Հարյուրավոր օրենսդրական, ենթաօրենսդրական դրույթներ ենք դուրս բերել, որոնք խոչընդոտում են տնտեսության զարգացմանը. Ֆինանսների նախարար
Այսօր ՀՀ կառավարության կողմից կազմակերպված «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ վերջին տնտեսական զարգացումները մի շարք խնդիրներ հարուցեցին: Ըստ նրա՝ կառավարությունն ու հասարակությունը որքան շատ իրազեկ են լինում ծրագրերից, այնքան կարգապահությունը բարձր է լինում:
«Ֆինանսական միջոցների ներգրավումը անհրաժեշտ է, ֆինանսական հոսքերը կառավարելի են, բայց միաժամանակ չպետք է մոռանալ ներքին աղբյուրների ռեսուրսները, որ անցանակալի իրավիճակում չհայտնվենք»,- ասաց Գ.Խաչատրյանը:
Ըստ նրա՝ հարկային եկամուտների 90%-ից ավելին միայն տնտեսական աշխուժության հաշվին է հավաքագրվում և կառավարությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի գործարար միջավայրին ու ներդրումների ակտիվացմանը: Գ.Խաչատրյանը նշեց, որ տնտեսական զարգացումը չի կարող ապահովվել առանց տնտեսական ենթակառուցվածքների զարգացման, կառավարությունը ուշադրության կենտրոնում պետք է պահի հատկապես կապիտալ ներդրումների մեծացումը:
«Կառավարությունը ձեռնամուխ է եղել հարկային օրենսգրքի մշակմանը: Բազմաթիվ, հարյուրավոր օրենսդրական, ենթաօրենսդրական դրույթներ ենք դուրս բերել, որոնք խոչընդոտում են տնտեսության զարգացմանը»,- ասաց Գ.Խաչատրյանն՝ ընդգծելով, որ նոր օրենսգրքի մշակման արդյունքում նոր հարթակ կստեղծվի տնտեսությունն ակտիվ ձևով աշխուժացնելու համար: