Բաժիններ՝

Նրանց կարելի է անվանել նվիրյալներ…

Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախմբի գեղարվեստական ղեկավար, օպերային երգչուհի Լիլիթ Գրիգորյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացավ երեխտագիտության մեդալի: Թե ինչպես ձևավորվեց համախումբը, ինչ ընթացք ունեցավ, պատմում է Լիլիթ Գրիգորյանը:

– Ինչպե՞ս ծնվեց «Ծաղկազարդ» համախումբը:

– Մենք երգում էինք Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում: Հավաքված էր հրաշալի կազմ: Մի օր Նավասարդ Սրբազանն առաջարկեց բացի համայնքային միջոցառումներին հոգևոր երգերից զատ նաև ներկայանալ ազգային երգացանկով: Փորձեցինք, և շատ լավ ստացվեց: Սա էր սկիզբը, որ 2007թ. ձևավորվեց «Ծաղկազարդ» համախումբը: Խմբի բոլոր անդամները երգում են թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում, ունեն բարձրագույն երաժշտական կրթություն: Նրանց կարելի է անվանել նվիրյալներ, ովքեր իրենց գործից դուրս ժամանակ են տրամադրում «Ծաղկազարդին»:

– Որտե՞ղ է հանդես գալիս «Ծաղկազարդը»:

– Ելույթ ենք ունեցել Երևանի գրեթե բոլոր համերգասրահներում և Հայաստանի բոլոր մարզերում: Մասնակցել ենք փառատոնների, համերգների: Ելույթ ենք ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Արի տուն» ծրագրերին, «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին: Մասնակցում ենք Արարատյան հայրապետական թեմի կողմից կազմակերպվող միջոցառումներին: Համագործակցել ենք ՀՀ Սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ: Եղել ենք Ջավախքում, եվրոպական մի շարք երկրներում, Հորդանանում: Հիմա էլ Երևանի քաղաքապետարանի հրավերով հունիսի 26-29 մեկնելու ենք Բեյրութ՝ Համահայկական խաղերին նվիրված համերգին մասնակցելու:

– Ի՞նչ երգացանկ ունի «Ծաղկազարդը»:

– Երգացանկն ընտրում ենք հիմնականում սիրված ստեղծագործություններից: Կան ժողովրդական,ազգային և հոգևոր երգեր, սիրված ռոմանսներ: Ունեցել ենք համերգներ, որտեղ կատարել ենք Համաշխարհային հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Դրանցից մեկը Վենետիկում կայացած համերգի ժամանակ էր, որտեղ կատարեցինք հայտնի իտալական Նեոպոլիտանական երգեր:

– Ի՞նչ գնահատանքի է հասցրել արժանանալ այս տարիների ընթացքում խումբը:

– Ուրախությամբ կարող եմ նշել, որ մեր բոլոր ելույթներն արժանացել են շնորհակալագրերի, հավաստագրերի, պատվոգրերի: Ունենք շնորհակալագրեր ու պատվոգրեր, որոնք ստացել ենք ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից: Վերջերս ԱՀԹ երիտասարդաց միությունների և նրանց համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ եղել ենք Շուշիում, որտեղ զորամասերից մեկի կողմից արժանացել ենք պատվոգրի՝ զինվորների համար համերգային ծրագիր ներկայացնելու և անձնակազմի բարոյահոգեբանական ոգին բարձրացնելու համար: Ամենաբարձր գնահատականը, որ ստացանք, ապրիլի 4-ին էր. Ս. Հարության Ճրագալույցի ս. պատարագից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Ծաղկազարդ» համախմբին շնորհակալագիր հանձնեց՝ հայ հոգևոր և ազգային երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Ինձ համար շատ մեծ անակնկալ էր մայիսի 28-ին՝ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երախտագիտության համար մեդալի հանձնումը: Դա և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն:
Մի սկզբունք ունենք՝ չենք մասնակցում մրցույթների, որովհետև մեր առջև այլ նպատակ ենք դրել: Մեր նպատակն է հայ հանդիսատեսին ազգային և հոգևոր երգերի ճիշտ կատարմամբ փոխանցել ավանդական ու բարոյական արժեքներ և զգացումներ:

– Ի՞նչից սկսվեց Լիլիթ Գրիգորյանի ստեղծագործական ուղին

– Մանուկ հասակում հաճախել եմ երաժշտական դպրոց դաշնամուրի բաժին, որից հետո ընդունվեցի երաժշտական ուսումնարան, բայց, խմբավարական բաժին: Պարզվեց, որ ձայնային տվյալներս վատ չեն և կարող եմ նաև որպես մեներգչուհի հանդես գալ: Երևանի պետական կոնսերվատորիայում երկու բաժին ավարտեցի՝ խմբավարական և վոկալի: Երկար տարիներ աշխատել եմ ազգային երգչախմբում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, որը նույնպես մեծ դպրոց էր: Փորձառություն, հմտություն ձեռք բերեցի մաեստրոյից և դա օգնում է ինձ ս. պատարագներին, որպես խմբավար ներկայանալ: 

Բացի կոնսերվատորիայից, երջանկություն եմ ունեցել Մոսկվայում ուսանել Ելենա Օբրազցովայի մոտ: 13 տարեկանից երազում էի նրա հետ բեմում լինել, և այդ երազանքը կատարվեց. 2004 թ. Հունգարիայի Միշկոլց քաղաքում Չայկովսկու «Պիկ Դամա» ներկայացման մեջ:

Առանց երգելու չեմ պատկերացնում կյանքս: Խորհրդային ժամանակաշրջանում, երբ այդքան էլ չէր թույլատրվում եկեղեցի գնալ, հիշում եմ մայրս և իր ընկերուհին, երբ որ մեր տանը հավաքվում էին, միշտ խոսում էին Աստծուց: Շատ էին խոսում Լուսինե Զաքարյանից: Եվ երբ գնում էինք ս. Էջմիածին, և լսում էի նրա ձայնը, զգում էի, որ դա խորհրդավոր աշխարհ էր: Զգացի, որ ես պիտի երգեմ եկեղեցում: Չնայած ունեի ռուսական կրթություն և ինձ համար դժվար էր, բայց երաժշտությունն ինձ գերեց և աշխատեցի անպայման ընդունվել եկեղեցու երգչախումբ: Այն ժամանակ ես 18 տարեկան էի: Բայց փառք Աստծո, կոնսերվատորիայի մի ուսանող՝ Միհրան Ղազելյան անունով, ով հիմա խմբավար է Եգիպտոսում, երգչախումբ էր հավաքում Օշականի ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համար: Երբ իմացա այդ մասին, շատ ուրախացա: Այդ եկեղեցու վանահայրը Նավասարդ Սրբազանն էր, այն ժամանակ՝ հայր Նավասարդ: 10 տարի երգեցի այնտեղ, կարծես՝ հրաշք էր: Չնայած այդ տարիներին լույս չկար, գազ չկար, դժվար էր, երգչախմբի բոլոր անդամներս Երևանից էինք գնում, ու, թեև բարդություններին, մենք մեզ ամենաերջանիկն էինք զգում: Այնտեղ մթնոլորտը շատ ջերմ էր:

– Ունե՞ք սիրած երգեր, որոնք դեռ չեք կատարել:

– Ես նաև Ազգային Օպերային թատրոնի մեներգչուհի եմ: Իմ սիրած երգացանկից գրեթե ամեն ինչ կատարել եմ: Կցանկանայի մնալ այդ մակարդակի վրա: Կան շատ բեմեր Լա Սկալան, Մետրոպոլիտեն օպերան, որտեղ համաշխարհային դեմքեր են ելույթ ունեցել, կուզեի հանդես գալ այդ բեմերում: Եթե Աստված կամենա, սիրով կերգեմ: Բայց հիմա ավելի շատ ուզում եմ, որ աղջիկս այս բնագավառում շարունակի իմ գործը: Աշխատում եմ այդ ուղղությամբ:

– Ինչպե՞ս եք համատեղում Օպերային թատրոնի և եկեղեցու աշխատանքը:

– Թատրոնում իմ ծանրաբեռնվածությունը շատ չէ, քանի որ դերերը տարիներ շարունակ՝ արդեն 20 տարի է, կատարում եմ, կարիք չունեմ ամեն անգամ փորձին ներկայանալ: Իմ ժամանակի մեծ մասը եկեղեցում եմ անցկացնում, 26 տարի է երգում եմ եկեղեցում:

– Ասում են՝ աղոթքն ավելի շուտ է հասնում Աստծուն, երբ այն երգի միջոցով է արվում:

– Իրոք, որ այդպես է: Մի անգամ Հունգարիայում՝ եկեղեցիներից մեկում, երգեցի Նարեկացու «Հավունը»: Ելենա Օբրազցովան լսեց, արտասվեց և ասաց. «Աստված քեզ կօգնի»: Եթե երգում ես եկեղեցում, Աստված քեզ հետ է: Ինչ աղոթել եմ երգի միջոցով, Փառք Աստծո, հասել է Աստծուն…

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս