Վրձնի փոխարեն` արդուկ. էնկաուստիկա
Եթե վրձնի փոխարեն վերցնենք արդուկը, մոմամատիտն ու ֆոտոթուղթը, ապա կստանանք մի արվեստ, որ կոչվում է էնկաուստիկա: Էնկաուստիկա հունարենից թարգմանաբար նշանակում է՝ այրել: Այն արդուկի օգնությամբ մոմամատիտի տաքանալն ու դրանով ֆոտոթղթի վրա նկարելն է: Առաջին էնկաուստիկաները հայտնաբերվել են Լիբիական անապատի Ֆայյում օազիսում. այդ է պատճառը, որ շատ հաճախ կոչվում են ֆայյումյան: Իրական էնկաուստիկան գործընթաց է, որի ժամանակ գույնը միաձուլվում է մեկ այլ մատերիալի` օրինակ՝ փայտի հետ (Հնում էնկաուստիկաները նկարում էին փայտի վրա):
Էնկաուստիկան (հայերեն` մոմանկարչություն) Հայաստանում տարածված չէ, շատ քչերն են զբաղվում դրանով: Նրանցից մեկը Նելլի Կարապետյանն է: Նելլիի խոսքերով՝ արվեստն այդքան էլ բարդ չէ. անհրաժեշտ է մոմամատիտն արդուկի օգնությամբ հալեցնել և արդուկով նկարել ֆոտոթղթի վրա: Անհրաժեշտ են նկարչական հմտություններ ու անսպառ երևակայություն:
Էնկաուստիկաները կրկնօրինակել հնարավոր չէ. Որքան էլ փորձես կրկնօրինակել, միևնույն է, ամեն անգամ ծնվում է նոր ստեղծագործություն: Արվեստի առավելությունն այն է, որ այս տեխնիկայով կատարված ստեղծագործությունները երկար ժամանակ պահպանում են գույների պայծառությունն ու թարմությունը:
Նելլիի խոսքերով՝ յուրաքանչյուր նկարում պատկերված է նկարողի հոգեվիճակը` գույների տեսքով, կարևորը նկարը նկարչից չկտրելն ու տրամադրությունը փոխանցելն է:
Հայաստանում չկան մասնագիտացված կենտրոններ էնկաուստիկա սովորելու համար: Սակայն Նելլին նշեց, որ իրենք, փոքրաթիվ երիտասարդներով, քայլեր են ձեռնարկում արվեստի դպրոցներում դասավանդելու և արվեստը տարածելու համար: Մոտ ապագայում նաև ցուցահանդես կազմակերպելու միտք կա, որը Հայաստանում էնկաուստիկայի տարածման առաջին քայլերից կլինի:
Էնկաուստիկան իր նրբություններն ու առանձնահատկություններն ունի. Պետք է զգալ գույնը, պահպանել գծի կուլտուրան, լուծել լույսի և ստվեր խնդիրը և, ամենակարևորը, պահպանել ներդաշնակությունը: Էնկաուստիկայով հիմնականում ստեղծվում են դիմանկարներ:
Ստեղծագործությունները ոչ մի տեղ չեն ցուցադրվում: Նկարիչները սպասում են ցուցահանդեսի ու Հայաստանում գեղանկարչության այս ճյուղի զարգացմանը:
ԷԼՄԻՐԱ ՄԻՐԱԲՅԱՆ