Քանի՞ հայ թեկնածու կունենա Թուրքիայի նոր խորհրդարանը, և ինչո՞ւ է Էրդողանը ջղաձգվում

Թուրքիայում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական հերթական ընտրությունները, որոնց մասնակցող կուսակցությունների բոլոր ցուցակներում ընդգրկված են նաև հայ համայնքը ներկայացնող հայ թեկնածուներ: Ընտրություններում ներգրավված է 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:

Հարևան երկրում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն 632 հազար 889 քաղաքացի, ինչը 1,1 միլիոնով շատ է 2014 թվականի օգոստոսի նախագահական ընտրությունների ժամանակ հրապարակված տվյալից: Մոտ 2,9 միլիոն ընտրող արտասահմանում է գրանցված: Նրանց համար 54 երկրներում 112 ընտրատեղամաս կբացվի: Միացյալ Նահանգներում բնակվող Թուրքիայի քաղաքացիներն արդեն կատարել են իրենց ընտրությունը` Վաշինգտոնում և Նյու Յորքում բացված ընտրատեղամասերում քվեարկելով իրենց նախընտրած թուրքական կուսակցության օգտին: Քվեաթերթիկները հատուկ դիվանագիտական բեռնատար ինքնաթիռով, դիտորդների ուղեկցությամբ տեղափոխվել են Թուրքիա:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանինն է, քանի որ նրա կուսակցության հեղինակությունը Թուրքիայում բավական ընկել է, որի հետևանքով «Արդարություն և զարգացումը» ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար՝ նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն:

Իսկ նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները: Ընդդիմադիր քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որը, ամենայն հավանականությամբ, կունենա հայ համայնքի մեծամասնության քվեն, հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում առաջ է քաշելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու Ցեղասպանության ճանաչման հարցը` արագացնելով Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը, որին օրերս հակաքայլով պատասխանեցին իշխանությունները` հայ համայնքին վերադարձնելով «Հայկական ճամբար» անունը կրող պատմամշակութային կառույցը, որը պատրաստվում էին վերակառուցել: Այնուամենայնիվ, հասարակական տրամադրությունները վհատեցնում, ջղաձգում են Էրդողանին, ով նախընտրական արշավի ավարտին ցեխ է շպրտում ընդդիմադիրների և փոքրամասնությունների դեմքին` հասկանալով, որ կուսակցությունը կարող է քիչ ձայներ ստանալ այս անգամ` կասկածի տակ դնելով իր իշխանության վերարտադրումը:

Կարդացեք նաև

Վերջին շաբաթներին անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրարշավի առաջատարն է: Gezici կենտրոնի կողմից մայիսի 17-ին հրապարակված վերջին հետազոտության արդյունքների համաձայն՝ իշխող իսլամիստները հունիսի 7-ի ընտրություններում կարող են ստանալ՝ քվեների 38, իսկ երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը` Ժողովրդա-հանրապետականը, 30 տոկոսը:

Նույն հետազոտության տվյալների համաձայն՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը կարող է հավակնել քվեների 17 տոկոսին: Ինչ վերաբերում է քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը, ապա այն, ըստ Gezici-ի հարցման տվյալների, ի վիճակի է հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 10 տոկոսանոց նվազագույն շեմը, ինչը կնշանակի՝ հեղափոխություն Թուրքիայի նման երկրի համար:

Bagrat Estukyan168.am-ի հետ զրույցում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց, որ նախընտրական քարոզարշավն անցավ բավականին լարված մթնոլորտում, որովհետև այս ընտրությունները ճակատագրական են լինելու իշխող կուսակցության համար: Ըստ Էստուկյանի` սոցիոլոգիական հարցումների տվյալներն ապացուցում են, որ այդ կուսակցության ձայները կկրճատվեն զգալիորեն, և դրանց փոխարեն՝ ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը պետք է հաղթահարի 10%-անոց արգելքը, ինչը Թուրքիայում ամենաբարձր արգելքն է: «Բայց այս ընտրություններում կարծես քրդական շարժումը՝ իր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությամբ, պետք է հաղթահարի այս արգելքը, և հայերը մեծամասնությամբ այդ կուսակցությանն են զորակցելու: Հայ թեկնածուներ ևս կան այդ ցուցակում, հատկապես Կարո Պալյանը, հավանական է, որ կհայտնվի խորհրդարանում: Այս շրջանում մենք նվազագույնը 2-3 ազգությամբ հայ պատգամավոր կունենանք խորհրդարանում, որոնք ներկայացված են այլ կուսակցությունների ցուցակներով: Նախկինում մենք պատգամավոր չենք ունեցել շատ երկար տարիներ ի վեր»,- պարզաբանեց Բագրատ Էստուկյանը:

Վերջինս չբացառեց, որ իշխող կուսակցությունը, հասկանալով իրողությունները, փորձի կեղծել հասարակական տրամադրությունների արդյունքում ձևավորված քվեարկությունը: «Վերջին բոլոր ընտրությունների ընթացքում նման կասկածներ եղել են, թեև արդյունքը չենք կարող հստակ ասել, թե որքանով տարբեր կլիներ, եթե խախտումներ չլինեին, այնուամենայնիվ, խախտումներ միշտ եղել են, բայց քանի որ տասը տոկոսանոց շեմը հաղթահարելու խնդիր կա, բոլորի ուշադրությունը կենտրոնացած է այդ խախտումները խոչընդոտելու վրա, և բոլոր կուսակցություններն են կոչ անում ուշադիր լինել այդ հարցում: Հիմնական մրցապայքարը չի լինելու ԱԶԿ-ի և ԺԴԿ-ի միջև, պարզապես ընտրությունների մեխն այս կուսակցության կողմից տասը տոկոսանոց շեմը հաղթահարելն է: ԱԶԿ-ն այժմ էլ առաջատար կուսակցությունն է և ընտրություններում ևս առաջատարն է լինելու: Պարզապես բոլորին հետաքրքրում է, թե որքան է նահանջելու իշխող կուսակցությունը: Նախորդ ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր ձայների 47%-ը, եթե այս անգամ 40-ից ցածր լինեն արդյունքները, ապա դա կատարյալ պարտություն կհամարվի այդ կուսակցության համար: Մյուս կողմից՝ Ժողովրդա-դեմոկրատական  կուսակցությունը կլինի ամենաքիչ ձայներ ստացողը, բայց այդ կուսակցության համար մեծ նշանակություն ունի այդ շեմն անցնելը, և եթե շեմն անցնի 2-3 ավելի տոկոսով, ապա հեղափոխությանը համազոր նշանակություն կունենա»,- մեկնաբանեց Բագրատ Էստուկյանը` շարունակելով տեղեկացնել, որ այդ շարժման ներկայացուցիչները ներկայիս գումարման թուրքական խորհրդարանում եղել են՝ որպես անկախ պատգամավորներ,այսինքն` Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը՝ որպես կուսակցություն, ընտրություններին կմասնակցի առաջին անգամ, քանի որ նախորդ ընտրություններում մտածում էին, թե չեն հաղթահարի 10%-անոց շեմը:

Նրա համոզմամբ` այս դեպքում խորհրդարանում կհայտնվի Կարո Պալյանը՝ ակտիվորեն պաշտպանելով հայ համայնքի շահերը, ԱԶԿ-ից՝ որպես հայ թեկնածու խորհրդարան կանցնի Մարգար Եսայանը, իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից՝ Սելինա Օզուզու-Դողանը: «Այս թեկնածուները հայ համայնքը ներկայացնող և խորհրդարան անցնող ամենահավանական թեկնածուներն են»,- ասաց Էստուկյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում 4 տարին մեկ  անգամ: Վերջին անգամ այն տեղի է ունեցել 2011թ., առաջնորդն այժմ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է:

 

Տեսանյութեր

Լրահոս