Բաժիններ՝

Կորցնում եք դուք, շահում է պետությունը

Էլեկտրաէներգիայի թանկացումը 6.93 դրամով արդեն իսկ կայացած փաստ է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամները երեկ միաձայն կողմ քվեարկեցին էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշմանը։ Ով ինչ է շահում այս ամենից։ Սկսենք տխրահռչակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից (ՀԷՑ)։ ՀԷՑ-ը Հայաստանում տարեկան մատակարարում է 5-5.3 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Օրինակ` 2014 թվականի ընթացքում մատակարարվել է 5.352 մլն կՎտժ, որից 1.933.5 մլն կՎտժ-ը` բնակչությանը։

ՀԾԿՀ տվյալներով, գումարային մեծությամբ, ՀԷՑ-ը մատակարարել է 188.1 մլրդ դրամի էլեկտրաէներգիա, որի դիմաց ստացել է 185.4 մլրդ դրամի ֆինանսական մուտքեր։ Այսինքն` ՀԷՑ-ը գրեթե ամբողջությամբ` 99%-ով, ստացել է իր կողմից մատակարարված հոսանքի դիմաց վճարումները։ Հետագայի համար` ընդունենք, որ միջինը տարեկան մատակարարվում է 5 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ 6.93 դրամանոց թանկացումը նշանակում է, որ ՀԷՑ-ը տարեկան կտրվածքով կստանա լրացուցիչ 34.65 մլրդ դրամ կամ շուրջ 73 միլիոն դոլար։

Հարկերը հանած (այդ գումարի 16.66%-ը ԱԱՀ-ն է)` ՀԷՑ-ի բյուջե մտնող փողի մաքուր ավելցուկը կկազմի տարեկան շուրջ 29 մլրդ դրամ կամ 60.8 միլիոն դոլար։ Հատուկ շեշտենք` ՀԷՑ-ը տարեկան այսքանով ավելի գումար կստանա` ԱՌԱՆՑ ՈՉԻՆՉ ԱՆԵԼՈՒ։ Վատ չէ։

Հիմա գանք եռանկյունու երկրորդ կողմին` պետությանը։ ՀԷՑ-ի կողմից ստացվելիք ընդհանուր գումարի 16.66%-ը, ինչպես նշեցինք, ավելացված արժեքի հարկն է, որը ներառված է սակագնում։ Այսինքն` 6.93 դրամից 1.15 դրամը գնում է պետական բյուջե։ Տարվա կտրվածքով դա կազմում է ավելի քան 5.7 մլրդ դրամ։ Այսինքն` պետբյուջեի եկամուտներն էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում ավելանալու են տարեկան 5.7 միլիարդով, ինչը քիչ գումար չէ (հատկապես հարկերի հավաքագրման դժվարություններ ունեցող երկրի համար)։

Հիմա ոմանք կարող են ասել` անկեղծ չեք, որովհետև պետությունն այդ գումարները ծախսելու է անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի թանկացումը սուբսիդավորելու համար։ Եկեք դա էլ հաշվենք` որքա՞ն գումար է պետբյուջեից ծախսվելու սոցիալապես անապահով ընտանիքների բեռը թեթևացնելու նպատակով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանում հաշվառված է 105 հազար սոցիալապես անապահով ընտանիք։ Նույն Արտեմ Ասատրյանը մեկ այլ առիթով` խոսելով անապահով խավի վրա էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցության մասին, ասել էր, որ ըստ հաշվարկների` մեկ ընտանիքն ամսական օգտագործում է միջինում շուրջ 200 կՎտժ էլեկտրաէներգիա։ «Ձմռան ամիսների համար դա կազմում է 325 կՎտժ, իսկ ամռանը` 180, և միջինը ամսական միջին ընտանիքի համար կազմում է 200 կՎտժ։ Եվ այս շրջանակներում, հաշվի առնելով նաև այն հնարավորությունը, որ հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց հետո սակագնի ավելացում տեղի կունենա, մենք ներկայումս հաշվարկում ենք այն անհրաժեշտ լրացուցիչ միջոցները, որպեսզի առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների համար, բնականաբար, պիտի մեղմվի այդ ազդեցությունը, և այս ուղղությամբ աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են»,- ասել էր նա։
Լավ, ենթադրենք` կառավարությունը ոչ թե մեղմում է թանկացման ազդեցությունը, այլ անապահով ընտանիքների համար ամբողջությամբ փոխհատուցում է 6.93 դրամի թանկացումը։ 105 հազար ընտանիքի հոսանքի թանկացումը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ կլինի ծախսել տարեկան 1.74 մլրդ դրամ (105 հազար ընտանիք x 200 կՎտժ x 6.93 դրամ x 12 ամիս)։

Ամփոփենք` պետբյուջեն հոսանքի թանկացման արդյունքում լրացուցիչ ստանալու է 5.7 մլրդ դրամ, և լրացուցիչ ծախսելու է 1.75 մլրդ դրամ։ Այսինքն` պետբյուջեի զուտ «քյարը» տարվա կտրվածքով կազմելու է շուրջ 4 մլրդ դրամ։ Սա էլ բավականին լուրջ գումար է, որով կարելի է թարմացնել ավտոպարկը, բիզնես-կլասով մեկնել արտասահմանյան գործուղումների և լուրջ հյուրասիրություն կազմակերպել պաշտոնական հյուրերի համար։

Չի շահում միայն ՀԷՑ-պետություն-սպառողներ եռանկյունու երրորդ կողմը` սպառողները։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ բողոքում են բոլորը` ոչ միայն բնակչությունը, այլև ՀԷՑ-ն ու պետական պաշտոնյաները։

ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինը նամակով դիմել է ՀԾԿՀ-ին` նշելով, որ ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև` ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը, և եթե ՀԾԿՀ-ն ընդամենը 6.93 դրամով թանկացնելու որոշում կայացնի, ապա իրենց ընկերությունը կդիմի հանձնաժողովին` «լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով»։

Պետությունը` ի դեմս ՀԾԿՀ-ի, դժգոհ է, որ չհասկացված է։ ՀԾԿՀ նախագահ Ռ. Նազարյանն է երեկ հայտարարել, որ իր ղեկավարած հանձնաժողովը «չհասկացված է»։ Ո՞ւմ կողմից հասկացված չէ` պարզ չէ։ Թերևս, բոլորի։ ՀԷՑ-ը, ինչպես նամակից երևաց, հանձնաժողովին մեղադրում է, որ թույլ չի տալիս սահմանել իրեն անհրաժեշտ սակագինը։ Բնակչությունն էլ «ապերախտորեն» չի ցանկանում տեսնել, որ հանձնաժողովը հերոսաբար պայքարեց, և թույլ չտվեց, որ էներգիան թանկանա 17 դրամով։ Հասարակությունը չի գնահատում, թե ինչպես է պետական համակարգը մտահոգվում իր բարեկեցության համար։

Այս ամենը ավելի լավ պատկերացնելու համար եկեք 1 տարով ետ գնանք։ 2014թ. հունիսին էլեկտրաէներգիան թանկացավ 3.85 դրամով։ Այն ժամանակ նույնպես բողոք կար, սակայն տարբերությունն այն էր, որ էլեկտրաէներգիայի թանկացումը տեղի ունեցավ ոչ թե ՀԷՑ-ի հայտով, այլ հենց ՀԾԿՀ-ի նախաձեռնությամբ։ Ու մեկ տարի առաջ, երբ լրագրողները հարցրել էին` դուք պարտավո՞ր եք մտածել իրենց (էլէներգիա մատակարարող ընկերությունների) շահույթի մասին, Նազարյանը պատասխանել էր, թե պարտավոր են ընկերությունների համար անհրաժեշտ հասույթ ապահովել, որ կարողանան լիցենզիայում ամրագրված բոլոր պայմանները կատարելով` անվտանգ և հուսալի շահագործում իրականացնել։

Կարճ ասած, այն ժամանակ ամեն ինչ ավելի անկեղծ էր թվում` ՀԾԿՀ-ն ու էներգետիկ համակարգը համերաշխ, ձեռք ձեռքի տված համակարգի ֆինանսական ճեղքվածքը փաթաթեցին բնակչության վզին։ Այս անգամ մոտեցումը փոխել են ու «պայքար են խաղում»։ Իբր խիստ դեմ են թանկացմանը և պայքարում են ՀԷՑ-ի դեմ` հանուն ժողովրդի։

Սա մարսելուց հետո հաջորդ անգամ նոր բան կմտածեն։ Օրինակ` անարգանքի սյունին կգամեն այլմոլորակայիններին, որոնց ուղարկած բացասական լիցքերի պատճառով ՀԷՑ-ի կորուստները մեծացել են։ Իսկ հետո հերոսաբար «կես կանեն» ՀԷՑ-ի առաջարկվող, ասենք 20 դրամանոց թանկացումը` հոսանքը թանկացնելով, օրինակ, 7.94 դրամով։ Ու անպայման ուրախությամբ կշեշտեն, որ 7.94 դրամը 8 դրամ չէ։

Իսկ որ ոչ հեռավոր ապագայում հոսանքն էլի է թանկանալու, կարող եք չկասկածել։

Դրա «ցրցամը» Ռ. Նազարյանը տվել է դեռ նախորդ տարվա թանկացման ժամանակ` ասելով. «Յուրաքանչյուր սակագնային մեծություն վերաբերում է մեկ տարվան, մենք չենք կարող երկու կամ երեք տարվա կտրվածքով հաշվարկներ անել և կանխատեսել, թե ինչպիսին կլինի միջուկային վառելիքի գինը, ինչքան կլինի դոլար-դրամ փոխարժեքը մեր հանրապետությունում»։
Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս