«Պետական գույքի կառավարման վարչությո՛ւն, դուք նման շենքում կապրե՞ք, ես էլ չէի ապրի»
Երևանի Նազարբեկյան թաղամասի հ.48 անավարտ ու անտեր շենքը գտնվում է Պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ, 1992 թվականից չունի տանիք ու կոյուղի և անձրևաջրերն ազատորեն լցվում են շենք ու քանդում նրա հիմքերը: Շենքի կոյուղու համար ծառայում է մի փոս, որը բնակիչների ջանքերով պարբերաբար դատարկվում է: Ինքներդ էլ կպատկերացնեք, թե դա ինչ հակասանիտարական վիճակ է ստեղծում բակում, որտեղ խաղում են երեխաները:
Ակնհայտորեն փլուզման վտանգ կա: Ամեն րոպե կարող են շենքի պանելներն ընկնել ցած ու զոհվեն անմեղ մարդիկ ու երեխաներ: Ո՞ւմ խղճի վրա կմնան այդ անմեղ զոհերը, իհարկե Պետական գույքի կառավարման վարչության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների՝ վերից-վար, ովքեր պարտավոր են գտնել լուծում: Բնակիչները դիմում են տարբեր պատկան մարմինների, սակայն Երևանի քաղաքապետարանն ասում է, որ այն քաղաքին չի պատկանում, Երևան-Ջուր ընկերությունն ասում է, որ տվյալ շենքի շահագործումն ու կոյուղու ցանցի ընդլայնման պարտավորությունը երբևէ չի ստանձնել, որովհետև անտեր շենք է:
Բնակիչները դիմել են ինձ և ես պարտավոր եմ զբաղվել այս խնդրով, հետևաբար արդեն նամակով դիմել եմ Պետական գույքի կառավարման վարչության պետին և պահանջում եմ իրենից ու Երևանի քաղաքապետից, քանի դեռ թքած կպցրած պանելներից մեկը շենքի որևէ բնակչի գլխին չի ընկել, որտեղից ուզում են գտնեն գումար և լուծեն այդ շենքի տանիքի և կոյուղու խնդիրը: (Էն կոնյակի պատմության 30մլն դրամը էլի հիշեցի):
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության ղեկավար