Բաժիններ՝

«Սա շատ վտանգավոր լրտեսական ծրագիր է, որը, անկասկած, կարող է կիրառվել նաև Հայաստանի դեմ». Սամվել Մարտիրոսյան

Razm. Info կայքում նյութ էր հրապարակվել այն մասին, որ 2013թ. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը իտալական Hacking Team հաքերային գործիքներ արտադրող ընկերությունից գնել է համակարգիչները գաղտնի հեռակառավարելու բարդ ծրագիր, որով կարող էր հետևել ոչինչ չկասկածող մարդկանց համակարգիչներին, ինչպես նաև դրանց միկրոֆոնների ու տեսախցիկների միջոցով՝ հենց օգտվողներին: Բացի այդ, ծրագրի՝ Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը կարողանում է գաղտնալսել և ձայնագրել հեռախոսի տիրոջ խոսակցությունները:

Թե ի՞նչ ծրագիր է սա ու ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի համար` փորձեցինք պարզել մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանից: Մասնագետը պնդում է, որ սա շատ վտանգավոր լրտեսական ծրագիր է.

«The Hacking Team-ը հայտնի էր նրանով, որ ստեղծում էր գաղտնալսման համակարգեր, որոնք փաստացի չէին հայտնաբերվում հակավիրուսային ծրագրերով: Այդ համակարգը թույլ էր տալիս հետևել մարդկանց գրեթե բոլոր սարքերի միջոցով՝ ֊համակարգչով, հեռախոսով, պլանշետով. հետևել նամակագրությանը, գաղտնալսել վեբ֊ տեսախցիկի ու միկրոֆոնի միջոցով, և այլն։ Այսինքն՝ սա շատ վտանգավոր լրտեսական ծրագիր է, որը, անկասկած, կարող է կիրառվել նաև Հայաստանի դեմ։ Կան տեղեկություններ, որ ադրբեջանական կողմը գնել է այդ համակարգը, բայց տեխնիկապես դժվարացել է օգտագործել։ Սակայն, դա չի նշանակում, որ հետագայում չի հաջողվել այն հունի մեջ գցել։ Այնպես որ, տեսական վտանգը բավականին մեծ է։ Բացի դրանից, համակարգից օգտվել է նաև Թուրքիայի կառավարությունը, ու նույն վտանգը կա նաև Թուրքիայից»:

Մեդիափորձագետի հետ զրուցեցինք նաև «Բիլայն» բջջային օպերատորի «Շարժական անվտանգություն» ծառայության մասին, որի նպատակն է (ինչպես «Բիլայնի» պաշտոնական կայքում է նշվում)՝ օգնել բաժանորդներին պահել իրենց փողերը և չդառնալ խաբեբաների զոհ: Կայքում նաև նշվում է, որ բջջային խարդախության թեման սկսել է գրավել էլ ավելի մեծ թվով բջջային կապից օգտվողների ուշադրություն:

«Վերջին ժամանակներս ամենատարածված խարդախության սխեմաներից մեկը հետևյալն է. հնչում է զանգ (կամ ստանում եք SMS հաղորդագրության), հաճելի ձայնը տեղեկացնում է, որ տեղի է ունենում ընկերության ցանցի վերակարգավորում և անհրաժեշտ է վերակարգավորել Ձեր հեռախոսը՝ նոր չափորոշիչներին համապատասխան: Դրա համար պետք է հավաքել թվերի և նշանների հատուկ համադրություն, որը կամ թելադրում են, կամ ուղարկում են SMS հաղորդագրության միջոցով: Նշված համադրությունը հավաքելուց հետո Ձեր հաշվից կանհետանան առկա դրամական միջոցները: Սա խարդախության այն համակարգն է, որը մենք անվանում ենք «Օպերատորի տեխնիկական ծառայությունից ստացված կեղծ զանգ»: Այն այսօր հանդիսանում է խարդախության ամենատարածված ձևերից մեկը: Այս համակարգը հիմնականում իրականացվում է «Balance Transfer» ծառայության օգնությամբ: Խարդախներին շատ հեշտ է ճանաչել, քանի որ նրանք գործում են համառորեն և պահանջում են գործողության անհապաղ իրականացում: Յուրաքանչյուր օպերատորի բաժանորդ պետք է իմանա, որ օպերատորն ունի հազարավոր բաժանորդներ, և ցանցի կարգավորումներն իրականացվում են ավտոմատ կերպով:

Հաշվի առնելով այն փաստը, որ բաժանորդն ինքնակամ է իրականացնում միջոցների փոխանցումը, ցավոք, շարժական կապի օպերատորը չունի իրավաբանական իրավունք ետ վերադարձնելու այլ հաշվին փոխանցված միջոցները:

Խորհուրդ. Չիրականացնել անհայտ անձանց հրահանգներ և նրանց թելադրանքով չմուտքագրել կոդեր հեռախոսի մեջ: Անհրաժեշտ է ճշտել տեղեկությունը` զանգահարելով Ձեր բջջային օպերատորի Հաճախորդների սպասարկման ծառայություն»,- ասված է «Բիլայնի» պաշտոնական կայքում:

Ըստ փորձագետի՝ «Շարժական անվտանգություն» ծրագիրը պարզապես շարժական անվտանգության կանոնների ամբողջությունն է և խաբեբայության ամենատարածված ձևերը կանխելու համար է: «Նմանատիպ հանրագիտարաններ ունեն նաև մյուս օպերատորները։ Չնայած, երևի, «Բիլայնինն» ամենահագեցածն է այս պահին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս