Բողոքը կազմակերպել էին քաղաքական կուսակցությունների հետ առնչություն չունեցող երիտասարդ ակտիվիստները. BBC Russian

Այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը ուժով ու բռնությամբ ցրեց Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույց անողներին: Ոստիկանների ու խաղաղ ցուցարարների բախումները չեն սպրդել արտերկրի լրատվամիջոցների ու կայքերի ուշադրությունից:

Այսպես, BBC-ի ռուսական ծառայությունը «Երևանում ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է բողոքի ակցիան» խորագրով ակնարկում ներկայացրել է երևանյան իրադարձությունները:

Ուշագրավ է, որ ի տարբերություն ռուսական «Առաջին ալիքի» ռեպորտաժի, որտեղ ակցիայի կազմակերպիչներ էին նշվում ընդդիմադիր կուսակցությունները, BBC-ն ընդգծում է, որ «բողոքը կազմակերպել էին երիտասարդ ակտիվիստները, որոնք առնչություն չունեն քաղաքական կուսակցությունների հետ»

Նշվում է, որ ցուցարարները բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, ավելի քան 200 ցուցարար ձերբակալվել է: Ինչպես Երևանից հաղորդել է BBC-ի թղթակից Ալեքսեյ Մանվելյանը, ցուցարարներին Բաղրամյան պողոտայից հեռացնելու համար ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ, իսկ ժ. 5:30-ից սկսել են ուժով հեռացնել նստացույց անող ցուցարարներին:

Նշվում է, որ «ոստիկանները ծեծել են ակցիայի բազմաթիվ մասնակիցների, լրագրողներից խլել ու կոտրել են տեսաձայնագրող միջոցները: Ձերբակալվածների թվում կան լրագրողներ»:

 

Տեսանյութեր

Լրահոս