
Բանկերի ակտիվները լավ չեն «աշխատում» սպառողական վարկերի և շինարարության գծով

ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2015 թվականի մայիսի վերջին կազմել է 8.19%։ 2014-ի դեկտեմբերի 31-ի համեմատ՝ բանկային չաշխատող ակտիվների տեսակարար կշիռն աճել է ավելի քան 2 տոկոսային կետով (դեկտեմբերին այդ ցուցանիշը 6.15% էր)։
Չաշխատող ակտիվների մեծ մասը՝ 1.92%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին (դեկտեմբերի վերջին ցուցանիշը 1.24% էր)։ Չաշխատող վարկերի կշիռը մեծ նաև առևտի ոլորտում (1.66%), գյուղատնտեսության, շինարարության և մշակող արդյունաբերության ոլորտներում (0.8-0.85%)։
Նշենք, որ չաշխատող համարվում են այն ակտիվները, որոնք բանկին եկամուտ չեն բերում։ Դրանց մեջ մտնում են իմմոբիլիզացված կամ «մահացած» ակտիվները (չմշակվող հողեր, չաշխատող գործարաններ և այլն), դրամական միջոցները՝ դրամարկղում և Կենտրոնական բանկում, պարտադիր պահուստները ԿԲ-ում, հսկվող, ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկերն ու դեբիտորական պարտքերը։
Ի հակառակ սրա՝ աշխատող ակտիվներ են համարվում վարկային ներդրումները, ՆՈՍՏՐՈ հաշիվների վրա առկա միջոցները, արժեղթղերի մեջ ներդրված միջոցները, ներդրումային ակտիվները և այլն։