Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներին բացատրում է, թե ինչու չեն «կոտրում»

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Բաղարմյան պողոտայում զրուցում էր հավաքված երիտասարդների հետ: Նա նշեց, որ եթե մենք չկարողանանք հասկանալ իրար, «ներել, ներվել, ապագա չունենք»: «Մենք մեծ ազգ չենք, որ թույլ տանք կոտորածներ, ջարդեր, ստորացումներ: Մենք մի բուռ ենք, մի պստիկ ենք: Մեր ամեն մի ժայթքում կարող է ճակատագրական լինել, ամեն ժայթքում»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Դիմելով հավաքված տղաներին` նա ասաց. «Տղաներ, ի սեր Աստծո, դուք այսօր ինքներդ էլ լավ գիտեք, որ ոստիկանությունն այդքան ուժ և հնարավորություն ունի, որ 10 հազարներով, ավելներով՝ կարող է միջոցառում անցկացնել, բայց կոտրի՞ քաղաքացուն, ջահելի՞ն կոտրի, կոտրե՞մ ջահելի, կոտրեմ իմ տեսակի՞: Այո, ես գտնում եմ, որ երիտասարդներն ինչ-որ տեղ մի քիչ խելառ պիտի լինեն: Եթե մի քիչ գժուկ չեղան, չի ստացվելու, լինելու են թմբլիկ թաթիկով: Թմբլիկ թաթիկներից ոչինչ չի ստացվում»:

Նա նշեց, որ այդ «գժոտությունը» պետք է լինի տրամաբանության և հարգանքի մեջ, «զոռբայությամբ ու բոշայությամբ» չլինի:

Պողոտայում գտնվող մի աղջիկ ասաց, որ կարծում է` Սերժ Սարգսյանի որոշման մասին իրենց հայտնելուց հետո՝ իրենց գտնվելը պողատայում սխալ է: «Աստված օրհնի քեզ»,- արձագանքեց Վլադիմիր Գասպարյանը:

«Ես, մենք` ոստիիկանությունը, մաքսիմում հանդուրժող ենք: Եվ հանդուրժող ենք ոչ թե նրա համար, որ թույլ ենք կամ չենք գտնում, որ մենք ճշմարիտ քայլ ենք անում: Հանդուրժող ենք, որովհետև մենք գիտնեք, որ եթե գեթ մի տղա, մի ջահել երեխա, եթե մի մոլորված մարդ կա, ուրեմն այնուամենայնիվ պետք է խոսքով ու խելքով մարդուն օժանդակել, հանել դրա միջից, իսկ ժխտողականին… չէ, թևերից հանել, փողոցը մաքրել:

Սպասում ենք դրա համար, որ հալալ լինի, որ հարամ չլինի, որ տղերքը, ջահելները չկոտրվեն, ձեր նմանները չկոտրվեն, որ չասեն` մեր մեծերը, մեր հերերը մեզ ջարդեցին, մեր մեջ հավատը կորցրին: Առանց դրա էլ հավատը կորցնողները, հավատացեք ինձ, ավելի շատ են»,- ասաց նա:

Հավաքվածների մեջ էր նաև «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ում դիմելով` Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Շահեն, ձգվիր, ամուր եղիր, խելառությունդ պահիր չափի մեջ: Հա՞, բալե՛ս: Դու շատ լավ հասկանում ես ամեն ինչ, դու խելացի տղա ես: Աստված պահապան ձեզ»:

Նա նշեց, որ իր կարծիքով` մեր երկրին խժդժումները հարիր չեն, մենք  խաղաղությամբ պետք է հասնենք մեր նպատակներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս