ԱԺ-ն իրար հետևից օրենքներ է ընդունում
Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր շարունակվում է: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, խորհրդարանը քվեարկեց ուրբաթ օրը քննարկված նախագծերի համար:
Ընդունվեցին «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Զբաղվածության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում», «Օտարերկրացիների մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «Թափոնների մասին», «Պետական պարտքի մասին», «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին», «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքներում փոփոխություններն ու լրացումները:
Վերջին օրինագծի հետ կապված ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ուրբաթ օրը հանձնաժողովում հանդիպում է եղել թափոնների մշակման նախագիծը ներկայացրած «Ալյոտիգ» ընկերության ներկայացուցիչների հետ:
Ըստ նրա՝ հիմնական մտահոգությունը կապված էր ռոյալթի վճարելու հետ և թե ում են պատկանում թափոնները: Ընկերության ներկայացուցիչները հավաստել են, որ օրենքի շրջանակներում են աշխատելու: Մելքումյանի խոսքով՝ պատգամավորներից ոմանք մնացել են իրենց կարծիքին, բայց իրենք գտնում են, որ ներդրումները պետք է իրականացվեն:
ԱԺ-ն վավերացրեց նաև ՀՀ և ՌԴ կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը: