Հնդկացորենի բուժիչ հատկությունները (դեղատոմսեր)
Հնդկացորենը, ինչպես նաեւ ավելուկը, խավրծիլը (Rumex եւ Rheum), մատիտեղ օձի, մատիտեղ թռչնի եւ այլ բուժիչ հատկություններ ունեցող բույսերը, պատկանում է մատիտեղազգիների (Polygonaceae) ընտանիքին։ Զարմանալի պատմական անցյալ եւ ճակատագիր ունի այդ բույսը։ Հայրենիքը Հիմալայան լեռների արեւմտյան հարթավայրերն են, մշակվում է ավելի քան չորս հազարամյակ, Պատմական Հայաստանի տարածքում` մոտ կես հազարամյակ ավելի ուշ։ Այն հնում համարել են ունդ եւ անվանել են «սեւ բրինձ»։ Արաբները բերել են այն Պիրենեյան թերակղզի, որտեղից տարածվել է դեպի իսպանական գաղութ հանդիսացող Ֆլանդրիա (Բելգիա, Հոլանդիա), որտեղ մշակվում եւ նույնիսկ արտահանվում է նորագույն ժամանակաշրջանում։ Հետաքրքիր է, որ ռուսներն անվանում են բույսը «գրեչիխա» (հունական) այնինչ հույները եւ իտալացիները այն անվանում են «թաթարական», իսկ բուլղարացիները` «ելդա»։
Ունդի կարգավիճակում բույսը մնացել է այնքան ժամանակ, մինչեւ Կ. Լինեյը ելնելով հնդկացորենի սերմի եւ հաճարենու (Fagos) ընկուզիկի արտաքին նմանությունից, անվանել է այն Fagopyrum, գերմաներեն հնչում է այլ ձեւով` Buchweizen, սակայն կրում է նույն իմաստը` «հաճարանման ընկույզ»։
Հնդկացորենը պահանջկոտ չէ հողի եւ խնամքի նկատմամբ, ջերմասեր է եւ լուսասեր։ Հնդկացորենի դաշտում գրեթե չկան մոլախոտեր, այն չունի քիմիական նյութերով մշակման կարիք, էկոլոգիական մաքրության տեսակետից անխոցելի է։
Անցյալ դարի վերջին տասնամյակներում բույսի արտադրական համաշխարհային ծավալը հետզհետե աճել է, սակայն 2005 թվականին այն նվազել է 1,82 անգամ, իսկ 2010-ին այդ բացասական ցուցանիշը հասել է 2,49-ի։ Զուգահեռաբար աճել են այս հրաշալի դիետիկ սննդամթերքի գները։
Կարծում ենք, որ այսպիսի անկման «մեղավորները» մեղուներն են։
Հնդկացորենի ծաղիկներն ունեն 8 առէջքներ, վարսանդի վրա կան երեք սռնակներ, ապա ծաղիկների մի մասի վրա ավելի արտահայտված են առէջքները, մյուսի վրա` սռնակները։ Այս կենսաբանական առանձնահատկությունը նպաստում է բույսի խաչաձեւ փոշոտման արդյունավետությանը։ Ծաղիկները բազմերանգ են, բուրումնավետ։ Ծաղկահյութի արտադրությունը բարձր է առավոտյան ժամերին` մինչեւ կեսօր, երաշտի ժամանակ գրեթե դադարում է։
Բույսը պտղաբերում է օգոստոսին, բերքի քանակը մեծապես կախված է մեղուների այցելությունների քանակից։ Եթե մոտակայքում չկան մեղվափեթակներ, ապա բերքատվությունը կնվազի մոտ երեք անգամ։ Չորս հազար քառակուսի մետր ցանքատարածքի լիարժեք փոշոտման համար բավարար է մեկ ուժեղ մեղվաընտանիք։ Սակայն, ցավոք, պետք է նշել, որ վերջին տարիներին Երկիր մոլորակի բազմաթիվ երկրներում գրանցվում է մեղուների զանգվածային «անհետացում»։ Պատճառները ակնհայտ են։ Այնուամենայնիվ, ՀՀ-ում ուժեղ մեղվաընտանիքների թիվը կարծես թե ավելացել է։
Բուժիչ նպատակներով մթերում են բույսի ցողունի գագաթային մասը` ծաղկման շրջանում։ Պարունակում է մեծ քանակությամբ ռուտին, թթուներ (գալլի, սուրճի, քլորոգենի), կատեխինային նյութեր, ֆագոպիրին։
Սերմը պարունակում է մոտ 14 տոկոս սպիտակուց, որի մեջ կան արժեքավոր լիզին եւ տրիպտոֆան ամինաթթուները, 70 տոկոս օսլա, 3 տոկոս ճարպ, 0,5 տոկոս շաքարներ, 1 տոկոս բջջանյութ, օրգանական թթուներ (թրթնջուկի, կիտրոնի, խնձորի)։ Հարյուր գրամ հումքի մեջ կան վիտամիններ` E-6,65 մգ, B1-0,43, B2-0,2, B6-04, B9-32 մկգ, PP-4,19 մգ, բետա կարոտին-0,006 մգ, յոդ-4 մկգ, կոբալտ 3,1 մկգ, պղինձ-0,64 մգ, ցինկ, բոր, երկաթ եւ այլն։
Բավարարին մոտ է կալցիումի (55 մգ), ֆոսֆորի (298), մագնիումի (78), կալիումի (380) փոխհարաբերակցությունը։ Դրական է համարվում, որ չի պարունակում գլյուտեն, չի կլանում նիտրատներ։
Պարունակվող միկրոտարրերի բազմազանության շնորհիվ հնդկացորենն օգտակար է շաքարային դիաբետի, պանկրեատիտի, խպիպի դեպքում։ Լեցիտինը նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։
Ի տարբերություն հացահատիկային բույսերի` չի պարունակում սնձան, սակայն գերազանցում է դրանց սպիտակուցների սննդարարությամբ, հատկություններով մոտ է լոբազգիներին։ Հնդկացորենը դյուրամարս է։ Կալորիականությամբ (333-348 կկալ) չի զիջում հացահատիկային եւ լոբազգի (բացառությամբ արախիսի) բույսերին։ Պահպանման ժամկետն ավելի մեծ է, քանի որ ճարպը կենտրոնացած է սերմի ներքին մասում։ Հնդկացորենի բուժիչ արժեքը բարձրացնում է նիացինը (PP), այս հատկանիշով բուսական ծագում ունեցող մթերքներից զիջում է միայն արախիսին, հավասար է ծիրանաչրին։
Նիացինը կարգավորում է նյութափոխանակման գործընթացը (ճարպի, սպիտակուցի, ածխաջրերի յուրացում)։ Այս վիտամինի սակավությունը բերում է pelle-agra հիվանդության առաջացմանը` երբ նկատվում է.
- մաշկի չորություն, թեփոտում, կարմրատակում, քոր, այտուց,
- չորության զգացում բերանում, վերքեր լեզվի եւ աղիների լորձաթաղանթի վրա, ստամոքսի խանգարումներ,
- անքնություն, թուլություն, նյարդային վիճակ։
- Սթրեսային վիճակը օրգանիզմի հակազդեցությունն է ինչ-որ վտանգների հանդեպ։ Սուր սթրեսն ուղեկցվում է ադրենալինի արտազատումով եւ կարճատեւ է։ Ապա կորտիզոլի արտազատումը մակերիկամներից կարող է ունենալ կարճատեւ (ժամեր) կամ երկարատեւ` քրոնիկ բնույթ։ Այս իրավիճակում խորհուրդ է տրվում.
- Հնդկացորենի սերմը չորս ժամ պահեք ջրի մեջ, տաքացրեք 2-3 րոպե, կումերով խմեք թուրմը եւ դանդաղ ծամեք սերմերը։
Նիացինը նպաստում է հաճույքի հորմոնի ակտիվացմանը, սթրեսը հետզհետե հաղթահարվում է, բարձրանում է շարժողական ակտիվությունը, առաջանում է հետաքրքրություն կյանքի հանդեպ։
Զգուշացում։ Բույսի կանաչ մասը ուտելի չէ, պարունակում է թունավոր նյութեր։ Սերմը բարձրացնում է արյան մակարդելիությունը, ավելացնում մաղձը, լորձը, առաջացնում է գազեր։ Ահա սա էր պատճառը, որ հազարամյակներ շարունակ ազնվական դասը չէր ուտում այն, այնինչ 20-րդ դարում հնդկացորենը ստացավ «Ձավարեղենի թագուհի» մակդիրը։ Որպես դիետիկ սնունդ` խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 150-250 գրամ։
- Հնդկացորենից պատրաստված քաշովին (փլավ) ունի լուծողական հատկություն։ Ամրացնում է արյունատար անոթները, ավելացնում է արյունը, օգտակար է անեմիայի դեպքում։ Խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության, հիպերտոնիայի դեպքում, նպաստում է տեսողության լավացմանը։
Դեղատոմսեր
Սրտի նևրոզ, առիթմիա, հիպերտոնիա. Խառնեք չորածաղկի խոտը, հնդկացորենի ծաղիկը (1։1)։ Հումքից 1 թ/գ թրմեք 1 ժամ` 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Շաքարային դիաբետ.
- Փոշիացրեք 1 ճ/գ չխարկած սերմը (ընտրեք բաց գույնը), լավ խառնեք 200 մլ մածունի մեջ եւ անմիջապես խմեք օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան։
- Երեկոյան քնելուց առաջ 2 ճ/գ հնդկացորենի վրա լցրեք կես բաժակ մածուն եւ առավոտյան կերեք քաղցած վիճակում։
Խպիպ. Փոշիացրեք 200-ական գրամ ընկույզի միջուկ եւ հնդկացորենի սերմ, հեղուկացեք 200 գ մեղր եւ շերտերով խառնեք բոլոր երեք բաղադրիչները։ Կերեք մեկ օրվա ընթացքում։ Երեք օրից պատրաստեք նույն ձեւով, բաժանեք հավասար մասերի եւ կերեք 9 օրում, ընդմիջեք 3 օր։ Պատրաստեք հերթական չափաբաԺինը եւ կրկին կերեք 9 օրում։ Կատարեք 3-6 ամիսը մեկ։
Խորխաբեր. 50 գ ծաղիկը թրմեք 1 լ ջրի մեջ, խմեք մեկ օրվա ընթացքում` գոլ վիճակում։
Այրուցք. Կերեք փոքր քանակությամբ հում սերմեր։
Անեմիա. 1 ժամ թրմեք հնդկացորենի ծիլերը եռջրի մեջ (1։20), խմեք մեկ օրվա ընթացքում։
Մեջքի ցավ. Սերմերը ծածկեք ջրով (հավասար), եփեք ջեռոցի մեջ` մինչեւ հեղուկը գոլորշիանա։ Տեղադրեք երկտակ ծալած վուշե լաթի մեջ, ամրացրեք մեջքին, պահպանեք ջերմային ռեժիմը։
Դեղնախտ. Պատրաստեք շիլա, քսեք մաշկին` գոտկատեղից բարձր, առնվազն երկու ժամ պառկեք տաք տեղում։
Կոկորդի ցավ. Ցորենը տաքացրեք, տեղավորեք գուլպայի մեջ եւ կապեք կոկորդի շուրջ։
Սնունդը` դեղ
Շաքարային դիաբետ.
- Պատրաստեք քաշովի` 200 գ հնդկացորենի սերմից։ Կտրատեք 200 գ լոլիկ (կեղեւը հեռացրած), տապակեք 40 գ արեւածաղկի յուղով։ Ավելացրեք նախօրոք կտրատած, եփած 250 գ բադրիջան եւ 5 ատամիկ սխտոր։ Խառնեք` մինչեւ բադրիջանը մի փոքր տապակվի, եւ միացրեք հնդկացորենի հետ։ Համեմեք ռեհանով։
- Խառնեք 200 գ հնդկացորենի ալյուր եւ 50 գ մանրացրած նուշ, 1 թ/գ խմորիչը լուծեք գոլ ջրում։ Ավելացրեք 1 ճ/գ ձիթապտղի յուղ։ Բոլորը խառնեք, պատրաստեք խմոր, թողեք մինչեւ բարձրանա, բաժանեք մասերի, 20 րոպե եփեք ջեռոցում։
Մարսողությունը լավացնող. Եփեք 200 գ հնդկացորենի սերմ, կրակից վերցնելուց առաջ ավելացրեք 50 գ չոր ծովակաղամբ եւ 1 թ/գ քրքում։
Ֆոսֆատային քարեր երիկամներում. 200 գ հնդկացորենի մանրացրած ձավարին ավելացրեք եռջուր (այնքան, որ ծածկի հումքը), թրմեք` մինչեւ հովանա։ Խառնեք 400 գ դդումի քերվածք եւ 100 գ սոխեռած։ Եփեք 200 C ջերմաստիճանի պայմաններում, ջեռոցի մեջ։ Թավային քսեք յուղ։
Երիկամաբորբ. Պատրաստեք 80 գ հնդկացորենի քաշովի։ Եփեք 20 գ սոխ, մանր կտրատեք, տապակեք կարագով, լցրեք եփած թթվասերի մեջ եւ խառնեք հնդկացորենին։
Հնդկացորենի մեղր
Բույսի ծաղկման շրջանը մոտ մեկ ամիս է։ Մեղուները հավաքում են ծաղկահյութ եւ ծաղկափոշի։ Մեկ ծաղիկը օրվա ընթացքում արտադրում է 0,044-0,358 մգ շաքար եւ ծաղկահյութ։ Բարենպաստ եղանակի դեպքում մեկ մեղվաընտանիքը կարող է հավաքել 2-8 կգ մեղրի հումք։ Մեկ հեկտար հնդկացորենի մեղրատու հումքի արտադրողականությունը 100-200 կգ է։ Մեղրը ունի կարմրավուն երանգ, գույնը փոփոխական է` շագանակագույնի բաց երանգից` մինչեւ մուգը։ Ունի հաճելի արտահայտված բուրմունք եւ համ, բյուրեղացումից հետո (2-3 ամիս) առաջանում են մանր բյուրեղիկներ, որոնք կազմում են շիլայանման զանգված։
Հարուստ է երկաթով` մի քանի անգամ ավելի շատ, քան բաց գույնի տեսակներում, տարբերվում է սպիտակուցների բարձր պարունակությամբ։ Կիրառվում է անեմիայի, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային, աղեստամոքսային, մաշկային հիվանդությունների դեպքում։
Սակավարյունություն.
- Խառնեք 1-ական միջին սոխի եւ խնձորի քերվածքները, 2 ճ/գ մեղր։ Կերեք մեկական ճ/գ, օրը 4 անգամ` սնվելուց հետո։
- Երեխային տվեք գոլ ջրում լուծած մեղր։ Չափաբաժինը կախված է տարիքից։
Օրգանիզմն ամրացնող. Խառնեք 100 մլ հալվեի եւ 150 մլ կիտրոնի հյութերը, 300 գ մեղր, 500 գ մանրացրած ընկույզ։ Խմեք 1-2 թ/գ` օրը 3 անգամ։
Ասթենիա. 50 գ չոր մանրացրած վաղենակի ծաղիկը 30 րոպե եփեք 3 լ ջրում։ Թրմեք 12 ժամ, քամեք։ Ավելացրեք 400 մլ բռնչի սովորականի հյութ, 300 գ մեղր։ Խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ։ Թուրմը հակացուցված է հիպոտոնիայի դեպքում։
Գետնանուշ (արախիս)
Գիտական անվանումն է` Arachis hipogaea, լոբազգիների ընտանիքի բույս է։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։
Պտղից ստանում են որակյալ յուղ, որն իր հատկություններով մոտ է նուշին։ Քուսպից ստանում են օսլա կամ կերակրում անասուններին։ Պտուղը պարունակում է մինչեւ 60 տոկոս ճարպային թթուներ, 25 տոկոս սպիտակուց, շաքար, բջջանյութ, սապոնին, վիտամին E, նիկոտինաթթու (PP), պանտոտենաթթու (B5), բիոտին (H), քոլին (B4):
Հարուստ է հակաօքսիդանտ հատկություն ունեցող պոլիֆենոլային նյութերով, որոնց պարունակությանը պտուղը ջերմային մշակման ենթարկելու ընթացքում հասնում է մինչեւ 20-25 տոկոսի։ 100 գրամ հումքի մեջ պարունակվում է 2,8 մգ քոէնզիմ` Q10։
Յուղի մեջ պարունակվող չհագեցած լինոլի թթուն ունի հակասկլերոտիկ ազդեցություն։ Պատյանը պարունակում է գլիկոզիդ արախիտոզիդ, ներկանյութեր, կանաչ մասում կա ալկալոիդ արախին։
Խորհուրդ է տրվում սիրտ-անոթային հիվանդությունների, դեպրեսիայի, սթրեսի, ուռուցքների կանխարգելման համար, դանդաղեցնում է ծերացման ընթացքը։
Յուղը օգտագործվում է դեղագործական եւ գեղարարական նպատակներով։
Զգուշացում։ Գետնանուշի կալորիականությունը բարձր է. աղաջրում տապակածը` 585, խաշածը` 375 կկալ է։ Պարունակում է ալերգեն նյութեր։
Խորհուրդ չի տրվում գիրության, հոդատապի, արթրոզի դեպքում։
Ստամոքսի եւ տասներկումատնյա խոցի ոչ սուր ընթացքի դեպքում. Փոշիացրեք պտուղը, թրմեք եռջրում (1։20)։ Խմեք հեղուկը։
Դիմադրողականությունը բարձրացնելու համար. Պտուղը տաքացրեք յուղի մեջ (կարճատեւ), առանձնացրեք կճեպը, եւ 1 ճ/գ-ն թրմեք երկու շաբաթ մութ տեղում` 150 մլ օղու մեջ։ Խմեք օրը 7-10 կաթիլ` կաթի հետ։ Պտուղը կերեք։