
Հայաստանը հետևում է համագործակցային անվտանգության սկզբունքին. Սամվել Մկրտչյան

«ՀՀ-ն հավասարակշռված անվտանգության քաղաքականություն է վարում»,- «ՆԱՏՕ-Հայաստան. հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
Նա պարզաբանեց, որ Հայաստանն իր անվտանգության քաղաքականության շրջանակներում հետևում է համագործակցային անվտանգության սկզբունքին: «Դա է, որ մեզ թույլ է տալիս վարել հավասարակշռված և տարբեր կողմերի շահերը հաշվի առնող անվտանգության և արտաքին քաղաքականություն: Դրա լավագույն վկայությունն է այն, որ բազմիցս նշվեց ճգնաժամային իրավիճակը, բարդությունները, որոնք մենք հանդիպել ենք դեմ առ դեմ՝ եվրոպական և միջազգային անվտանգության ոլորտում, սակայն նույնիսկ այդպիսի պայմաններում ՀՀ-ն կարողանում է շարունակել իր այդ հավասարակշռված քաղաքականությունը: ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները, որոնք հենված են գործընկերային հարաբերությունների սկզբունքի վրա, շարունակվում են՝ առանց ընդհատման, կայուն կերպով և առանց ցնցումների ու ետընթացի»,- տեղեկացրեց դեսպանը: