Պալաչը զգուշացնում է՝ «Ընտրակեղծիք անողների թաթիկները կկոտրենք, մեղմ ասած»

168.am-ի զրուցակիցն է Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը (Պալաչ):

– Պարոն Հարությունյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա ընտրություններից ու ինչպե՞ս եք գնահատում Ձեր և մյուս թեկնածուների ուժերը:

– Ես ինձ չեմ գովա՝ այդ ուժերի մասին խոսելով: Փառք Աստծո, տեսնում եք՝ ինչ ուժերի մասին է խոսքը: Փառք Աստծո, աբովյանցին ուժեղ է, աբովյանցին լավ, ուժեղ դիրքերի վրա է գտնվում, գտնվում է այնպիսի դիրքերի վրա, որ մոտ 20 տարի այսպիսի դիրքեր չի ունեցել Աբովյան քաղաքի բնակիչը՝ ազատ կամք արտահայտելու իրավունք, որ ինքը գնա ընտրության ու ունենա այնպիսի թեկնածու, որը թույլ չտա ընտրակեղծիքներ անեն: Այսպիսի շատ լավ հնարավորություն չի ունեցել աբովյանցին, դրա համար աբովյանցին արթնացել է այսօր, խոսում է, ուրախանում է, տոնում է:

– Ըստ Ձեզ՝ պայքարը թե՞ժ է լինելու, ու Ձեր հիմնական մրցակից ո՞ւմ եք համարում:

– Ի՞նչ է նշանակում՝ թեժ: Մարդիկ պետք է գնան ընտրության, մարդկանց ոչ ոք չի կարող ստիպել գնալ ընտրության: Ես բոլորին կոչ եմ անում ընդամենը գնալ ընտրության, կոչ չեմ անում՝ ինձ ընտրեն: Իսկ եթե ես կոչ եմ անում՝ գնալ ընտության, մարդիկ ընդամենն իրենց կամքով պետք է գնան ընտրության: Ի՞նչ է նշանակում՝ թեժ պայքար, ձեռակռիվ հո չե՞նք կպնելու, հերիք է, որ մարդկանց ստիպեն՝ գնալ ինչ-որ մեկին ընտրել, կամ մարդիկ չգնան էլ ընտրության, վերջում դուրս գա՝ այնքան շատ մարդ է գնացել, որ… Այս անգամ թույլ չենք տա:

– Ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակից:

– Ձեզ՝ լրատվամիջոցներիդ, դո՞ւր է գալիս՝ անընդհատ այդ բառը լսեք: Ես կասեմ հետևյալը՝ երբ Ծառուկյանի շքախումբն ամբողջ օրն ընտրություններով զբաղված մարդկանց է տեսնում, երբ մարզպետն իր մարզպետական լիազորություններով մարդկանց վրա ազդում է՝ դպրոցի և մանկապարտեզի տնօրեններին, մարդկանց, ովքեր գալիս իմ կողքին կանգնում են՝ աշխատանքից ազատում են, քաղաքապետարանի անձնակազմը հերիք է՝ մեկը շփոթվեց, իմ մասին լավ խոսք ասեց, մարզպետը գործից ազատում է, իսկ մեր հարգելի մարզպետը Գագիկ Ծառուկյանի փեսան է: Այսինքն՝ իմ մրցակիցն ո՞վ է:

– Ո՞ւմ նկատի ունեք՝ Վահագն Գևորգյանի՞ն:

– Ոչ, Գագիկ Ծառուկյանին:

– Հաշվի առնելով այն, որ քաղաքապետի թեկնածուներից Վահագն Գևորգյանին սատարում են Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, այսինքն՝ խոշոր կուսակցությունները, ինչքանո՞վ եք իրատեսական համարում արդար ընտրությունները և մտավախություն չունե՞ք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղաքապետն արդեն ընտրված է:

– Դե, տեսնո՞ւմ եք, Դուք ասացիք, ես չասացի այդ շշուկների մասին: Այդ շշուկներն ովքե՞ր են տարածում. տարածում են «Բարգավաճ Հայաստանի» և մարզային Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ մարզպետարանը, մարզպետը, Ծառուկյանի ամբողջ պահակախումբը: Դա նշանակում է, որ մարդկանց կարծիքը հաշվի չեն առնում, աբովյանցու կարծիքը հաշվի չեն առնում, իրենք մինչև այսօր որոշել են ու մարդկանց դրել են, հիմա էլ ուզում են այդ նույն մեխանիզմով աշխատեն, դա չի անցնում արդեն:

– Ինչո՞ւ չի անցնի, ի՞նչ եք անելու, որ արդար ընտրություններ ապահովեք:

– Խնդրելու եմ մարդկանց, որպեսզի ընտրակեղծիք չանեն, այլապես թաթիկները կկոտրենք, մեղմ ասած:

– Ո՞ւմ թաթիկները կկոտրեք:

– Ովքեր ընտրակեղծիք կատարեն:

– Այսօրվա հավաքի ժամանակ ասացիք, որ, եթե քաղաքապետ դառնաք, վերանալու են ճնշումներն աբովյանցիների նկատմամբ, ինչպես նաև՝ այն վախի մթնոլորտը, որը կա քաղաքում: Այսինքն՝ մինչ այս եղե՞լ է այդ ամեն ինչը:

– Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է՝ Աբովյանն այնպես շատ դրախտի մեջ ապրող քաղա՞ք էր, իհա՛րկե եղել է: Ես ինչ որ խոսում եմ, օդից բառեր չեմ ասում, կամ չեմ ասում, որ գան ինձ ընտրեն:

– Այդ դեպքում՝ ո՞վ է պատասխանատու այդ ամենի համար՝ այդ ճնշումների, վախի մթնոլորտի:

– Դուք պրովոկացիոն հարցեր եք տալիս: Պատասխանատուները շուտով պատասխան կտան ոչ թե իմ, այլ իրենց հոգու և խղճի առաջ: Իսկ ընդհանրապես մենք ամեն ինչ անելու ենք, որ շատ լավ հարաբերություններ ունենանք բոլորի հետ, ոչ մի թշնամություն այս քաղաքում թույլ չենք տալու:

– Ձեր լոզունգն է՝ «Աբովյանը՝ աբովյանցիներին»: Այսինքն՝ մինչ այս Աբովյանն աբովյանցիներինը չի՞ եղել, որ հիմա ուզում եք աբովյանցիներին վերադարձնեք:

– Ոչ, Աբովյանն իշխել են դրսից այլ ուժեր, ինձ մի ստիպեք՝ ես մեկնաբանեմ:

– Ի՞նչ ուժերի մասին եք խոսում, չե՞ք ուզում անուներ տալ:

– Ոչ, դրսից այլ ուժեր են ղեկավարել, ես ընդամենն ուզում եմ, որ այս քաղաքը ղեկավարի այս քաղաքի բնակիչը, բայց հարգի նաև դրսի ուժերին:

– Բացի Ձեզնից՝ ո՞ր թեկնածուի ընտրության դեպքում Դուք ընտրություններն արդար կհամարեք:

– Ես ոչ մի թեկնածուի հասցեին էլ վատ բան չեմ ասի, բոլոր թեկնածուներն էլ թեկնածուներ են, բացի այն մեկից՝ այն կեղծ Արթուր Հարությունյանից, դա միտումնավոր այս ամբողջ ընտրական պրոցեսի մեջ ներդրված, առաջադրված մի շնչավոր առարկա է, այնքան որ, մարդկանց մոլորության մեջ գցեն, նման մարդկանց ի՞նչ ասես:

– Իրենից ոչ մի տեղեկություն չունե՞ք:

– Ես չեմ ճանաչում նրան, չեմ էլ ուզում ճանաչեմ:

– Ձեր չընտրվելու դեպքում՝ որո՞նք են լինելու Ձեր գործողությունները: Հնարավո՞ր է՝ բողոքի ցույցեր անեք:

– Չկա նման բան:

Չե՞ք ընդդիմանա, կասկածի չե՞ք ենթարկի ընտրությունների արդարացիությունը:

– Շատ ուշադիր ձայնագրեք իմ բառերը՝ ես ընտրվելու եմ, դա լավ իմացեք, որովհետև աբովյանցին արդեն ուշքի է եկել, աբովյանցին այսօր մեծ մասով հույսերը կապում է իմ անվան հետ, որովհետև իմ ընտրվելով՝ աբովյանցին համարում է, որ ինքն է ընտրվել: Այնպես որ, նման տարբերակ չկա: Իմ չընտրվելու դեպքում՝ նշանակում է՝ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, իսկ ընտրակեղծիքները տեղի են ունենում այն ժամանակ, երբ դիմացի թեկնածուն թույլ է:

– Այսինքն՝ եթե Դուք չընտրվեք, կհամարեք, որ ընտրակեղծիքներ են եղել, այդ դեպքում ի՞նչ եք անելու:

– Բայց ես պետք է թույլ լինեմ, որ ընտրակեղծիք թույլ տամ, ընտրակեղծիքների դեմն արդեն առնված է, իրենց վրա էլ խաբար չկա, եթե իրենք իրենց գլխներից ձեռք են քաշել, թող մի հատ փորձեն այդ օրն ընտրակեղծիք անել, իրենց այդ խոստացած հանձնաժողովի անդամները, ում վզին դրել են, որ պետք է անպայման ընտրակեղծիք անեն, թող փորձվեն, հետո կտեսնեն՝ ինչ է կատարվում, ինձ թվում է՝ հետո սաղ կյանքները կզղջան, որ նման բան արեցին:

– Ձեր հավաքի ժամանակ նշեցիք, որ, եթե «ճանապարհներ են սարքում, իրենց փողերով չեն սարքում, այլ՝ ժողովրդի»: Վահագն Գևորգյանի մասի՞ն էր խոսքը:

– Ճանապարհներ սարքելն ընտրակաշառք է համարվում, այսօր որ քաղաքապետարանին հարցնում ես՝ ո՞վ է սարքում, ասում է՝ քաղաքապետարանը, ասում ես՝ ո՞ւմ համար, ասում է՝ Վահագն Գևորգյանի: Դուրս է գալիս՝ քաղաքապետարանը կաշառք է բաժանում Վահագն Գևորգյանի համար:

-Այդ ամենի դեմ ինչպե՞ս եք պայքարելու:

– Դրա դեմ պայքարելու եմ՝ մարդկանց այսպես բարևելով (Մոտենում է աբովյանցիներին ու բարևում.– Ա. Ք.)

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս