Աշոտյանի կոչը երիտասարդներին

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում այսօր տեղի է ունեցել նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել և հավաստագրերը հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը, շնորհավորելով հավաստագրման քննությունները հաղթահարած բոլոր մասնակիցներին, նշել է, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է:

«Հանրապետությունում գործում են 100-ից ավելի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Իրականացված բարեփոխումները վերջին տարիներին եղել են լայնածավալ: Գաղտնիք չէ, որ երկար ժամանակ կրթական այս ոլորտը եղել է մի տեսակ «խորթ եղբոր» կարգավիճակում` բարձրագույն կրթության և դպրոցական համակարգի կողքին: Քոլեջների և ուսումնարանների գրավչությունը մեր երիտասարդների համար եղել է շատ ցածր:

2007 թվականին մեկնարկած լայնածավալ աշխատանքները հանգեցրել են նրան, որ մենք ունենք հստակ վիճակագրական տվյալներ, որ հետաքրքրությունն այս տեսակի կրթության նկատմամբ վերականգնվում է, իհարկե, շնորհիվ նաև այն փաստի, որ մենք վերացրել ենք ընդունելության քննությունները՝ բացառությամբ նեղ մասնագիտական քոլեջների և ուսումնարանների: Երկրորդ պատճառն այն է, որ պետությունը կտրուկ ավելացրել է պետպատվերի տեղերը:

Մենք ունենք անվճար կրթության շատ մեծ հնարավորություն կրթության հենց այս հատվածում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ դպրոցներում արդեն մի քանի տարի իրականացվում են տնօրենների հավաստագրման քննություններ:

«Որոշեցինք, որ նման մեխանիզմ պետք է լինի նաև քոլեջներում և ուսումնարաններում: Տնօրենի պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա նվազագույն պարտադիր գիտելիքներ իր մասնագիտական գործունեությանն առնչվող ոլորտներից՝ մանկավարժությունից մինչև իրավաբանություն: Ժամանակին գոյություն ունեին տնօրեններ, որոնց հետ կնքված էին անժամկետ պայմանագրեր, որը թույլ չէր տալիս ապահովել մրցակցային, նորմալ գործընթաց` լավագույն կադրերի ընտրության հարցում:

Ուստի, պետք էր այս դաշտը ևս կարգավորել: Հավաստագրի առկայությունը պարզապես հավաստում է, որ տնօրենի հավակնորդը համապատասխանում է նվազագույն պահանջներին»,-նշել է Արմեն Աշոտյանը` երիտասարդներին կոչ անելով կրթություն ստանալ նախնական մասնագիտական(արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: «Երբ խոսում են բուհերում դիմորդների պակասի մասին, պետք է հաշվի առնեն այն, որ շատ երիտասարդներ սկսել են դիմել քոլեջներ և ուսումնարաններ: Այս բնագավառում վերջին տարիներին հստակ աճ ունենք, քանի որ ապահովում ենք ժամանակակից, մատչելի և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն»,-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը նաև մասնակիցներից հետաքրքրվել է` ինչ նոր առաջարկներ և դիտողություններ ունեն հավաստագրման քննությունների վերաբերյալ:

Նշենք, որ հավաստագրմանը մասնակցել է տարբեր նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների պաշտոնին հավակնող 61 թեկնածու: Նրանցից 55-ը ստացել է հավաստագիր, իսկ 6-ը չի հաղթահարել շեմը:

Տեսանյութեր

Լրահոս