
«Աստված չանի՝ այդ աուդիտը վերածեն իմիտացիայի, արդեն ոչ միայն Բաղրամյանը, այլ ամբողջ հանրապետությունն ենք փակելու»

«Աստված չանի՝ այդ աուդիտը վերածեն իմիտացիայի, արդեն ոչ միայն Բաղրամյանը, այլ ամբողջ հանրապետությունն ենք փակելու: Այս պահին մենք սպասում ենք, որ իրենք մի լավ քայլ անեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած միջազգային աուդիտ անցկացնելու որոշման մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ դեռ պարզ չէ՝ իրենք կմասնակցե՞ն այդ միջազգային աուդիտի գործընթացին, թե՞ ոչ, քանի որ հրավերը նախագահի կողմից միայն եղել է հայտարարության մեջ:
«Այդ հարցը քննարկում ենք, նախագահը, ով պատրաստակամություն է հայտնել մեզ հետ հանդիպել ու չհամաձայնվեց ուղղիղ եթերի ներքո հանդիպել մեզ հետ, այսօր եթե ինքը նորից շարունակելու է ուղղակի ակտիվիստներին հրավիրել հանդիպման, մենք հանդիպելու ոչինչ չունենք, մենք մեր պահանջը հստակ դրել ենք՝ պետք է չեղարկել ու գտնել լուծումներ: Ես պարտավոր չեմ գտնել թալանի աղբյուրը, պարտավորությունը դրված է նրանց վրա»,- հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը:
Նա նշեց, որ իրենք պարբերաբար հանդիպումներ են ունենում տարբեր մասնագետների հետ, որոնք նշում են, որ այդ աուդիտը բացարձակապես ոչինչ էլ չի տալու. «Այսօր ևս հանդիպելու ենք մասնագետների հետ: Վերջապես հասկանանք՝ եթե աուդիտ, ապա ո՞րն է մեր դերն այնտեղ, ի՞նչ լիազորություններ ենք մենք ունենալու, արդյոք մեզ ընդամենը ընդգրկելո՞ւ են, որ ուղղակի այնտեղ մարդկանց ցույց տան, թե՝ տեսեք՝ հասարակական ներկայացուցիչներ կան և այլն, թե՞ ռեալ տեսնենք խնդիրը և բարձրաձայնենք»: