Ինքն իրեն կերտած միլիարդատերը. հեղինակավոր պարբերականները՝ Քըրք Քըրքորյանի մասին
Աշխարհի հեղինակավոր պարբերականներն այսօր անդրադարձ են կատարել ծագումով հայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի մահվանը՝ ծավալուն հոդվածներ տպագրելով վերջինիս կյանքի ու գործունեության մասին: Ինչպես գրում է The Washington Post-ը, գործարարը մահացել է այսօր Լոս Անջելեսի Բևեռլի Հիլզի իր տ անը 98 տարեկանում: Նա Բևեռլի Հիլզի ամենահարուստ բնակիչներից էր:
Նրա մահվան փաստը հաստատել էր նաև Քլարկ Դյումոնթը՝ Քըրք Քըրքորյանի MGM Resorts International-ի խոսնակը:
Քըրք Քըրքորյանին նվիրված իր հոդվածում The Washington Post-ը նրան անվանում է «ինքն իրեն կերտած միլիարդատեր», ով հայտնի էր դարձել գնելով ու վաճառելով խոշոր ավիաընկերություններ, զվարճանքների ինդուստրիայի ընկերություններ: Քըրքորյանին էր պատկանում նաև Tracinda ներդրումային ընկերությունը:
Պարբերականը նշում է, որ գործարարը, ում կարողությունը ըստ Forbes-ի մոտ 4 մլրդ դոլար է կազմում, իրեն սիրում էր անվանել «փոքր քաղաքի հաջողակ տղա»:
Bloomberg-ը, ևս իր հերթին թվարկում է գործարարի անցած ճանապարհը՝ ավիաընկերություններ, ավտոարտադրող ընկերություններ, Նևադայի խաղատներ, Հոլիվուդի ստուդիաներ:
Նրան էր պատկանում նաև General Motors Corp.’s-ի 10 տոկոսը, որը ձեռք բերեց 2005-ին, երբ արդեն 88 տարեկան էր, գրում է Bloomberg-ը:
«Ես դպրոց չեմ գնացել, բայց ես վաղ տարիքին բիզնեսներ եմ գնել ու վաճառել»,-խոստովանել էր Քըրքորյանը 2011թ. Bloomberg News-ին տված հարցազրույցում: Bloomberg Billionaires Index-ի տվյալով՝ հայ գործարարի կարողությունը գնահատվում է 3.6 մլրդ դոլար:
Bloomberg-ն իր հոդվածի «Ներգաղթյալ ֆերմերները» հատվածում անդրադառնում է նրա ծագումնաբանությանը: Նշվում է, որ նա ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Գրիգորյանների՝ ներգաղթյալ ֆերմերների ընտանիքում, ովքեր 1920-ականներին զրկվում են իրենց հողից, ապա տեղափոխվում Լոս Անջելես:
«Մենք տեղափոխվել ենք մոտ 20 անգամ, երբ ես երեխա էի»,- ասել է գործարարը Fortune magazine-ին 1969 թվականի տված հարցազրույցներից մեկում:
Bloomberg-ը անդրադառնում է նաև նրա անձնական կյանքին՝ գրելով, թե այն հարթ չի եղել: Քըրքորյանը հայտնվեց դատարանում, երբ ամուսնալուծվեց իր նախկին կնոջից՝ Լիզա Բոնդերից 2002-ին: Նա ստիպված էր ամսական վճարել 320 հազար դոլար՝ որպես ալիմենտ (աղջկան պահելու համար):
8 տարի անց նա համաձայնեց վճարել մոտավորապես 10 մլն դոլար՝ գումարած ամսական 100 հազար դոլար երեխայի համար անգամ այն ժամանակ, երբ Բոնդերը խոստովանեց, որ Քըրքորյանն իր դստեր կենսաբանական հայրը չէ, գրում է Associated Press-ը:
Քըրքորյանի մահվան փաստին անդրադարձել էր նաև հեղինակավոր Los Angeles Times-ը՝ ընդգծելով Լաս Վեգասի կայացման գործում նրա անուրանալի ավանդը: