Բաժիններ՝

«Ո՞ւմ հետ էիր ցանկանում սեռական հարաբերություններ ունենալ, դե հարաբերությունները տես…». կինը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սպանության կատարման մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

Նախաքննական մարմինը կնոջը մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ վրդովված լինելով տուժողի կողմից իրեն սեռական հարաբերություն անելու առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից:

Ըստ կնոջն առաջադրված մեղադրանքի՝ դեպքի օրը նա միայնակ մնացել է տանը, և տուժողը հյուրընկալվել է իր ծանոթին, ով վարձակալական հիմունքներով նույն տան նկուղային հարկի մեկ այլ սենյակում է բնակվել, որտեղ նրանք ընթրել են և ալկոհոլ օգտագործել։ Տուժողը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և տեղյակ լինելով, որ ամբաստանյալի ընկերն աշխատանքի վայրում է, օգտվելով ամբաստանյալի միայնակ լինելու հանգամանքից, ժամը 00:10-ի սահմաններում գնացել է նրա սենյակ և սեռական հարաբերություն անենալու առաջարկ կատարել, ամբաստանյալը մերժել է, դուրս հանել սենյակից և ներսից կողպել դուռը։

Ըստ կնոջն առաջադրված մեղադրանքի՝ քիչ անց տուժողը վերադարձել է և տեսնելով, որ դուռը փակ է, թակել է այն և կրկին սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարել, ամբաստանյալը դարձյալ մերժել է և պահանջել է հեռանալ։ Դրանից հետո տուժողը մի քանի անգամ կրկին նույն առաջարկով դիմել է ամբաստանյալին, և տեսնելով, որ վերջինս չի համաձայնում, վերադարձել է սենյակ և նստել բազմոցին։ Ըստ մեղադրանքի, ամբաստանյալ կինը վրդովվելով տուժողի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարելու հանգամանքից՝ իր սենյակից վերցրել է խոհանոցային դանակը, գնացել սենյակ և դանակով սպանելու դիտավորությամբ 2 անգամ հարվածել է տուժողի կրծքավանդակին, որից հետո դուրս է եկել սենյակից, զանգահարել իր կողմից վարձակալած տան տիրոջը և պատմել կատարվածի մասին։ Վերջինիս խնդրանքով նրա կինը զանգահարել է շտապօգնություն։ Քիչ անց մոտեցել է շտապօգնության անձնակազմը և տուժողին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի թափանցող և աջ կեսի չթափանցող ծակած-կտրած վնասվածքների հետևանքով հեմոռագիկ շոկից մահացել է։

Ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ կնոջը մեղսագրվող արարքը, բացի նրա խոստովանական ցուցմունքից, հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված հետևյալ ապացույցներով:

Տուժողի իրավահաջորդը, ըստ դատարանի, ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողն իր որդին է։ Ոստիկանների կանչով ներկայացել է Ոստիկանության բաժին, որտեղ տեղեկացել է, որ իրեն անծանոթ կինը դանակով հարվածներ է հասցրել ու սպանել իր որդուն։

Վկաներից մեկը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը տուժողի հետ հաց են կերել և օղի խմել։ Որոշ ժամանակ անց ինքը քնել է, սակայն քիչ անց աղմուկից զարթնել և տեսել է, որ տուժողը նստած է բազմոցին, նրա կրծքավանդակի շրջանից արյուն է հոսում, իսկ ամբաստանյալը խոհանոցային դանակը ձեռքին՝ կանգնած է նրա կողքին։ Լսել է, որ ամբաստանյալն ասել է. «Ո՞ւմ հետ էիր ցանկանում սեռական հարաբերություններ ունենալ, դե հարաբերությունները տես…», որից հետո դուրս է եկել սենյակից։
Վկաներից մյուսն ասել է, որ դեպքի օրը, երբ ինքը քնած է եղել, իր բջջային հեռախոսին զանգահարել է ամբաստանյալը և ասել է. «իրեն ցանկացել են բռնաբարել և ինքը դանակով խփել է…»։ Անմիջապես իջել է նկուղային հարկ և տեսել է դանակը ձեռքին կանգնած ամբաստանյալին։ Վերջինիս ձեռքից խլել է դանակը և նետել բակի ուղղությամբ, որից հետո մտել է սենյակ և տեսել հատակին ծնկի եկած տուժողին, ում կրծքավանդակից արյուն էր հոսում։

Ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն՝ փորձագետը բացատրություն է տվել այն մասին, որ հոգեբույժներն ամբաստանյալի մոտ հայտնաբերել են հուզական անկայունություն։ Նման թերություններ ունեցողները կարող են շատ չնչին դրդապատճառին տալ շատ բուռն հակազդում։ Այդ դեպքն առաջինը չի եղել, հարևանը անընդհատ ցանկացել է տիրանալ նրան և բռնի գործողություններ կատարել, ինչին ամբաստանյալը դեմ է եղել։ Քանի որ այդ գործողությունները կրկնվող են եղել հարևանի կողմից, կարող էր առաջանալ կոմուլյատիվ աֆեկտ, սակայն այն չկա, քանի որ, ինչպես և ֆիզիոլոգիական աֆեկտը, կոմուլյատիվ աֆեկտը ևս 3 փուլից է բաղկացած։ Առաջին փուլը ձգված է, ժամանակի մեջ անընդհատ կրկնվող ինչ-որ մի բան, բայց երկրորդ և հատկապես երրորդ փուլն ամբաստանյալի մոտ բացակայում է, որովհետև նա, հակառակը, շատ ակտիվ վարք է ցուցաբերել, իսկ երրորդ փուլում տեղի է ունենում, այսպես կոչված, թուլացում, իսկ ամբաստանյալը մարդասիրական առումով զանգահարել է տանտիրոջը, շտապօգնություն են կանչել, և այլն։ Այսինքն, նրա մոտ բավականին ակտիվ է եղել երրորդ փուլը, հետևաբար՝ հնարավոր չէ ախտորոշել կոմուլյատիվ աֆեկտ։ Սակայն շփոթվածությունը և այլ վիճակներն առկա են, որովհետև, ի վերջո, դա հակաբարոյական արարք է եղել հարևանի կողմից, և ամբաստանյալն ինչ-որ մի հակազդում պետք է ցուցաբերեր, որ ինքն ունի քաղաքացիական ամուսին, և իրենք շատ լավ հարաբերությունների մեջ են։

Իրավական առումով, որպեսզի անձի մոտ առկա լինի հոգեկան խիստ հուզմունք, պետք է անպայման անձը հայտնված լինի աֆեկտի վիճակում՝ լինի դա կոմուլյատիվ թե ֆիզիոլոգիական։ Ֆիզիոլոգիական աֆեկտի ժամանակ անսպասելի երևույթ է տեղի ունենում՝ ինչ-որ իրադրություն, և հակազդումն անմիջականորեն տեղի է ունենում, անսպասելիության դիմաց՝ ինչ-որ հակազդում։

Կոմուլյատիվ՝ նշանակում է, որ այդ հուզական վիճակը կուտակվում է, այսինքն՝ անընդհատ կրկնվող կամ վիրավորանք, կամ սպառնալիք, կամ ինչ-որ այլ տհաճ բաներ։ Սա առաջին փուլն է, մնացած երկրորդ և երրորդ փուլերն աֆեկտի փուլն է՝ բռնկում, կարող է վթարային եղանակով դա լինել, և, քանի որ շատ էներգիա է ծախսվում, այդ պահին լինում է թուլացում։ Դա էլ իր հերթին՝ կարող է լինել տարբեր տեսակների՝ սկսած թույլ զգալուց՝ մինչև ուշաթափություն, շատ ծանր վիճակ, կամ կարող է քնել։ Այստեղ այդպիսի վիճակ չի եղել։ Հնարավոր է, որ ամբաստանյալի մոտ կոմուլյացիա եղել է, և նրա մոտ արտահայտվել են ֆիզիոլոգիական աֆեկտի նշույլներ, բայց քանի որ նրա մոտ երրորդ փուլը չկա, հնարավոր չէ նշել՝ կոմուլյատիվ կամ ֆիզիոլոգիական։ Սուբյեկտիվ հոգեվիճակի դեպքում գիտակցությունն անջատված չէ, ուղղակի նեղացում է տեղի ունենում, և ինքը բոլոր դեպքերում պետք է դա գիտակցեր։

Ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն՝ դատական վիճաբանությունների փուլում ամբաստանյալի պաշտպանը հայտնել է դատարանին, որ իր պաշտպանյալը ո՛չ դիտավորություն, ո՛չ նպատակ, և ո՛չ էլ շարժառիթ չի ունեցել տուժողին սպանելու։ Նա չի ցանկացել սպանել տուժողին, և գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվեց, որ իր պաշտպանյալի արարքի հետևանքով տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, ինչը հանգեցրել է մահվան։ Գործով հետազոտված որևէ ապացույցով չի ապացուցվում իր պաշտպանյալի կողմից հենց սպանություն կատարելու հանգամանքը, ուստի գտնում է, որ նրա արարքը ճիշտ որակված չէ, նրա գործողություններում չեն պարունակվում մեղսագրվող արարքի հանցակազմի հատկանիշները, հետևաբար՝ նա միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ եթե դատարանը գտնի, որ իր պաշտպանյալի գործողություններում, այնուամենայնիվ, առկա են այլ հանցակազմի հատկանիշներ, ապա արարքը վերաորակել։

Քննարկելով պաշտպանի միջնորդությունը՝ դատարանը գտել է, որ այն ենթակա է մերժման, քանի որ ամբաստանյալի՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, այսինքն՝ սպանությունը, հիմնավորվում է նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատաքննության ժամանակ հետազոտված վերոհիշյալ ապացույցներով, հետևաբար՝ ամբաստանյալին մեղսագրված արարքը` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով, ճիշտ է որակված, ուստի պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման։

Նշենք, որ դատավճիռը հրապարակման պահից մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս