Ժպտացեք, ձեզ «նկարահանում է» կառավարությունը

Մի հին, բայց այս օրերի համար արդիական անեկդոտ կա։ Ամուսինը կնոջը հարցնում է` կարո՞ղ ես մի այնպիսի բան ասել, որ և՛ ուրախանամ, և՛ տխրեմ։ «Իհարկե։ Դու ավելի լավ ես սիրով զբաղվում, քան ընկերդ»,- ասում է կինը։

Շատ նման է մեր էլեկտրաէներգիայի թանկացման տխուր պատմությանը։ Ինչպես հայտնի է, Հայաստանի էլեկտրական ցանցերը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 17 դրամով թանկացնելու հայտով։ Մարդիկ, բնականաբար, դեմ են, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ու մյուս կառույցները` հերթապահ քննադատում են ՀԷՑ-ին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ հոսանքը կթանկանա։ Սակայն ոչ թե` 17 դրամով, այլ` 6.93 դրամով։ Ընդ որում, նա դա ներկայացրել է` որպես բարի լուր, որից, ըստ ամենայնի, քաղաքացիները պետք է ուրախանան: Կատակ բան չէ, 7 դրամ էլ չկա ախր, «ընդամենը» 6.93 դրամ (ինչպես սուպերմարկետներում ակցիայի տակ վաճառվող ապրանքների գները)։

«Ուղղակի թող հանձնաժողովը հաստատի, մենք հետևանքների մասին բարձրաձայն խոսելու ենք: ԱԺ-ում հունիսի 12-ին լսումներ են լինելու, նախարարությունները կներկայանան և բացատրություն կտան հանրությանը, մենք էլ լինելու ենք շատ թափանցիկ, շատ բաց, որպեսզի հանրությանը բացատրենք այն, ինչ տեղի է ունենալու»,- ասել է նա:

Դժվար է հասկանալ` ինչ կա այստեղ ուրախանալու։ 7 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը նշանակում է 16-17%-անոց թանկացում։ Երևի ենթադրվում է, որ պետք է ուրախանանք, որ 17 դրամով չեն թանկացրել։ Այդ դեպքում կարելի էր ավելի կրեատիվ գտնվել. ՀԷՑ-ի հետ նախապես պայմանավորվել, որ ներկայացնի ոչ թե 17, այլ, ասենք, 37 դրամով թանկացնելու հայտ։ Հետո հանձնաժողովը «հերոսաբար» 37 դրամ թանկացումը կդարձներ 6.93 դրամ։ Այդ դեպքում հաղթանակի ու բավարարվածության զգացումն այնքան մեծ կլիներ, որ անգամ չէինք էլ մտածի «ինչ-որ» 7 դրամի մասին։

Սա դեռ ամենը չէ. կառավարությունը նաև մեկ այլ ուրախանալու առիթ է տվել. Այնպես կանեն, որ սոցիալապես անապահով մարդիկ այդ թանկացումն իրենց վրա չզգան: «Հիմա հաշվարկում ենք, թե ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, բնակչության վրա: Փորձելու ենք նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան»,- ասել է վարչապետը: Հետո թեման զարգացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

«Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` միջին ամսական մեկ ընտանիքն օգտագործում է շուրջ 200 կիլովատտժամ էլեկտրաէներգիա: Այդ ցուցանիշները, որոնք մեզ տրամադրվել են և որոնց հիման վրա վերլուծություններ ենք անումգ ձմռան ամիսների համար դա կազմում է 325 կիլովատտժամ, իսկ ամռանը` 180, և միջինը ամսական միջին ընտանիքի համար կազմում է 200 կիլովատտժամ: Եվ այս շրջանակներում, հաշվի առնելով նաև այն հնարավորությունը, որ հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց հետո սակագնի ավելացում տեղի կունենա, մենք ներկայումս հաշվարկում ենք այն անհրաժեշտ լրացուցիչ միջոցները, որպեսզի առաջին հերթին` սոցիալապես անապահով երեխաների համար, բնականաբար, պիտի մեղմվի այդ ազդեցությունը, և այս ուղղությամբ աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են, իսկ արդեն վերջնական որոշումների պարագայում, բնականաբար, կառավարությունը կարձագանքի և համապատասխան որոշումները կներկայացնի ձեզ»,- ասել է նա։

Եթե հիմք վերցնենք այս հաշվարկը, ապա կստացվի, որ 7 դրամ թանկացման պարագայում միջին վիճակագրական ընտանիքի ծախսը հոսանքի գծով կավելանա 1400 դրամով։ Լավ, ասենք` պետությունը սուբսիդավորեց անապահով ընտանիքների ծախսը` կիսով չափ կամ ամբողջությամբ, արդյո՞ք դա ուրախանալու առիթ է։

Մինչ այս հարցին պատասխանելը եկեք մի պահ հիշենք` ովքե՞ր են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ամենաակտիվ բողոքողները։ Կարող եք վստահ լինել` նրանց ճնշող մեծամասնության համար ամսական 1500-2000 դրամ լրացուցիչ ծախսը մեծ բեռ չէ։ Սակայն նրանք շարունակելու են բողոքել 6.93 դրամանոց թանկացման դեմ։ Կբողոքեին նաև 1.93 դրամ թանկացման դեմ, չափն էական չէ։ Գաղտնիքն այն է, որ սա սոցիալական դժգոհություն չէ` մարդիկ չեն բողոքում 1000 կամ 2000 դրամի համար։ Սա բողոք է անարդարության դեմ, քանի որ մարդիկ չեն հավատում ո՛չ իշխանություններին, ո՛չ ՀԷՑ-ին։ Ու դրա համար, 6.93 դրամանոց թանկացման մեջ ոչ մի ուրախալի բան չկա։ Ոչ ոք չի ցանկանում խաբված լինել։

Թվում է` սա շատ պարզ բան է, ու մեր պետական այրերը սա պետք է շատ լավ գիտակցեին։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ նրանք չեն կարողանում հասկանալ խնդիրների բուն պատճառը կամ էլ չեն ցանկանում։

Ամենաթարմ օրինակներից մեկն էլ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի երեկվա հայտարարությունն է։ Նա հայտարարել է, որ իրենք պատրաստվում են լիցենզավորել կրկնուսույցների գործունեությունը։ Աշոտյանը խոսել է երեխաների անվտանգության, դասաժամերի և «անհասկանալի միջավայրում» կրթություն ստանալու խնդիրների մասին և այլն։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ այստեղ փողի հարց կա. լիցենզավորել` նշանակում է` գանձել որոշակի վճար լիցենզիայի դիմաց։ Ինքը` նախարարը, խոստովանել է, որ կրկնուսույցների ստվերային եկամուտները հասնում են մոտ 25-30 միլիոն դոլարի (թեպետ նշել է, որ առաջնային խնդիրը կրկնուսույցներին հարկելը չէ)։

Իսկ ի՞նչն է առաջնային խնդիրը։ Մինչ այդ մեզ թվում էր, որ առաջնային խնդիրը դպրոցը նորմալ մակարդակի բերելն է։ Այնպիսի մակարդակի, որ դպրոցն ավարտող երեխան ստանա լիարժեք գիտելիքներ և կրկնուսույցի կարիք չունենա։ Այսինքն` պետք էր ոչ թե կրկնուսույցների դեմ ուղղակիորեն պատերազմ հայտարարել, այլ այնպես անել, որ նրանց ծառայությունները դառնան ոչ պահանջված։ Որովհետև այդ համակարգը խարխլում է կրթական համակարգի հիմքերը։

Իսկ մեր «վերևներն» այլ կերպ են մտածում։ Չեն կարողանում (կամ չեն ցանկանում) վերացնել կրկնուսույցների համակարգը, փոխարենը` թուլանում են (կանոնակարգում) և հաճույք ստանում (լիցենզիայի գումար գանձում)։ Եվ, իհարկե, դա ներկայացվում է որպես քայլ առաջ` բարեփոխում, որի համար պետք է ուրախանալ։ Ճիշտ այնպես, ինչպես էլեկտրաէներգիայի 6.93 դրամ թանկացման դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս