտու հանգամանք է, սա հնարավորություն է տալիս հանդես գալ կառուցողական գործողությունների դաշտում։ Ենթադրենք` Հայաստան-Իրան երկաթուղու հարցում ռուսական աջակցություն ստանալ, այս ծրագրում ռուսական մասնակցությունը կարող է ձեռնտու լինել նաև Ռուսաստանին, քանի որ, այսուհանդերձ, այդ երկաթուղին ունի կենսական նշանակություն, անհրաժեշտություն, և ամեն ջանք ՀՀ-ն պետք է գործադրի համապատասխան ներդրողներ ներգրավվելու և այս ծրագիրը կյանքի կոչելու համար, ուստի ավելի ճիշտ կլինի մասնակցությունը, այլ ոչ թե մերժումը բոլոր ուղղություններով»,- մեկնաբանեց Վարդան Ոսկանյանը։

Մեզ հետ զրույցում, իր հերթին` Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նշեց, թե չի կարծում, որ խոսքը վերջնական համաձայնության մասին է։ Այնուամենայնիվ, ըստ նրա` տարաձայնություններն իրենց մասին դեռ կհիշեցնեն, և ձեռք բերված համաձայնությունը դեռ փխրուն ու խոցելի է։ Այդուհանդերձ, Սիմոնովի համոզմամբ, եթե համաձայնությունը կայուն լինի, այն կփոխի նավթային շուկայի ներկայիս պատկերը։ Սակայն, նրա հավաստիացմամբ, էական փոփոխություններ տեղի չեն ունենա։ Ավելին, ըստ նրա, Իրանից նավթի արդյունահանման ծավալների հարցն ԱՄՆ-ի ձեռքին է, և Միացյալ Նահանգներն այս հարցը կարող է տնօրինել` ինչպես ցանկանա, և թյուր է կարծիքը, թե նավթի համաշխարհային գները կարող են ձևավորել Սաուդիան Արաբիան, Իրանն ու Ռուսաստանը։

Ռուս էներգետիկ վերլուծաբանը բացառում է նաև, որ ԱՄՆ-ը սկսի իջեցնել նավթի գները՝ ՌԴ-ին «պատժելու» նպատակով, քանի որ դա բացասական ազդեցություն կունենա ԱՄՆ-ի թերթաքարային գազի ծրագրերի վրա, որոնք ԱՄՆ-ը ներկայումս զարգացնելով է զբաղված։ Նավթի կտրուկ գնանկման պայմաններում, մասնագետի համոզմամբ, այդ ծրագրերը կզրոյանան։ Կոնստանտին Սիմոնովը նաև ասաց, որ Ռուսաստանն էներգետիկ շուկայում Իրանին վաղուց մրցակից չի համարում և այդ շուկայում նոր վտանգներ Իրանից չի ակնկալում, քանի որ կա հստակ վիճակագրություն այն մասին, որ Իրանը պատժամիջոցներից առաջ և պատժամիջոցների ենթարկվելու տարիներին արդյունահանել է գրեթե նույնքան նավթ, և նավթի արդյունահանման ծավալներն էական փոփոխություններ չեն կրել։

Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրենը հաստատապես ընդգծեց, որ Ռուսաստանը դեմ չէ Իրանի ապաշրջափակմանը, ավելին, ՌԴ-ն իր ինտեգրացիոն պրոյեկտի` ԵՏՄ-ի շրջանակում դիտարկում է Իրանի հետ համագործակցությունը։ «Պարզապես ներկայումս այդ հեռանկարներն աղոտ են թվում` ԵՏՄ-ում և ԵՏՄ տարածաշրջանում առկա տնտեսական խնդիրների պատճառով»,- ասաց Սիմոնովը։ Վերջինիս վստահեցմամբ` ՌԴ-ն չի սահմանափակելու ՀՀ-Իրան համագործակցությունը։ Պարզապես, նրա կարծիքով, չարժե հուսալ, որ Իրանի ապաշրջափակման արդյունքում Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր, քանի որ կա Թուրքիան և ավելի մատչելի ուղիներ։ «ՀՀ-Իրան համագործակցությունը, ըստ իս, կզարգանա առևտրային ոլորտում»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս