Բաժիններ՝

Մարդ, ով հանուն սիրո կրոնափոխ եղավ՝ դառնալով իսլմադավան· լեգենդար Օմար Շարիֆի կյանքի անհայտ էջերը

Հուլիսի 10-ին կյանքի 83-րդ տարում մահացավ եգիպտական կինոյի աստղ, եվրոպական ու հոլիվուդյան կինոյի դերասան Օմար Շարիֆը՝ Մայքլ Դեմիտրի Շալհուբը (Michael Demitri Shalhoub):

Աշխարհահռչակ դերասանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 10-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։
Նրա հայրը՝ Ջոզեֆ Շալհուբը, լիբանանցի էր, իսկ մայրը՝ Կլարա Շալհուբը, լիբանանապաղեստինյան ծագումով եգիպտուհի։ Ծնողները կաթոլիկ էին: Հայտնի է, որ Եգիպտոսի թագավոր Ֆարուքը մինչև 1952 թվականին գահընկեց լինելը հաճախ էր լինում նրա ծնողների տանն ու թղթախաղ խաղում դերասանի մոր հետ:

Դերասանն ավարտել է Կահիրեի համալսարանը՝  ստանալով մաթեմատիկոս- ֆիզիկոսի որակավորում։ Դերասանական  կարիերան սկսել է 1983 թվականից՝  խաղալով եգիպտական ֆիլմերում։ Առաջին ֆիլմը Յուսեֆ Շաիմի «Դժոխքի երկինքը» ֆիլմն էր, որը ներկայացվեց Կաննի կինոփառատոնում: Շարիֆը նկարահանվել է եգիպտական ավելի քան 20 ֆիլմում:

Նրա առաջին անգլալեզու  ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացի» (1962)  ֆիլմն էր, որտեղ Ալիի դերակատարման շնորհիվ համաշխարհային հռչակ ձեռք բերեց ու առաջադրվեց «Օսկարի»: Բաղձալի մրցանակին նա այդպես էլ չարժանացավ, սակայն «Ոսկե գլոբուս» ստացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: «Լոուրենս Արաբացուց» հետո դերասանը մեկնեց Եգիպտոսից՝ հիմնականում նկարահանվելով ԱՄՆ-ում ու Եվրոպայում:

Կարդացեք նաև

Օմար Շարիֆը ոչ միայն գեղեցիկ էր, այլև յուրահատուկ կերպով կարողանում էր էկրանին մարմնավորել ցանկացած ազգության հերոսի:

Իր դերասանական կարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան 50 ֆիլմում, սակայն 1970-ականներից հետո ավելի շատ նկարահանվում էր հեռուստատեսային նախագծերում:

Նա սկսեց բավական հաջող կարիերա կերտել Հոլիվուդում, որտեղ նրա հաջորդ ֆիլմը Էնթոնի Մենի «Հռոմեական կայսրության անկումն» էր (1962), 1965 թվականին նկարահանվեց Դևիդ Լինի «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում, որը համարվում է MGM կինոստուդիայի ամենահայտնի ֆիլմերից մեկը: Ֆիլմը ևս մեծ հաջողություն ունեցավ՝ վարձույթում հավաքելով 200 մլն դոլար: Այս ֆիլմում Յուրի Ժիվագոյին մարմնավորած դերի համար Շարիֆը «Լավագույն դերասան» անվանակարգում ստացավ իր երկրորդ «Ոսկե գլոբուսը»:

Նա մարմնավորել է նաև Չինգիզ խանին՝ նույնանուն պատմական ֆիլմում, հեղափոխական գործիչ Չե Գևարային՝ Ռիչարդ Ֆլեյշերի ֆիլմում, մեքսիկացի բանդիտ Ջոն Կոլորադոյին՝ ռեժիսոր Ջեյ Լի Թոմփսոնի «Մակենայի ոսկին» ֆիլմում:

1991 թվականին դերասանը նկարահանվեց  ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի հայտնի «Մայրիկ» ֆիլմում, որտեղ փայլուն կերպով մարմնավորեց ֆիլմի գլխավոր հերոս Ազատի հորը՝ Հակոբին: Ֆիլմում, Օմար Շարիֆից բացի, հանդես են եկել աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, Ռիշար Բերին, Սերժ Ավետիքյանը, Ժաքի Ներսեսյանը: Ֆիլմից հետո Թուրքիան արգելեց դերասանին մտնել երկիր։

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 91

2003 թվականին Օմար Շարիֆն արժանացել է «Սեզար» մրցանակի «Մսյո Իբրահիմն ու Ղուրանի ծաղիկները» ֆիլմի համար, 2003-ին Վենետիկի կինոփառատոնում՝ «Ոսկե առյուծի»՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար:

2005թ. նոյեմբերին դերասանը դարձավ արվեստի առաջին գործիչը, ում շնորհվեց Սերգեյ Էյզենշտեյնի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեդալ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի ու ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների միջև երկխոսություն ծավալելու համար:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 91

Օմար Շարիֆը հայտնի էր՝ որպես խաղատների, ձիարշավարանների մշտական այցելու, բրիջի մոլի սիրահար էր: Նա անգամ սյունակ էր վարում այդ թղթախաղի սիրահարների համար ամերիկյան Chicago Tribune-ում:

Նա մի անգամ մեկ գիշերում տանուլ տվեց 750 հազար ֆունտ ստեռլինգ ու ստիպված եղավ վաճառել Փարիզի իր տունը՝ պարտքերը վճարելու համար: Դերասանն ասում էր. «Ես այլևս ոչինչ չունեմ, բացի հագուստիցս: Ես միայնակ եմ ու ջախջախված: Եթե ես կարողանայի գտնել կնոջ, ում սիրահարվեի, ամեն ինչ այնքան այլ կլիներ»:

Ի վերջո, Օմարը որոշեց լրջորեն զբաղվել խաղային բիզնեսով ու 90-ականների սկզբին անգամ Կիևում խաղատուն բացեց՝ այն անվանելով իր անունով:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 91

Նա ցանկացած դեր կարող էր վերցնել, միայն թե «միշտ մի ֆիլմ պակասում էր, որ պարտքերը վճարեր»: Քննադատները կարծում էին, որ հենց այդ պատճառով նա այդքան ճշմարտանման մարմնավորեց իր հերոսին «Ծիծաղելի աղջնակը» ու «Ծիծաղելի կինը» ֆիլմերում: Ազարտը նրան հեշտ բռնկվող էր դարձնում: Նա 2003 թվականին պայմանականորեն ազատազրկվեց, քանի որ Փարիզի արվարձանների խաղատներից մեկում հարվածել էր ոստիկանի: 2006 թվականից այլևս դադարեց ազարտային խաղեր խաղալուց՝ հայտարարելով. «Իմ կյանքում եղել է չափից շատ բրիջ, կրքեր, մրցարշավներ, թղթախաղ»:

Իսկ ահա դերասանի անձնական կյանքը երկար ժամանակ գաղտնի էր արևմտյան մամուլի համար: 1950-ականներին նկարահանման հրապարակում ծանոթանալով եգիպտացի հանրահայտ դերասանուհի, եգիպտական կինոակադեմիայի կողմից դարի դերասանուհի հռչակված Ֆատեն Համամայի հետ (Faten Ahmed Hamama)՝ կրոնափոխ եղավ՝ ընդունեց իսլամ ու փոխեց իր անուն-ազգանունը, որպեսզի 1954 թվականին կարողանա ամուսնանալ իր սիրած կնոջ հետ: Ֆատենը դավանում էր իսլամ, ինչն էլ արգելք կարող էր լինել զույգի ամուսնությանը:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 91

Ծնողները դեմ էին որդու հավատափոխ լինելուն: Նրանց ամուսնությունը գրանցվեց Ալեքսանդրիայի մզկիթներից մեկում, սակայն Օմարի ծնողները չմասնակցեցին արարողությանը: Օմար Շարիֆը դերասանուհու երեք ամուսիններից երկրորդն էր: Զույգն ունեցավ մեկ որդի՝ Թարեքը, իսկ Համաման առաջին ամուսնությունից ուներ նաև դուստր:

Ֆատեն Համաման եգիպտական հասարակության մեջ քարոզել է ուժեղ, ինքնորոշված և անկախ կնոջ կերպարը: Հաշվի առնելով նրա մեծ համբավը՝ ռեժիսորները Ֆատեն Համամայի դերերով խորտակում էին իսլամական հասարակության մեջ ձևավորված տաբուները: Ամուսինները միասին նկարահանվել են նաև «Պայքար հովում» ֆիլմում:

Համաման հավանության չէր արժանացնում ամուսնու՝ Հոլիվուդում ու Եվրոպայում նկարահանվելու որոշումը ու կտրականապես հրաժարվել էր հեռանալ Եգիպտոսից: 1966 թվականին Ֆատենն ու Օմարը բաժանվեցին: Օմարը հույս ուներ հաշտվել կնոջ հետ, սակայն դա նրան չհաջողվեց: 1974 թվականին նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 91

Օմարը միանգամից հայտարարեց, թե սիրում է Ֆատենին ու այլևս երբեք չի ամուսնանա: Նա պահեց իր խոստումը: Դերասանն ասում էր, թե այդպես էլ չկարողացավ սիրել այլ կնոջ, ինչը, սակայն, նրան չխանգարեց սիրավեպեր ունենալ դերասանուհի Կատրին Դընյովի ու երգչուհի Բարբարա Սթրեյզանդի հետ:

1977 թվականին լույս տեսած ինքնակենսագրական «Հավերժ տղամարդ» (The Eternal Male) գրքում Շարիֆն իրեն այսպես է բնութագրել. «Նա կանանց սիրելին է: Նա «Լոուրենս Արաբացուց» հետո հայտնվեց կինոաստղերի շրջապատում ու այդ ժամանակից ի վեր վայելում է միջազգային կինեմատոգրաֆում հաջողության պտուղները: Նրա կյանքում տեղ է գտել նաև թղթախաղը: Նա սիրահետել է ամենահայտնի կանանցից ոմանք: Նա Օմար Շարիֆն է··· »:

Հայտնի դառնալով՝ դերասանն իր ամբողջ ժամանակը ձգտում էր անցկացնել Կահիրեում, որդու ու թոռների հետ: Ավելի ուշ Ֆատենն ամուսնացավ եգիպտոսցի բժիշկ Մուհամմեդ Աբդել Վահաբի հետ: Նրա ավագ թոռը կրում է պապի անունը ու նույնպես դերասան է դարձել:

Վերջերս Daily Mail-ի լրագրողները մեծ հոդված էին պատրաստել դերասանի մասին ու կատարել տխուր եզրակացություն՝ նրա կյանքը բավականին տխուր է եղել՝ չնայած դրսից շքեղ երևալուն:

Actor-Omar-Sharif

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին դերասանի որդին՝  Թարեք Ալ-Շարիֆը, հայտնեց, որ Օմար Շարիֆը պայքարում է Ալցհեյմերի հիվանդության դեմ: Հենց այդ հիվանդության պատճառով էր դերասանը հրաժարվում իրեն առաջարկվող դերերից: 2009 թվականին նկարահանված «Ես մոռացել եմ ձեզ ասել» ֆիլմում նա մարմնավորում էր մարդու, ով տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ:

Նա խառնում էր իր հայտնի դերերը, ու, երբ Թարեքը հորը հայտնեց, որ մահացել է Ֆատեն Համաման (2015 թվականի հունվարի 15, 83 տարեկանում), դերասանը շատ վշտացավ, սակայն մի քանի օր անց հարցրեց որդուն, թե ինչպես է մայրը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս