«Պետության ողնաշարը վնասվել է». Կարեն Կարապետյան. «Ժողովուրդ»
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի ոլորտում մի քանի տարի շարունակ պետք է լուրջ աշխատել, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այն կորուստերը, որոնք այսօր առկա են: Պատգամավորը ևս մեկ անգամ ասել է, որ իր եղբայրը՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու մտադրություն չունի։ Սակայն, երբ նա ներկայացրել է ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, ըստ էության, կարելի է ասել, պարզաբանել է, թե ինչու իրենք չեն ցանկանում գնել այդ ընկերությունը։
«Համակարգը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է, ուստի պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ-ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսով։ Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթեւացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի եւ չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել»,- պարզաբանել է Կ. Կարապետյանը։
Ըստ պատգամավորի՝ կա երեք գործիք, որ հրատապ են այդ ոլորտում կիրառելու համար, որից հետո միայն հնարավոր կլինի առաջընթաց ակնկալել:
– Պարոն Կարապետյան, արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Ձեր կողմից ՀԷՑ-ի գնման հարցը, բայց կարծես թե մինչև այժմ այդ հարցում հստակեցում չկա: Ի՞նչ փուլում է գործընթացը, արդյո՞ք դեռևս այդ ոլորտը Ձեզ հետաքրքրում է:
– Մենք առիթ ունեցել ենք արդեն այդ հարցին պատասխանել. ոչ մտածել ենք այդ ուղությամբ, ոչ էլ ներկայումս մտածում ենք:
– Արդեն հստակ է, որ 6.93 դրամով օգոստոսի 1-ից թանկանալու է էլեկտրաէներգիան, արդյո±ք արդարացված էր այդ թանկացումը, ուսումնասիրե՞լ եք այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Արդյո՞ք ներկայացված պատճառաբանություններն արդարացված են:
– Առկա իրավիճակում շատ բարդ է գնահատելը: Ինքս մանրամասն չեմ ուսումնասիրել ՀԷՑ-ի հայտը և առավելապես ծանոթ եմ միայն հրապարակումներից, բայց փոխարենը ես քաջատեղյակ եմ այն սոցիալ-տնտեսական իրավիճակին, որն առկա է Հայաստանում և որի վրա ուղղակիորեն ազդելու է ցանկացած թանկացում: Հասկանալի է, որ թանկացմանը դեմ ենք բոլորս: Սակայն պակաս կարևոր չէ հասկանալ այն խնդիրները, որոնք կան, ինչպես նաև այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն առկա վիճակը հաղթահարելու համար: Նախ պետք է անդրադառնալ անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը, որովհետև մենք երբեմն միակողմանի ենք խոսում՝ միայն սոցիալական վիճակից, մինչդեռ սոցիալական վիճակը ածանցվում է տնտեսական վիճակից:
Այս առումով ես լուրջ խնդիրներ եմ տեսնում, քանզի էներգակիրների ցանկացած թանկացում ուղղակիորեն ազդում է տնտեսության տարբեր ճյուղերի վրա, ինչն էլ գումարվելով մարդկանց առանց այդ էլ անվճարունակության ֆոնին ավելացող հավելյալ ծախսերին՝ էլ ավելի են ազդում սոցիալական վիճակի վրա: Տեսեք, մեր ապրանք արտադրողները մեծ շուկայում, այդ թվում գյուղմթերքի և արտադրության այլ բնագավառներում, մեղմ ասած մրցունակ չեն: Ինչքան էլ ասենք հալվա՝ բերաններս չի քաղցրանա: Այո, 170-180 միլիոնանոց շուկան շատ լավ բան է, բայց դա չի նշանակում, որ միան հայտնվելով այդ շուկայում՝ քո երկրում բոլոր խնդիրները կարգավորվելու են: Դրա համար անհրաժեշտ է քրտնաջան ու համակարգված աշխատանք: Նման շուկայի առկայության գործոնը հաշվի առնելով՝ պետք է յուրաքանչյուր բնագավառի հետ կապված մոտեցումները, վերլուծությունները ի մի բերել, մեխանիզմներ մշակել, որպեսզի մենք ևս այդ հսկայական շուկայում մրցունակ լինենք: Այսինքն՝ մինչև տնտեսությունը չակտիվանա, իր հետևից չի քաշելու սոցիալական հարցերի լուծումը:
– Ի՞նչ պետք է աներ Հայաստանը, որպեսզի թույլ չտար ՀԷՑ-ի ՙանբարեխիղճ՚ ծախսերը վճարեր ՀՀ քաղաքացին, ո՞ւմ մեղավորությունն է դա, որ այսօր նման իրավիճակ է ստեղծվել:
– Նախ, շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ համակարգը պետք է աշխատի թափանցիկ: Այստեղ պետք է ընդունենք նաև պետության համապատասխան կառույցների մեղքի բաժինը՝ անհրաժեշտ վերահսկողության բացակայության տեսակետից: Ինչ վերաբերում է թանկացման հետևանքներին, առկա իրավիճակում կա երեք ճանապարհ. առաջին ճանապարհը, երբ պետությունը ամբողջ բեռը վերցնում է իր վրա: Երկրորդ տարբերակը, երբ պետությունը հայտարարում է, որ ինքը հնարավորություն չունի ու ամբողջ բեռը թողնում է հանրության ու տնտեսվարողների վրա: Սակայն բոլորիս էլ հայտնի է, որ մեր հանրության մեծամասնությունն անվճարունակ է, իսկ տնտեսվարողները, ինչպես արդեն նշեցի, առանց այդ էլ մրցունակ չեն: Ուստի, իմ կարծիքով, պետք է գործի երրորդ տարբերակը, այն է՝ բեռի որոշակի հատված պետությունը վերցնում է իր վրա՝ ամբողջը չթողնելով հանրության ու տնտեսվարողների վրա: Ես հասկանում եմ, որ մեր պետության հնարավորությունները սուղ են, սակայն, հավատացեք, ցանկության դեպքում միջոցներ գտնելը դժվար չէ, դրանց մասին ինքս առիթ ունեցել եմ քանիցս խոսել: Մենք պետք է գիտակցենք, որ ռազմավարական նշանակության խնդիրներում պետությունը լուրջ գործառույթներ ունի: Որքան էլ ՀԷՑ-ը օտարերկրյա ներդրողինը լինի, միևնույնն է դա Հայաստանի Հանրապետությանն է և մեր տնտեսության ողնաշարն է, որի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում մեր պետությունը:
Այսօր այդ ցանցերի վիճակը շատ ահավոր է՝ համակարգը բարոյապես և ֆիզիկապես մաշված է: Տեսեք, կան 12-13 տոկոս կորուստներ, որոնց մի մասը գողություններն են. դա ռեալ է ու առօրյայում յուրաքանչյուրս էլ կարող ենք համոզվել, թե համապատասխան կառույցի ներկայացուցիչներն ինչպես են այդ գողությունները իրականացնում: Մյուս կողմից, պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար:
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ-ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսով: Եվ հիմա, ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթևացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի և չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել:
– Բայց պարտքերը գոյացել են նրա համար, որ պաշտոնյանները իրենց անձնական շահերի համար…
– Այն, որ բավական շռայլություններ են իրենց թույլ տվել, անկասկած, անթույլատրելի է, սակայն հարցն այն է, որ դրանք ինքնարժեքի մեջ չնչին տոկոսներ են կազմում, իրականում դրանից բացի շատ ավելի մեծ խնդիրներ կան: Դրանք կարգավորելու համար գործիքները շատ են, սակայն դրանցից կառանձնացնեմ հատկապես երեքը: Առաջին հերթին պետք է լուրջ ներդրումներ կատարվեն, որպեսզի կորուստները նվազեցվեն, ինչպես նաև հնարավորինս էժան տոկոսադրույքով վարկեր ձեռք բերել, ինչի մասին արդեն խոսեցի: Երկրորդ՝ անհրաժեշտ է բարձրացնել կառավարման արդյունավետությունը և առավելագույնս կանխել գողությունները: Վերջապես երրորդ՝ հետևողական աշխատանք է պետք տանել էներգետիկ բալանսի կարգավորման ուղղությամբ:
Դրա համար առաջին հերթին հարկավոր է տարիների ծրագրավորված գործողություններ էժան էլէներգիա արտադրող ՀԷԿ-երի և դրանց արտադրած էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռն ավելացնելու ուղղությամբ: Հիշեցնեմ, որ որ լուրջ խնդիրներ են սպասվում 2017 թվականին, որովհետև նախ ատոմակայանը մոտ վեց ամիս, գուցե և ավելի չի արտադրի էժան էլէներգիա, մյուս կողմից ԱԷԿ-ը մոտ 300 միլիոն դոլարի ներդրում է պահանջում, ինչը նշանակում է, որ ատոմակայանի արտադրած հոսանքի ինքնարժեքի մեջ ևս 300 միլին դոլար է ներառվելու: Ուրեմն, հետագա թանկացումներից խուսափելու նպատակով հարկավոր է շոշափելի քայլեր ձեռնարկել: Հակառակ դեպքում համակարգն ուղղակի կարող է սնանկանալ՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով հանդերձ: Նորից եմ կրկնում, սա տնտեսության ողնաշարն է: Եթե մարդու ողնաշարը չլինի այնպես, ինչպես կա, մարդը տձև ինչ-որ մարմին կունենա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: