Դուբայում Հնդկաստանի քաղաքացուն սպանելու մեջ մեղադրվող հայ երիտասարդներն իրենց մեղավոր չճանաչեցին

Ավազակության, Դուբայում Հնդկաստանի քաղաքացուն սպանելու և խոշոր չափերով ապրանքների մաքսանենգության մեջ մեղադրվող երեք հայ տղաներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանն իրեն մեղավոր չճանաչեց ոչ մի դրվագով: Մաքսանենգության համար առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելով՝ ամբաստանյալն ասաց, որ ձերբակալվել է «սամալյոտում». «Ես չեմ հասել մաքսատուն, որ ներկայացնեմ, որ ապրանք ունեմ»:

Ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանն իրեն մեղավոր չճանաչեց՝ նշելով, որ «քննիչի տված ցուցմունքն անհիմն է, ենթադրություն», «ինչ մտքով անցել է, գրել է», փաստերը չեն համապատասխանում:

Ամբաստանյալ Խոսրով Մելքոնյանը ևս իրեն մեղավոր չճանաչեց՝ նշելով, որ իրեն վերագրվող երեք արարքներն էլ իր հետ կապ չունեն, իրեն մեղադրում են ավազակային հարձակման, սպանության մեջ, որը չեն կարողանում ապացուցել: Նշելով, որ իրեն տանից են ձերբակալել՝ նա հարց հնչեցրեց. «Ինչպես կարող եմ ես մաքսանենգություն կատարել»: Նա նշեց, որ իրեն հասկանալի էր այն, ինչ կարդում էր դատախազը, բայց արդեն 1 տարի 5 ամիս է՝ չի հասկանում, թե դա ինչ կապ ունի իր հետ:

Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում է գործվել Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի վրա, ով Դուբայի Դեյրա թաղամասի ոսկու առևտրի կենտրոնում գործող ադամանդների վաճառքով զբաղվող մի ընկերության գրասենյակի աշխատակից է եղել, մեխանիկական շնչահեղձության եղանակով ապօրինաբար, դիտավորությամբ նա կյանքից զրկվել է, և հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի` 691.883.000 դրամին համարժեք, 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ. ադամանդների մի մասը հայտնաբերվել է «Զվարթնոց» մաքսատան մաքսային հսկողության գոտով անցնելու ժամանակ:

Դատարանում ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, որ չի ցանկանում բացարկ ներկայացնել մեղադրողի դեմ, քանի որ գտնում է, որ ցանկացած մեղադրողի, նույնիսկ այս մեղադրողի փոփոխության պայմաններում գործը նույն ուղղությամբ է քննվելու, փոփոխություն չի լինելու, քանի որ ի սկզբանե գործն առնչվում է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխհարաբերություններին. «Եվ գտնում եմ, որ ըստ էության քաղաքական գործ է, և մեղադրողի փոփոխությունը չի կարող որևէ օբյեկտիվ քննության դաշտ տեղափոխել այս գործը»:

Դատարանում ամբաստանյալ Խոսրով Մելքոնյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդեց Խոսրով Մելքոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Նա նշեց, որ ըստ նախաքննության մարմնի դիրքորոշման՝ քրեական գործում առկա են բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են Խոսրով Մելքոնյանի մեղավորությունը, սակայն նախաքննության ավարտից հետո, երբ պաշտպանության կողմին հնարավորություն է տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին, պարզ է դարձել, որ Խոսրով Մելքոնյանին առաջադրված մեղադրանքը հիմնվում է զուտ ենթադրությունների վրա: Ըստ պաշտպանի՝ քրեական գործում չկա որևէ հիմնավոր ապացույց, որով կհիմնավորվի, որ Խոսրով Մելքոնյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում դրվել են այն փաստերը, որոնք առնչվել են Խոսրով Մելքոնյանի հետ, սակայն որևէ կապ չեն ունեցել հանցագործության կատարման հետ:

Այսպես, ըստ փաստաբանի՝ Խոսրով Մելքոնյանի մեղադրանքի հիմքում դրվել է այն փաստը, որ գործով մյուս ամբաստանյալը՝ Հովհաննես Մելքոնյանը (նա Խոսրով Մելքոնյանի հորեղբորորդին է.- Օ.Հ.), Խոսրով Մելքոնյանին Արաբական Միացյալ Էմիրություններից գումար է փոխանցել. ըստ նրա՝ ենթադրությունների հիման վրա մեղադրող կողմը նշել է, թե Հովհաննես Մելքոնյանն է ֆինանսավորել Խոսրով Մելքոնյանի և մյուս ամբաստանյալի՝ Սեմյոն Եդիգարյանի՝ Դուբայ քաղաք մեկնելը, ինչը, ըստ պաշտպանի՝ որևէ ապացույցով չի հիմնավորվել: Նրա խոսքով՝ Խոսրով Մելքոնյանն ու Սեմյոն Եդիգարյանը, յուրաքանչյուրը՝ իր գումարով են գնել ավիատոմսերը. «Հովհաննես Մելքոնյանի կողմից փոխանցված գումարը դա իր պարտքի մասնակի մարումն էր Խոսրով Մելքոնյանին, որը նախկինում վերջինս պարտքով տվել էր նրան»: Հաջորդ փաստը, որ դրվել է Խոսրով Մելքոնյանի մեղադրանքի հիմքում, ըստ փաստաբանի՝ այն է, թե իբր վերջինս այցելել է սպանվածին, պայմանավորվել նրա հետ խոշոր չափի ադամանդներ գնելու վերաբերյալ: Փաստաբանը սա ևս համարեց մեղադրող կողմի ենթադրությունը, քանի որ տեսախցիկով կամ այլ կերպ ապացուցված չէ, որ Խոսրով Մելքոնյանն այցելել է սպանվածին՝ ադամանդների մեծաքանակ գնման համար բանակցություններ վարելու: Փաստաբանի խոսքով՝ Խոսրով Մելքոնյանը Դուբայ գնացել է հանգստանալու նպատակով, և Հովհաննես Մելքոնյանին հանդիպել է՝ ելնելով զուտ նրանից, որ քաղաքին անծանոթ էր, և վերջինս, լինելով իր բարեկամը, կարող էր անշահախնդիր նրանց ման տալ քաղաքում:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ քրեական գործի նյութերում չկա ապացույց նաև այն մասին, որ Խոսրով Մելքոնյանը նախօրոք օճառահեղուկ է գնել: Նշենք, որ քննության տվյալներով՝ հափշտակված ադամանդյա քարերը ՀՀ տեղափոխվելու նպատակով լցվել են տարբեր տեսակի օճառահեղուկի շշերի մեջ:

«Եթե նման հանգամանքն առկա լիներ, ապա օճառահեղուկի շշերի վրա կլինեին Խոսրով Մելքոնյանի մատնահետքերը»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ Խոսրով Մելքոնյանը երբեք մեծ քանակով օճառահեղուկ չի գնել, որպեսզի դրանց մեջ ադամանդներ լցնի, ավելին, նա առաջին իսկ օրվանից իրեն մեղավոր չի ճանաչել, քրեական գործում առկա բոլոր ապացույցները փաստում են այն մասին, որ Խոսրով Մելքոնյանը որևէ առնչություն չի ունեցել իրեն մեղսագրվող արարքին: Բացի այդ, ըստ փաստաբանի՝ մեղադրող կողմն այդպես էլ որևէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվի այն փաստը, որ Խոսրով Մելքոնյանը հանցավոր համաձայնության է եկել մյուս ամբաստանյալների՝ Հովհաննես Մելքոնյանի և Սեմյոն Եդիգարյանի հետ՝ հանցավոր արարք կատարելու համար, իսկ մեղադրող կողմի մյուս պնդումները հիմնված են ենթադրությունների վրա:

Դատավորը նշեց, որ գործը դատական քննություն նշանակելու որոշմամբ, անդրադառնալով ամբաստանյալների արարքում հանցակազմի առկայության հանգամանքին, փաստել է, որ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը բացակայում են: Այս միջնորդության վերաբերյալ դատավորը նշեց, որ դեռ ապացույցների հետազոտում չի կատարվել, միջնորդությունը ենթակա է քննարկման առնվազն դատաքննության ավարտական փուլում՝ ապացույցների հետազոտման արդյունքներով, կամ ամենաուշը՝ խորհրդակցական սենյակում՝ վերջնական դատական ակտ կայացնելիս, քանի որ այն, ըստ էության, վերաբերում է ապացույցների գնահատմանը: Դատարանը միջնորդության քննարկումը և լուծումը հետաձգեց՝ որոշելով դրան անդրադառնալ համապատասխան փուլում:

Դատարանում Էդուարդ Աղաջանյանը, ով պաշտպանում է նաև մյուս ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանին, միջնորդեց Արաբական Միացյալ Էմիրությունների համապատասխան իրավապահ մարմնից պահանջել Դուբայ քաղաքի Դեյրա թաղամասի ոսկու առևտրի կենտրոնում գործող ադամանդների վաճառքով զբաղվող ըներություններից մեկին պատկանող գրասենյակի մուտքի մոտ, ինչպես նաև շենքի շքամուտքում տեղադրված տեսախցիկների այն ժամանակահատվածի տեսաձայնագրությունները, երբ իր պաշտպանյալ Խոսրով Մելքոնյանը գտնվել է Դուբայ քաղաքում:

Նա նշեց, որ մեղադրանքում նշված է նաև, որ իր պաշտպանյալները գնացել են տուժողի աշխատասենյակ, այնտեղ հանդիպել տուժողին, պայմանավորվել ադամանդ գնելու վերաբերյալ, սակայն իր պաշտպանյալ Խոսրով Մելքոնյանը նշել է, որ երբեք չի հանդիպել տուժողին և երբևէ չի գնացել նրա աշխատասենյակ, իրեն անհասկանալի է, թե որտեղից իր մատնահետքը տուժողի աշխատասենյակում: Ըստ փաստաբանի՝ եթե Խոսրով Մելքոնյանն այցելած լիներ տուժողի աշխատասենյակ, ապա դա ֆիքսված կլիներ տեսախցիկներով, որոնց տեսաձայնագրությունները կարևոր նշանակություն ունեն գործի քննության համար, բայց անհասկանալի կերպով նախաքննության ընթացքում այդ ապացուցները ձեռք չեն բերվել: Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել տուժողի աշխատավայրում տեղադրված տեսախցիկների բազայից առգրավել և քննությանը ներկայացնել այն բոլոր օրերի տեսագրությունների պահոցը, երբ Խոսրով Մելքոնյանը գտնվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում: «Այդ տեսագրությունները հնարավորություն կտան հստակ իմանալ՝ Խոսրով Մելքոնյանը երբևէ եղե՞լ է տուժողի աշխատասենյակում, թե՞ ոչ, քանի որ պաշտպանության կողմը կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ տուժողի աշխատասենյակից հայտնաբերվել են հենց Խոսրով Մելքոնյան մատնահետքը»:

Գործով մյուս ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված է, որ տուժողի աշխատասենյակում գտնվել է տեսաձայնագրող սարքավորում, սակայն այդպես էլ չի պարզվել, թե տեսաձայնագրող սարքն ինչ տիպի ինֆորմացիա է բովանդակում: Նա միացավ միջնորդությանը՝ միջնորդելով հնարավորության դեպքում Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմիններից պահանջել տուժողի աշխատասենյակում գտնվող տեսաձայնագրող սարքի հիշողության սարքը և դրա զննությամբ բացահայտել գործի հանգամանքները: Մեղադրողն ասաց, որ Դուբայի իրավապահ մարմիններից պահանջվել և ստացվել են քրեական գործի բոլոր նյութերը, այդ թվում նաև՝ տեսաձայնագրող սարքերի ձայնագրառումները: Նա համոզմունք հայտնեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունն արդեն իսկ վկայում է ամբաստանյալներին վերագրվող հանցագործությունների կատարման մասին: Նա նշեց, որ դատաքննության ներկա փուլում, երբ դեռ չեն հետազոտվել բոլոր ապացույցները, միջնորդությունը վաղաժամ է և ենթակա է մերժման: Դատարանը որոշեց այս միջնորդության լուծումը ևս հետաձգել՝ պատճառաբանելով, որ միջնորդության դեմ հղում է կատարվել դեպքի վայրի զննության արձանագրությանը, որը դատարանը դեռ չի հետազոտել, բացի այդ, դատարանը դրան կանդրադառնա փաստաթղթերի հետազոտություն փուլն ավարտելուց, նաև ամբաստանյալների հարցաքննության արդյունքներով:

Դատարանում ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը նշեց, որ քրեական գործի նյութերում առկա է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանություն, և 175-րդ հոդվածի՝ ավազակություն հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում: Ըստ նրա՝ դրանում նշված է, որ քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել Արաբական Միացյալ Էմիրությունների Գլխավոր դատախազության միջնորդությունը: Պաշտպանի խոսքով՝ քրեական գործի նյութերում առկա է միայն Արաբական Միացյալ Էմիրությունների Դատախազության միջնորդություն՝ սպանության և կողոպուտի վերաբերյալ, պաշտպանական կողմը չի տեսել որևէ փաստաթուղթ, որտեղ հստակ մատնանշված լիներ, որ քրեական գործ պետք էր հարուցել ավազակության հատկանիշներով: Ենթադրելով, որ հնարավոր է՝ ՀՀ Գլխավոր դատախազությունում առկա է փաստաթուղթ, որով Արաբական Միացյալ Էմիրությունների Գլխավոր դատախազությունը նման բովանդակությամբ միջնորդություն է ներկայացրել, նա միջնորդել է ՀՀ Գլխավոր դատախազությունից պահանջել և քրեական գործի նյութերին կցել Արարաբական Միացյալ Էմիրությունների Դատախազության միջնորդությունը՝ սպանության և ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

Դատարանն առաջարկեց հարցում անել, և, եթե չեն պատասխանի, դատարանը միջնորդությունը կքննարկի:

Դատարանի որոշմամբ՝ մերժվեց Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունն իր պաշտպանյալ Հովհաննես Մելքոնյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մերժվեց նաև նրա մյուս միջնորդությունը՝ Խոսրով Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը վերացնելու և այլ խափանման միջոց կիրառելու, կամ կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Նույն պատճառաբանությամբ մերժվեց նաև Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանի միջնորդությունը՝ Սեմյոն Եդիգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ: Ի թիվս այլ հիմնավորումների՝ պաշտպանը նշել էր, որ մինչդատական վարույթում իր պաշտպանյալը կալանքի տակ է եղել 1 տարի 4 ամիս 7 օր ժամկետով, ինչը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի կոպիտ խախտում է, քանի որ համաձայն դրա՝ քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին:

Դատարանը որոշեց նախ՝ հարցաքննել ՀՀ-ում բնակվող վկաներին, հրապարակել, հետազոտել գործում առկա փաստաթղթերը, փորձագիտական եզրակացությունները, զննել իրեղեն ապացույցները, հարցաքննել ամբաստանյալներին, հարցաքննել Արաբական Միացյալ Էմիրություններից դատակոչված տուժողին և երկու վկաներին: Դատարանում այսօր հարցաքննվեցին գործով վկաները:

Տեսանյութեր

Լրահոս