«Եվրոպացի գործարարները հետաքրքրված չեն Հայաստանում ներդումներ կատարելու հարցում»
Հարցազրույց «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ, ով օրերս մասնակցել է Պրահայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և հայ գործարարների հանդիպմանը
– Պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Չեխիայի կառավարության ղեկավարը նշել էր, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Չեխիայի և ԵՏՄ-ի միջև, ինչը, ըստ էության, չէր բացառել նախկինում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ ասելով, որ չպետք է հարցը դնել՝ կա՛մ համագործակցում եք ԵՄ-ի հետ, կա՛մ Ռուսաստանի Դաշնության, քանի որ երկուսի հետ էլ պետք է համագործակցել: Այնուամենայնիվ, այս հեռանկարների մասին խոսակցություններն իրատեսակա՞ն են, հաշվի առնելով ՌԴ քաղաքականությունը:
– Ես ներկա էի պարոն Աբրահամյանի և Չեխիայում հաստատված և աշխատող` ազգությամբ հայ գործարարների հանդիպմանը: Այդ հարցն այնտեղ ևս բարձրացվեց: Եթե նման հնարավորություն ինչ-որ կերպ ստեղծվի՝ ողջունելի կլինի: Բայց, իմ կարծիքով, այս հարցում բավականին շատ խոչընդոտներ կան. ուկրաինական պատերազմի և Ղրիմի բռնակցման հետևանքով ԵՄ-ն սկսեց պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Եթե նույնիսկ Հայաստանն այդ պատժամիջոցների տակ չէ, Հայաստանն ազդված է Ռուսաստանի նկատմամբ գործադրվող պատժամիջոցներից, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն այս փուլում չի կարող դառնալ տնտեսական և առևտրային կամուրջ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: Մյուս կողմից՝ նման կամուրջ արդեն երկար ժամանակ գործում է Եվրոպայի և Ռուսաստանի միջև Հայաստանի և Բելառուսի միջոցով: Դա արվում է անօրինական ճանապարհներով:
Օրինակ՝ ձուկն արտադրվում է Նորվեգիայում, Բելառուսի գործարանների կողմից վերամշակվում կամ դրվում նոր փաթեթի մեջ և վաճառվում Ռուսաստանին: Բելառուսը դարձել է Ռուսաստանի ձկան մատակարարը` չունենալով ծով, ինչը ծիծաղելի է:
Դե ֆակտո այդ կամուրջները կան, Ռուսաստանը շատ անգամ ձևացնում է կամ իրականում կոնկրետ փաստերով փորձում է չափարներ առաջ քաշել ներմուծումների դեմ, որի նկատմամբ Բելառուսը շատ բացասական վերաբերմունք ունի, և հանձին նախագահ Լուկաշենկոյի` մի քանի անգամ եղել են արտահայտություններ այդ կապակցությամբ, թե ինչո՞ւ է Ռուսաստանը մեծ պատնեշներ դնում և թույլ չի տալիս, որ իրենք իրենց ապրանքը ներմուծեն ՌԴ:
Եթե օրինական, պայմանագրային կամուրջների մասին խոսենք, ապա, կարծում եմ, քանի դեռ կիրառման մեջ են երկկողմ պատժամիջոցները, կամուրջի կառուցումը բացասական հեռանկարներ ունի: Եթե խոսքը գնում է այլ բնագավառների մասին, ապա հնարավոր է, բայց պետք է նաև նշել, որ դա ընդամենը պաշտոնական հանդիպման ժամանակ արված դիտարկում է, գաղափար և ոչ ավելին: Դա չի ամրապնդվել պայմանագրերով, բանավոր, կոնկրետ պայմանավորվածություններով, դա դիվանագիտական ցանկություն էր: Ամեն դեպքում ողջունելի է, բայց այսօր` քիչ հավանական:
– Ներկա եք եղել գործարարների և Հ. Աբրահամյանի հանդիպմանը: Ինչպիսի՞ հարցեր են հիմնականում անհանգստացնում ազգությամբ հայ գործարարներին, և ի՞նչ հարցեր նրանք բարձրացրին վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
– Հանդիպումն անցել է ակտիվ աշխատանքային ռեժիմի պայմաններում: Դրան նախորդել էր հայ-չեխական բիզնես ֆորումը: Հովիկ Աբրահամյանը, որպես ԱԺ նախագահ, Չեխիա էր եկել 2012թ., այն ժամանակ հանդիպեց հայ համայնքի հետ, դրան հաջորդեց ՀՀ նախագահի այցը, նա ևս հանդիպեց հայ համայնքին, այս անգամ որոշվեց հանդիպում կազմակերպել գործարարների հետ: Հարցերը հիմնականում տնտեսական բնույթի էին: Եղան մի շարք սուր հարցեր: Դրանցից մեկն այն մասին էր, թե որքանով են Հայաստանում գործարարներն անվտանգ ու պաշտպանված, որպես օրինակ` մատնանշվեց Գոհար Ենոքյանի ձերբակալությունը:
Ես հարց ուղղեցի Իրան-Հայաստան գազամուղի վերաբերյալ և տեղեկությունների, թե գազամուղի վերջին 40 կմ հատվածը ևս փոխանցվելու է «Գազպրոմին», այսինքն՝ գազամուղի թողունակության հարցը լուծվելու է «Գազպրոմի» կողմից: Հ.Աբրահամյանը պատասխանեց, թե կապ չունի՝ ումն է գազամուղը, քանի որ գազն Իրանինն է, գնողը՝ Հայաստանը, և որքան ցանկանան` այնքան էլ կգնեն, ինչպես գնում են Ռուսաստանից:
Միևնույն ժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ սկսել են աշխատանքները գազամուղի երրորդ գծի կառուցման շուրջ, որն իրականացվում է 107 միլիոն դոլար իրանական կողմի ֆինանսավորմամբ, և այդ գազամուղի կառուցումից հետո այն տնօրինվելու է միայն Իրանի ու ՀՀ-ի կողմից: Ըստ Հ. Աբրահամյանի՝ ՀՀ-ն դրանով հնարավորություն կստանա այնքան գազ գնել, որը թույլ կտա նաև գազ արտահանել: Դա նորություն էր ինձ համար:
Հարց եղավ նաև այն մասին, որ վերջին երեք ամսվա ընթացքում, երբ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, ՀՀ տնտեսությունն անկում է ապրել, և նույնիսկ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը նվազել է 40%-ից ավելի, որի պատասխանը հետևյալն էր, որ դա կապված է պատժամիջոցների հետ, ռուբլու և դրամի արժեզրկման, և միգուցե մոտ ժամանակներս, լուրջ հիմքեր ունեն ասելու համար, որ անկումից դուրս կգան և, ընդհակառակը, գործնական և տնտեսական աճ կարձանագրեն:
Հարց եղավ նաև այն մասին, որ ռուսական ճգնաժամը երկար ժամանակ է պահանջելու, տարբերակ կա՞ ԵՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ի հետ ասոցիացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, ինչին պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ չեն կարող իրենց ընկերոջը վատ դրության մեջ լքել: Դրանից բացի՝ մատնանշվեց ԼՂ խնդիրը, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները ոչ միայն տնտեսական են, այլև քաղաքական: Էկոնոմիկայի նախարարն իր հերթին` հավաստիացրեց, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ նույնիսկ ավելի շատ պայմանագրեր ու համաձայնագրեր է ստորագրել, քան նույնիսկ ասոցիացված երկրները:
– Ի՞նչ տպավորություն ստացաք հանդիպումից:
– Իմ տպավորությունն այնպիսին էր, որ այն պաշտոնյաները, որոնք եկել են Չեխիա, ոչ թե Հայաստանից են եկել, այլ իրենց ստեղծած աշխարհից: Այդ թվերը, զեկույցները, հաջողությունները, որոնց մասին նշում էին, կարծես Հայաստանի մասին չլինեին:
– Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո չեխ գործարարները կամ Չեխիայում հայ գործարարները որքանո՞վ են հետաքրքրված Հայաստանում ներդրումներ կատարելով, երբ կան բավականին լուրջ խոչընդոտներ, ընթացակարգեր՝ կապված ՀՀ-ի ԵՏՄ անդամակցության, այսինքն՝ չափանիշների տարբերության հետ: Որքանո՞վ են սա սահմանափակում այդ ներդրումային հեռանկարները:
– Յուրաքանչյուր գործարար ներդրումային ծրագրեր սկսելուց առաջ մտածում է այն երկրի կայունության և կոռուպցիայի մակարդակի մասին, որում պատրաստվում է ներդրումներ կատարել: Հայաստանում այսօր, ցավալի է, բայց այդ նախապայմանները չկան. ոչ կայուն տնտեսություն, ոչ քիչ մակարդակի կոռուպցիա, գործում է քրեաօլիգարխիկ համակարգ, որը սահմանափակում է Հայաստանի գրավչությունը, հիմնական ուղղություններով առևտուր անելու հնարավորությունը: Ուստի Հայաստանում չեն աշխատում միջազգային, համաշխարհային հսկայական ցանցերը, որոնք հնարավորություն ունեն իրենց հաճախորդներին մատակարարել սննդի, կենցաղային տեխնիկայի ավելի ու ավելի մատչելի ու որակյալ ծառայություններ:
Նույն Չեխիայում գործում են տարբեր ցանցեր, բայց իրենք իրար հետ մեծ մրցակցության մեջ են, և դրա հետևանքով` իրենց ապրանքների թե՛ որակն է տարեցտարի բարձրանում, թե՛ գինն է նվազում, որպեսզի հենց իրենց ապրանքը գնվի: Իսկ Հայաստանում այդ սիստեմը չի գործում, որովհետև Հայաստանը թաղված է մենաշնորհների, կապերի մեջ: Չեմ բացառում, որ որևիցե չեխ բիզնեսմեն ծրագիր սկսի Հայաստանում, բայց դա ընդամենն ապագայի համար ինչ-որ հիմնաքար կարող է լինել, ոչ ավելին: Լուրջ ներդրումները ներկայիս պայմաններում իրատեսական չեմ համարում: