«Սեփական խանդավառությունը» մասնագիտություն չէ, կամ՝ պատասխան Գևորգ Էմին-Տերյանին
Ուզում եմ անդրադառնալ լրագրող Գևորգ Էմին-Տերյանի կողմից մի քանի օր առաջ հրապարակված «Ինչի՞ մասին է լռում բանավեճը. Պարարվեստի անտագոնիզմը» վերտառությամբ հոդվածին, որտեղ հեղինակն իրավիճակը միակողմանիորեն, սուբյեկտիվ պատկերացումների պրիզմայով ներկայացնելուց զատ, խառնաշփոթ էր առաջացրել այն ամենի շուրջ, ինչի անունն է` իրականություն։ Հոդվածում պարզ զգացվում էր ուղղորդված մտքերի ու թելադրանքի գործոնը, և լրագրողը, ցավոք, կամովին դարձել էր պատվիրատուի կամակատարը, չնայած ավելի լավ կլիներ, եթե նա երկու անգամ մտածեր, մինչև ոչինչ չասելը։
Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ նա հանդես էր գալիս` որպես շահագրգիռ կողմ, քանի որ բավական է նույնիսկ հպանցիկ հայացք նետել նրա ֆեյսբուքյան սոցիալական էջին։ Փորձ անելով, իբրև թե, անդրադառնալ հիմնական դպրոցում 2014թ. սեպտեմբերից ԿԳ նախարարության կողմից «ազգային երգ ու պար» առարկայի փորձարարական ծրագրի ներդրման ու դրա լուծման ուղիները մատնանշելու հիմնախնդրին, հոդվածի հեղինակը խնդրի կառուցողականության հետ որևէ աղերս չունեցող, պաթետիկ, որոշ դեպքերում` հակասական մենախոսության մեջ մտելով ինքն իր հետ, խնդրո առարկա հարցը տեղափոխել էր անձնավորված տիրույթ և հագուրդ տալով սեփական մտահորիզոնի բռնազբոս երևակայությանը, հայ պարարվեստին իսկապես հուզող մի քանի այլ հարցեր միտումնավոր խեղաթյուրելով` խուսանավել էր ասելու պարզ ճշմարտությունը. թե վերջ ի վերջո ի՞նչ է անում Գագիկ Գինոսյանը և ի՞նչ է առաջարկում Կարեն Գևորգյանը։
Եթե հաշվի չառնենք կրթական ցենզի և տարրական դաստիարակության իսպառ բացակայությունը, որը դրսևորվել էր մի քանի դիտարկումներում (օրինակ` մեծ հաշվով` պարարվեստն ընկալում են` որպես արհեստ, անցել են կարիերայի հաջորդ աստիճաններով, և այլն), ապա հոդվածն ինքնին կարելի է հաջողված համարել, քանզի լրագրողը վերջում` հետգրության մեջ, «արիաբար», վեր կանգնելով ակնհայտ կողմնապահությունից և չվախենալով նույնիսկ Գ. Գինոսյանի թրքաքրդաչերքեզակենտրոն մտքի չկայացած թռիչք հանդիսացող, բեմադրական արհեստածին, թրքանուն «չալմը դանգը» «հայկական ազգային պարի քոռ խանչալներից» (ի դեպ, այն իրականում ընդամենը Մուսալեռան պարեղանակ է և ոչ թե` պար), կողմերին և նրանց համախոհներին հրավիրել էր հրապարակախոսական բանավեճի։
Ինչևէ, Զևսի կնոջ` Թեմիսի դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ Գևորգ Էմին-Տերյանը գեթ մեկ իրողություն ճիշտ էր ներկայացրել` նշելով, որ բանավեճի մի կողմում պարարվեստի պրոֆեսիոնալներն են, ի դեմս` Կարեն Գևորգյանի։ Բայց վախենալով նայել նույն այդ արդարության աչքերին, մյուս կողմին ներկայացրել էր ոչ թե` որպես սիրողական պարարվեստի ներկայացուցիչ, ինչպես որ կա իրականում, այլ` հայկական ոգին փնտրող կիբեռնետիկ-ազատամարտիկ, ով այն գտնում է ազգային երգ ու պարում (իհարկե, բնավ չկարևորելով այն հանգամանքը, որ նա երգել չգիտի ու նույնիսկ ձայն էլ չունի, ուղղակի գրել էր, որ բռնի)։
Հեղինակը պարզապես մոռացել էր հավելել, որ Գ. Գինոսյանն այն դեռ չի գտել, քանի որ հակառակ պարագայում ինքզինքը մարգարե չէր կարծի և չէր փորձի իրեն հայ պարի «փրկիչ» կարգել և երեք խոսքից առնվազն երկուսն ամեն Աստծո օր նվիրաբերել այն մտքին, որ ինքը ոչ թե պար է ուսուցանում, այլ փորձում է հայ ժողովրդին վերադարձնել հայկական ոգին և արմատները` կարծելով, թե բոլորն այն կորցրել են կասկադի ճանապարհին, և կամ մեր դարավոր թշնամին այն արմատախիլ է արել, իսկ ոգին էլ` առևանգել ու փախցրել է…
Անհարմար է, սթափվե՛ք։
Ըստ նրա, հայ ազգային պարի բյուրավոր մյուս բոլոր մասնագետները, պարուսույցներն ու մանկավարժներն իրենց աշակերտներին «ընդամենը» հայկական պար են ուսուցանում, միաժամանակ` ոչ թե տալիս, այլ նրանցից խլում են հայի ուժն ու ոգին, հայրենասիրությունը, դեռ մի բան էլ ավելի…
Ի դեպ, պետք է փաստել նաև, որ Հայաստանում, վերոհիշյալ անձից բացի, փառք Աստծո, կան այլ պատվարժան և համեստ ազատամարտիկներ, ազգագրական պարի մի քանի տասնյակ հրաշալի մասնագետներ, գիտակներ, ովքեր այսօր էլ շարունակում են իրենց առաքելությունն ազգագրական պարի պահպանման, զարգացման և հանրայնացման շնորհակալ գործում։
Պարզապես նրանք դա անում են խոնարհաբար, առանց այդ մասին տեղի-անտեղի, պատեհ-անպատեհ բարձրաձայնելու և ամիսը մեկ անգամ կասկադում կենցաղային կոշիկներով պարելու։ Իսկ իրականությունն այն է, որ հարգարժան լրագրողն ընթերցողներին պետք է տեղեկացներ, որ իր պաշտպանյալը` հանդիսանալով սույն ծրագրի ղեկավար, չունենալով մասնագիտական որևէ կրթություն, անհասկանալի փորձեր է անում հարգարժան ֆիզկուլտուրայի և երգի ուսուցիչներին, որոշ դեպքերում` նաև դասվարներին ու գրադարանավարներին (որոնցից ոմանք, ի դեպ, ընդդիմացել են և չեն ցանկացել մասնակցել սույն ծրագրին), ընդամենը մեկ-երկու ամսում իր և իր սիրողական պարային համույթի ինքնագործ պարողների և երգողների մոտ վերապատրաստելով` դարձնել «ազգային երգ ու պարի մանկավարժներ» (առարկայի անվանումը քննարկման այլ նյութ է) և «ազգային երգ ու պար» առարկան ներմուծել հանրակրթական դպրոց։
Պատկերացնո՞ւմ եք, ուրեմն, ֆիզկուլտուրայի և երգի ուսուցիչները, դասվարներն ու գրադարանավարները պետք է մոտավորապես լույսի արագությամբ ազգային պարեր սովորեն` ծունկկոտրուկներ և ծնկածալեր, կրնկազարկեր և պարային բազմաթիվ այլ շարժումներ և, որ շատ ավելի կարևոր է` այն դասավանդելու համար ընկալեն հայ պարի ոգին, որ պարզապես անհնար է, զուգահեռաբար` պետք է ուսումնասիրեն նաև պարի տեսություն ու հայկական որոշ ծիսակարգեր և տոնախմբություններ, հետն էլ պարտադիր պետք է ձայն ունենան և փորձեն երգել սովորել` երաժշտական պաուզաներ ու ինտերվալներ, սինկոպաներ և մոդուլյացիագ ու սա դեռ բավարար չէ. պետք է համադրեն և միացնեն պարային շարժումներն ու երգը` միաժամանակ երգեն ու պարեն, ընդ որում` չպետք է մոռանան երգի բառերը և հետո էլ իրենց սխալ-մխալ, կիսատ-պռատ «սովորածը» կամ, ավելի շուտ, «չսովորածը» պետք է սովորեցնեն իրենց աշակերտներին, իսկ տվյալ դասից դուրս աշակերտներին հուզող` պարարվեստին վերաբերող այլ հարցերին էլ, բնականաբար, չկարողանալով պատասխանել` պետք է ասեն.
– Կներեք` չգիտեմ, գնամ սովորեմ, մյուս դասին գամ-ասեմ…
Անկեղծ ասեք, բան հասկացա՞ք։
Ակամայից հարց է ծագում. Գագիկ Գինոսյա՞նն է պարարվեստի այն միակ մասնագետը, ում պետք է վստահվեր, և ով իրեն իրավունք պիտի վերապահեր միայնակ, կրկնում եմ` միայնակ (առանց մեկ այլ մասնագետի հետ գոնե խորհրդակցելու), դեսից-դենից որոշ պարեր սովորելով և հաճախ դրանք իբրև թե ազգային պարի նոր նմուշներ ներկայացնելով` նման կարևոր ծրագիր գրել, ավելի շուտ` այստեղից-այնտեղից «քոփի-փեյստ» աներ և մեծահոգաբար անունն էլ դներ ազգային երգ ու պար։
Ցավոք, նա չի հասկանում կամ չի ուզում ընդունել, որ դպրոցն ինքնագործ խմբակ չէ, և անթույլատրելի է պարարվեստի հանրակրթական դասավանդումը շփոթել, նույնացնել ինքնագործ համույթի կամ կասկադում պարուսուցման հանրային պարզունակ դասերի հետ` ապականելով մի ողջ հանրակրթական համակարգ։
Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ են ասում ազգային պարի պրոֆեսիոնալները` Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ, ով լինելով պարահավաք, պարագետ և բեմադրիչ` ավելի քան 30 տարի զբաղվում է ազգային պարի հավաքչությամբ` Աշնակից մինչև Ռուսաստան, Զոլաքարից` Ֆրանսիա, Շաղափից` Վրաստան, Ուջանից` Իրան և ԱՄՆգ, ու մեր հայրենակիցներից հավաքելով շուրջ 200 ազգագրական պարեր, դրանց մեծ մասը հղկել է, զատել օտարածին տարրերից, դասդասել, համակարգել և դարձրել է հայ ժողովրդի սեփականությունը, միաժամանակ առաջինը Հայաստանում վերծանելով Կոմիտասի, Վահրամ Արիստակեսյանի և Սրբուհի Լիսիցյանի հավաքագրած, ըստ էության բոլոր պարերը։
Պարարվեստի պրոֆեսիոնալներն ասել և ասում են, որ.
Առաջին.
հիմնական դպրոցում պետք է դասավանդվի ոչ թե «Ազգային երգ ու պար», այլ «Ազգային պար» առարկան, քանի որ.
ա) դպրոցներում արդեն իսկ դասավանդվում է «Երգ-երաժշտություն» առարկան, որի ծրագրում անհրաժեշտության դեպքում մասնագետները կարող են կատարել համապատասխան փոփոխություններ` ներառելով տվյալ տարիքի երեխաներին համապատասխան ազգային և, իհարկե, հայրենասիրական երգեր,
բ) «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը դպրոցներում անհնար է, քանի որ դրա համար անհրաժեշտ բարձրագույն կրթությամբ մանկավարժների իրական կադրային բանկ Հայաստանում գոյություն չունի։
Երկրորդ.
դպրոցում «Ազգային պար» առարկան պետք է դասավանդեն միայն բարձրագույն մասնագիտական կրթությամբ պարուսույց մանկավարժները, ինչպես բոլոր մյուս առարկաների դեպքում, այլ ոչ թե սիրողական պարարվեստով զբաղվող, տարբեր մասնագիտությունների տեր անձանց մոտ մեկ-երկու ամիս վերապատրաստված` ֆիզկուլտուրայի, երգի ուսուցիչները, դասվարներն ու գրադարանավարները։
Եվ, երրորդ.
պրոֆեսիոնալներն ասում են, որ առարկան պետք է ուսուցանվի ոչ այն ծրագրով, որ արդեն հաստատվել է ԿԳ նախարարությունում, քանի որ այն գրվել է հապշտապ, մի մարդու կողմից և, ըստ էության, հանդիսանում է «թխած», մասնագիտական սխալների առատության տակ կքած, արհեստածին մի կոնգլոմերատ, որտեղ հաշվի առնված չեն նույնիսկ պարագիտական տարրական օրենքներն ու պարարվեստի մանկավարժության պարզագույն մեթոդները, և պետք է գրվի նոր` կատարյալ մի ծրագիր, որը կհեղինակվի բարձրակարգ մասնագետների կողմից` Հայաստանի լավագույն պարարվեստի գործիչների և պարագետների միասնական ջանքերով։
Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է…
Ուզում եմ անդրադառնալ նաև լրագրողի այն ապատեղեկատվությանը, ըստ որի, իբրև թե Կարեն Գևորգյանը և նրան սատարողները վստահ են, որ առանց դասական պարի հիմքի` չի կարող լինել հայկական պար, այսինքն` յուրաքանչյուր պարատեսակ պետք է դասական (ասել է թե` եվրոպական-արտաքին) վերամշակման ենթարկվի (ի դեպ, այս խաբեությունը ևս լրագրողին թելադրել է Գ. Գինոսյանը, և բավական ժամանակ է` նա տարբեր լրատվամիջոցներով, առանց անհարմար զգալու, փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել)։
Ամոթ է, չէ՞, վերջապես։ Պատկերացնո՞ւմ եք, ուրեմն Կարեն Գևորգյանը, ով տիրապետում է հայ մշակույթի գանձարանի մի քանի հարյուր ազգային պարերի և իրականացրել է ավելի քան 120 պարային բեմադրություններ, ըստ հոդվածի հեղինակի` հայ պարը մշակման է ենթարկում ոչ հայկական տարրերով։
Որպիսի ցնդաբանություն…
Մաքրվի՛ր, ո՛վ մարդ Աստծո, այրելով մեջդ, ինչ նողկալի է և ստոր, վառելով վսեմի մոմը…
Ի միջի այլոց, Գագիկ Գինոսյանի «պարի վերամշակումը թույլատրելի է միայն իր ներքին տրամաբանությամբ, այսինքն` ոչ թե ներառման, այլ արտազատման-մաքրման մեթոդով» դարձվածքն ավելի շուտ առնչվում է ֆիզքիմիայի լաբորատորիաներին և սանմաքրման ոլորտին և անիմաստ խուճուճացրած թյունինգ է, տրիվիալ դատողություն, որ հայտնի է նույնիսկ բոլոր սկսնակ պարուսույցներին։
Հանրակրթությունն ազգային կրթության «ողնաշարն» է, և այն հղկելու, ուղղելու նպատակով իրականացվող ցանկացած միջամտություն պետք է կատարվի վիրաբուժական զգուշավորությամբ։
Հենց այս սկզբունքային մոտեցման բացակայությունն էլ առաջացրել է այն, ինչ այսօր ունենք։ Եվ ստեղծված իրավիճակը ցցուն վկայությունն է այն իրողության, որ հանրակրթության ողնաշարն ուղղելու վիրաբուժական նուրբ գործիքակազմը որևէ պարագայում չպետք է փոխարինվի պաթանատոմիական մկրատներով և դանակներով։
Այնպես որ, ձեր քոռ խանչալները վերադարձրեք ինքնագործ պատյան, կամ պահեք, այն մի օր անպայման կօգտագործեք նույնը` «արտազատաներառամաքրման» մեթոդով ստեղծված «չալմը դանգը» թուրքահոտ, յաթաղանապաշտ, սարսափազդու, բազմախառնաէթնիկ, տրագիկոմեդիա-մոնոներկայացման ժամանակ։
ՍՏԵՓԱՆ Բ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հայաստանի Ազգային պարարվեստի միության
գլխավոր քարտուղար
Հ.Գ. Քանի որ հոդվածը մի փոքր երկար ստացվեց, լրագրողի կողմից արծարծված մյուս հարցերին կանդրադառնամ հաջորդ անգամ։ Անպայման…