Փակ հարցեր՝ բաց երկնքի շուրջ
2013 թ. աշնանը ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ սկսում է «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու գործընթաց:
Կառավարությունը պայմանագիր կնքեց աշխարհահռչակ «Մաքքենզի» ընկերության հետ, որպեսզի վերջինս մշակի այս ոլորտի ՀՀ ռազմավարությունը: Այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է գնա օդային քաղաքականության ազատականացման ճանապարհով, ինչը «կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կնվազեն ավիափոխադրումների գները»: Դրանով սահմանափակվեց ամերիկյան «Մաքքենզի» ընկերության՝ ամիսներ տևած աշխատանքը, որը «լուրջ» ուսումնասիրություն էր իրականացնում հայկական ավիաոլորտում, և որի արդյունքն էլ ամփոփվեց «բաց երկնքի քաղաքականության» ծրագրում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս աշխատանքի համար «Մաքքենզին» ստացել էր ավելի քան կես միլիոն դոլար: Թե ինչ արդյունքներ ենք գրանցել, դատեք ինքներդ. այս տարի հունվար-մայիսին ՀՀ օդային ուղևորափոխադրումները կազմել են 651,171 մարդ՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի 659,461-ի դիմաց: Նվազումը 8290 ուղևոր է:
Ազգային ավիափոխադրողի կարգավիճակին հավակնող «Air Armenia» ընկերությունը որպես ուղևորափոխադրող` գործեց միայն 1 տարի:
Ավիաընկերության կայքում առկա վերջին հաղորդագրության մեջ, որ տեղադրվել է անցած տարվա հոկտեմբերի 29-ին, նշվում է, որ, «որպես միակ հայկական ուղևորափոխադրող ընկերության՝ «Air Armenia»-ի համար անցած տարին լի էր ձեռքբերումներով ինչպես նաև անցանկալի բացասական անակնկալներով»: Իր առջև ծառացած խնդիրները լուծելու նպատակով ավիաընկերությունը հայտարարեց կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիայի մասին: Դրանից հետո չվերթերի վերսկսման ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին՝ դեկտեմբեր, մարտգ Սակայն «Air Armenia»-ն այլևս կենդանության նշաններ ցույց չի տվել:
«Զվարթնոց» օդանավակայանի չվատախտակի վրա այսօր որևէ հայկական ավիաընկերության անուն չի հայտնվում, իսկ արտերկրի ընկերություններից մի քանիսն էլ դադարեցրել են իրենց չվերթերը ՀՀ՝ դրանք դիտարկելով ոչ շահութաբեր:
Չնայած այս ամենին` Հայաստանի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը «168 ժամի» հետ զրույցում դրական գնահատեց բաց երկնքի քաղաքականությանն անցումը: Նա հրաժարվեց հրապարակել «Մաքքենզիին» վճարված գումարի չափը, նկատելով, որ այն վճարվել է ոչ թե բյուջեից, այլ բարերարների կողմից: Միաժամանակ հավաստիացրեց, որ այն լիովին արդարացված է, և դա երևացել է 1 տարվա կտրվածքով. «2013-ի վերջի համեմատ` 2014-ի վերջին կա ինքնաթիռների հոսքի, ուղևորափոխադրումների 20% աճ, որի միայն տնտեսական էֆեկտը հաշվարկելու դեպքում՝ օդանավակայանի սակագներ, ՀՀ-ում ինչքան գումար են ծախսում մարդիկ, ապա տասնյակ անգամներ գերազանցում է այն գումարը, որ վճարվել է»:
Ա. Խաչատուրյանի խոսքով՝ մեզ մոտ փոփոխություններ են լինում՝ պատասխանատու լիազոր մարմինների հետ կապված, «Ավիացիայի մասին» օրենքը երկրորդ ընթերցումն արդեն անցել է, և դա մեծ խթան կհանդիսանա՝ Եվրոպայի ազատ ավիացիոն տարածք Հայաստանի անդամակցության համար: Ըստ նրա՝ եվրոպացի գործընկերների հետ բանակցությունները կսկսվեն այս տարվա նոյեմբերին, մինչ այդ՝ հուլիսին, կլինեն տեխնիկական քննարկումներ:
Անդրադառնալով ավիատոմսերի գներին՝ Ա. Խաչատուրյանը նշեց, որ դրանք պետք է հիմնական ուղղությունների վրա դիտարկել՝ Մոսկվա և Դուբայ: Նրա խոսքով՝ ըստ «Մաքքենզիի» ծրագրի, նախատեսվում էր, որ ավիատոմսերի գները 3-5 տարում կնվազեն 10-50%-ով, բայց ծրագրի հենց առաջին տարում 2 անգամ նվազում է եղել. «Ոչ թե 10-50%, այլ առնվազն 50-100% գներն իջել են: Եվ, հաշվի առնելով նաև այն փաստը, որ Մոսկվան մեր շուկան է, որ կապվում է մեր հայրենակիցների հետ, դրա մեջ գերակշռում են ՌԴ-ից եկող ուղղությունները: Գների անկում կա, բայց, դրա հետ մեկտեղ, պետք է արագ կառուցել ինստիտուցիոնալ համակարգը»: