Բաժիններ՝

«Լիցենզիայի համար պետք է վճարվի, հաշվիչ պետք է առնվի, մոտավորապես մի 150.000 դրամ փող կենե»

Asparez.am-ըգրում է.  Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի 2500 անհատ տաքսու վարորդներ գրավոր կերպով դիմել էին իշխանություններին, քանի որ գտնում էին՝ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1471-Ն որոշմամբ խախտվում են իրենց իրավունքները:

Ըստ տաքսու վարորդների, իրենք պատրաստ չեն լիցենզիայի գումար վճարել եւ իշխանություններին առաջարկել էին դրա փոխարեն, ամսական 2500-3000 դրամ գումար վճարել, որպես հաստատագրված կամ արտոնագրային վճար կամ այլ տեսակի հարկ կամ տուրք՝ պետական կամ համայնքային բյուջե, քանի որ ՀՀ այլ քաղաքների համար ամսական 8000 դրամ պարտադիր գումար սահմանելն հիմնավորված չէ:

Ի պատասխան վարորդների դիմումի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալից Ս.Ռ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղին եկած պատասխանում նշված էր, որ մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման անհրաժեշտ պահանջ է համարվում տաքսոմետրը (սակաչափիչը), որի արժեքը սկսվում է 23.000 ՀՀ դրամից:

Իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար վճարվող պետական տուրքին, ապա այն սահմանված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ գլխի 15.6-րդ կետով՝ բացի Երեւան քաղաքից, որտեղ այն ամսական կազմում է բազային տուրքի 12-ապատիկի չափով, իսկ ՀՀ այլ քաղաքներում 8-ապատիկի:

Քանի որ տաքսու վարորդներին չէր բավարարել իշխանությունների՝ իրենց տրված պատասխանը, ուստի մայիսի 20-ին՝ Գյումրու Վարդանանց հրապարակում հավաքված սակավաթիվ անհատ տաքսու վարորդները որոշել էին կրկին իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Հրապարակում ներկա էին մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ նաեւ բարձրաստիճաններ: Երեկ Գյումրի էր այցելել նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը:

Հետաքրքիրն այն է, որ Գյումրու քաղաքապետարանի ինքնակամ շինությունների եւ հողի վերահսկողության բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը վարորդներին կոչ էր անում ցրվել, զբաղվել իրենց աշխատանքով: Փաստորեն, վերջինս վարորդներին համոզում էր, որ բողոքի ակցիան տեղի չունենա եւ կարծես, իրեն էր վերագրել ոստիկանական գործառույթներ:

-Ժողովուրդ ջան, գնացեք ձեր աշխատանքին,-ասում էր նա:

Լրագրողներն էլ Ս.Ղազարյանից հետաքրքրվեցին, թե ու՞մ անունից է նման հայտարարություններ անում: Բացի այդ, թող նա գա եւ տեսախցիկի առջեւ խոսի: Սակայն վերջինս խուսափեց տեսախցիկների առջեւ որեւէ պարզաբանում տալուց եւ մի կողմ քաշվեց: Զարմանալին այն է, որ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանը տաքսիստների բողոքին ներկա չէր, փոխարենը Ս.Ղազարյանն էր երեւի իրեն դրել տրանսպորտի բաժնի պետի տեղը եւ «հրամաններ» էր արձակում: Մինչդեռ, վերը նշված կոչերն հնչեցնելը բացարձակապես իր լիազորությունների մեջ չէին մտնում: Ենթադրելի է, որ նրան, թերեւս, ուղղակի «հանձնարարել» էին այդպես վարվել:

Երեւում էր, որ տաքսիստների մի մասին «վերեւներից», ներքին կարգով համոզել էին, որ չբողոքեն, մյուս մասին էլ գուցե ինչ-որ մեթոդներով «ահաբեկել» էին: Դա ակնառու դարձավ, երբ տաքսու վարորդներից մեկը սկսեց մյուսների վրա հոխորտալ, թե ինչու՞ եք եկել, գնացեք գործերիդ: Մի խոսքով, իշխանություններին կածես թե հաջողվում է պառակտել բողոքավորներին: Գուցե, որոշ ժամանակ տաքսու վարորդներին նեղություն չտան, բայց հետո իշխանություններն իրենց ուզածն անեն, այն ժամանակ, երբ հասկանան, որ բողոքի ալիքը թուլացել է:

Նշենք, որն այնուամենայնիվ, վարորդներից ոմանք ներկայացրեցին իրենց դժգոհությունը:

-Է, ինչ կառնի՞մ, օր հարկային դաշտ մտնիմ: Առավոտվանից կկանգնիմ, մե 500 դրամ հազիվ կունենամ: Էս քաղաքում ժողովուրդ էլ չի մնացել,-բողոքեց տաքսու վարորդներից մեկը:

-Մենք չենք փախնի, գիտենք, որ հարկ ու տուրք պետք է տանք, բայց դրա համար պետք է պայմաններ ստեղծեն: Դա էլ ո՞վ պետք է ստեղծի, ես չպետք է ստեղծեմ, այլ՝ պետությունը: Դժգոհությունն էն է, որ քաղաքը դարտկվել է, մարդ չկա: Աշխատանք չկա, մարդիկ գնում են ուրիշ տեղ աշխատելու, որ ընտանիք պահեն,-նշեց մեկ ուրիշը:

-Գործ չկա, եթե ես սաղ օրը կկանգնիմ, մե 500 դրամ չեմ կարող աշխատել, ինչղ պետք է հարկայինին գումար մուծեմ: Հա, պայման էղնի, հնարավորություն էղնի, հո չենք փախնի: Լիցենզիայի համար պետք է վճարվի, հաշվիչ պետք է առնվի, մոտավորապես մի 150.000 դրամ փող կենե: Ընտեղ, թե էլ ինչ տուրքեր կան, էդ էլ ես խաբար չեմ: Գյումրեցու համար պետք է սկիդկա էնեն, որ ոտքի կանգնինք: Հնարավոր չէ, էս քաղաքի վիճակը չեք տեսնի՞, թե ինչ է: Հարկ ու տուրքերը կրճատել պետք չէ, պետք է պայման ստեղծել: Երբ որ դու ընտանիքիդ հաց չես տանի, ի՞նչղ պետք է պայման ստեղծես: Երբ ես կարողանամ նորմալ աշխատեմ, գան ըսեն, ես էլ իրանց գումարը տամ, բայց հմի հնարավոր չէ,-նշեց մեկ այլ տաքսու վարորդ:

Վարորդներից մեկը նշեց, որ իրենց գիշերը գումար վերցնելուց եւ ընտրությունների ժամանակ են միայն հիշում:

Լրագրողները վարորդներից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչու են բողոքող վարորդները սակավաթիվ: Հարցին ի պատասխան, վարորդներից մեկը նշեց, որ իրենց ասել էին, թե բողոքի ակցիա է լինելու, իրենք էլ հավաքվել էին:

Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

-Նախարարության պատասխանը ջրիկ, շրջանցող, տառասխալներով պատասխան է: Ինչպես միշտ, ոստիկանական ուժերի, ազգային անվտանգության ծառայության անհամարժեք ներկայություն եղավ:

Հարցին, եթե իրավապաշտպան կազմակերպությունը վարորդների կողքին է, ապա ինչու՞ շատերը չներկայացան բողոքի ակցիային, զրուցակիցս նշեց, որ ոչ միայն իրենց կազմակերպությունը, այլեւ ուրիշ շատ այլ կազմակերպություններ են սատարում վարորդներին:

-Գիտեք, որ այս հիմնախնդիրն արդեն 8 տարի է, ինչ գոյություն ունի: Քաղաքացիական հասարակության դերը դա է, որպեսզի պաշտպանի անհատ մարդկանց շահերը: Սա իրենց արդարացի բողոքն է. պարզապես մենք ուզում ենք, որ այն ավելի հասցեավորված լինի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս