«ՀՀ-ում տնտեսական աճի տեմպերի նվազում կա, բայց դա բացասական ազդեցություն չունի տնտեսության վրա». Վաչե Գաբրիելյան

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը գտնում է, որ 2015-ը դժվար տարի է, սակայն, ըստ նրա, ՀՀ տնտեսությունը ցուցաբերել է նույն դինամիկան, ինչ համանման մյուս երկրների տնտեսությունը: Այսօր ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական հարցերով համաժողովի ժամանակ Վ.Գաբրիելյանը ՀՀ տնտեսությունը համեմատեց Մոլդովայի, Վրաստանի տնտեսության հետ:

Ըստ նրա՝ ՀՀ-ում տնտեսական աճի տեմպերի նվազում կա, բայց դա բացասական ազդեցություն չունի տնտեսության վրա: Վ.Գաբրիելյանի խոսքով՝ արտահանող ճյուղերում կա բավականին դրական դինամիկա, կառավարությունը փորձում է ունենալ աշխուժացում արտահանման գծով:

«Դինամիկան, որի հետևանքով առաջին հինգ ամիսների ընթացքում էապես շատ կրճատվել է ներմուծումը, քան արտահանումը, դա դրական ազդեցություն ունի բալանսի վրա»,- ասաց փոխվարչապետը:

Նա նշեց, որ տարեսկզբի ճնշումները փոխարժեքի վրա նվազում են և ԿԲ-ին առիթ են տալիս ոչ միայն լինել չեզոք, այլև համալրել պահուստները:
Վ.Գաբրիելյանը անդրադարձավ 3 խնդիրների՝ ապրանքների հոսքին, աշխատուժի արտահոսքին, որի համար սահմանափակող երևույթներ չկան: Ըստ նրա` տեղի է ունենում ճոճանակային միգրացիա` մարդիկ սեզոններով են գնում-գալիս և դա նպաստում է, որ ավելի քիչ արտագաղթ լինի: Երրորդ խնդիրը, փոխվարչապետի խոսքով, ներդրումներն են, որի գծով անկում է գրանցվում. «Այնպես չի, որ բացակայում են ներդրումները»: Նա նշեց, որ կառավարությանը որոշակի ներդրումային ծրագրեր առաջարկում են, իրենք մանրամասն նայում են ու փորձում հնարավորինս աջակցել:

Վ.Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ԱԶԲ հետ այսօր առավոտյան ստորագրել են հուշագիր՝ դպրոցների վերականգնման մասին, այժմ աշխատում են վարկային ծրագրի վրա: Նա նշեց, որ կառավարությունը նման ծրագրերը ակտիվացնում է, ուշադրության կենտրոնում է Հյուսիս-Հարավ ծրագիրը.

«Հուսով եմ, որ նմանատիպ ներդրումային ծրագրերը որոշակի տնտեսական ակտիվություն կբերեն, որը հնարավորություն կտա ապահովել այն տնտեսական աճը, որի հակառակ այն տնտեսական զարգացումների, որ գալիս են միջազգային տնտեսությունից»:

Տեսանյութեր

Լրահոս