Նուբարաշենի խճուղում 12 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործի քննությունը հետաձգվեց
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Նուբարաշենի խճուղում 12 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործի քննությունը: Դատարան չէին ներկայացել գործով տուժողներն ու տուժողների իրավահաջորները: Բացառությամբ մեկի` բոլորին ուղարկված ծանուցումները ետ էին վերադարձվել: Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը, ծանուցել նրանց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 13-ին:
2003թ. հուլիսի 25-ին` ժամը 12:15-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղում կրակահերթ էր արձակվել տաքսիավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։
Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ՝ ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը և Դավթաշենի բնակիչ Արկադի Գևորգյանը, սպանվել էին, իսկ վերջինիս եղբայր Արտյոմ Գևորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժշկական միջամտության շնորհիվ հաջողվել էր փրկել նրա կյանքը։
ՀՀ քննչական կոմիտեն հարղոդագրություն էր տարածել, համաձայն որի` քննության տվյալներով՝ Երևանի բնակիչ Արթուր Սարգսյանը, տեղեկանալով իր ընկերոջ որդու Գևորգ Մանուկյանի և Գևորգյան եղբայրների լարված հարաբերությունների մասին, կազմակերպել է վերջիններիս սպանությունը։
«Սպանությունը պատվիրվել է ՀՀ Արմավիրի մարզի բնակիչներ Կամսար Հակոբյանին, Անդրանիկ Երեմյանին և Առաքել Սարգսյանին: Համաձայնելով իրականացնել Գևորգյան եղբայրների սպանությունը՝ ըստ նախաքննության նյութերի, Կ.Հակոբյանը, Ա.Երեմյանը և Ա.Սարգսյանը 2003 թվականի մայիսի սկզբներից մինչև հունիսի 25-ը բնակվել են հատուկ այդ նպատակով իրենց տրամադրված բնակարանում, հանցագործության կատարման ընթացքում օգտագործելու համար ստացել անհրաժեշտ պարագաներ, այդ թվում` բջջային հեռախոս, բջջային հեռախոսի չօգտագործված, գործարանային փաթեթավորմամբ հեռախոսահամարի կանխավճարային «Իզի» քարտ, «Մերսեդես Բենց-124» մակնիշի, «B-1 300 V» հաշվառման համարանիշի ավտոմեքենա, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, հեռադիտակ, ինչպես նաև՝ Արկադի ու Արտյոմ Գևորգյան եղբայրների լուսանկարը:
Քննության տվյալներով՝ Գևորգյան եղբայրների՝ հունիսի 25-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց գնալու մասին Կ.Հակոբյանը և մյուս երկու անձինք տեղեկացել են Արթուր Սարգսյանից և զինվելով իրենց տրամադրված, հրազեն հանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի, 1625 համարի, «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի և «ԱԿԱ-74Ու» տեսակի, 369450 համարի ինքնաձիգներով, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով՝ դարանակալել են Նուբարաշենի խճուղում։ Այնուհետև՝ կրակահերթ արձակել տվյալ ճանապարհահատվածով ընթացող նշված «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պատին գտնվել են Գեւորգյան եղբայրները։ Կրկացոների հետևանքով վարորդ Սաշիկ Հակոբյանը, ուղևորներ Գարեգին Հարությունյանը և Արկադի Գևորգյանն ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ մյուս ուղևոր Արտյոմ Գևորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»,- նշված էր քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվող երեք անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ձեռնարկվելով միջոցներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հետախուզվողներից երկուսը՝ Ա.Երեմյանը և Կ.Հակոբյանը, հայտնաբերվել են Ռուսաստանում և Հայաստան էտապավորվել 2014թ օգոստոսի 29-ին և 2015 թվականի փետրվարի 22-ին։ Առաքել Սարգսյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է: