Երևանում ցուցարարները հրաժարվել են հանդիպել նախագահի հետ. BBC Russian
BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է երևանյան վերջին իրադարձություններին ու գրել, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները հրաժարվել են հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նշվում է, թե համակարգող խումբը հայտարարել է, թե հրաժարվում են հանդիպել երկրի նախագահի հետ՝ վերջինիս առաջարկելով ուղիղ եթերում հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից հրաժարվելու մասին:
«Մինչ այդ, ցուցարարներին միացել են նաև հայ քաղաքական ու հասարակական գործիչները, որոնք «կենդանի վահան» են ձևավորել Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև»,-գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ ակցիայի անցկացման վայր էին ժամանել Հայաստանի խորհրդարանի նախկին ու ներկա պատգամավորները, ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, դերասան Հովհաննես Ազոյանը և ուրիշներ:
Նշվում է, որ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնի գործողությունները դատապարտել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը՝ հայտարարելով, թե «նման կոշտ դիրքորոշումը անթույլատրելի է խաղաղ ցուցարարներին ցրելու համար»:
Այնուհետև մանրամասն նկարագրվում են երևանյան վերջին իրադարձությունները, նշվում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները մի քանի աղբամաններ բերել Բաղրամյան պողոտա ու դրանք շարել ոստիկանների շղթայի առաջ:
«Նրանք հայտարարել են, որ պաշտպանական պատ են շարում ոստիկանության հնարավոր գործողությունների դեմ: Նրանք նաև պաշտոնական հայտարարություն են արել ցուցարարների թվում սադրիչների առկայության մասին»,-գրում է BBC-ն:
Նշվում է նաև, որ բողոքի ցույցեր են անցկացվել նաև Հայաստանի մյուս քաղաքներում, մասնավորապես Գյումրիում: