Լարված մթնոլորտ՝ ԱԺ-ում
Էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացումն այսօր թեժացրեց կրքերը Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկի ժամանակ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՀԾԿՀ-ն ստացել է էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու հայտը, սակայն սոցիալական այս պայմաններում նման քայլի գնալը անթույլատրելի է:
Նա հայտնեց, որ ԱԺ 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն աշխատանքային քննարկում են իրականացրել, որտեղ անդրադարձել են այդ խնդրին: Ըստ նրա՝ առաջարկվում է օր առաջ հրատապ կարգով հրավիրել խորհրդարանական լսումներ՝ հրավիրելով ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյաին, էներգետիկայի նախարարին և հայտ ներկայացնող այն կազմակերպություններին, որոնք «մազոխիստաբար շարունակում են աշխատել վնասով, բայց չեն հրաժարվում այդ ընկերությունների ղեկավարումից»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀԾԿՀ-ն նոր է ստացել նյութերը, երբ կուսումնասիրեն, կկայանան լսումները, որին մասնակից կինեն նաև մյուս պատասխանատու անձինք:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ-ն ոչ թե պոստֆակտում պետք է արձագանքի, այլ պետք է նախապես քննարկել, թե ինչպես է ՀԷՑ-ը 300 մլն պարտք կուտակել.
«Ասում եք՝ ՀԾԿՀ-ն նոր է ստացել սակագնի փոփոխության հայտը, բայց նախնական ուսումնասիրությունից պարզում ենք, որ ՀԷՑ-ի ղեկավարների կարծիքով՝ սպառողները պետք է վճարեն նաև աստղաբաշխական թվերով իրենց վարձակալած Լեքսուսների և Մերսեդեսների համար, անտրամաբանական գներով վարձակալած տարածքների համար: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն չպետք է սպասողական դիրքորոշում որդեգրի, որովհեև մեր ընտրողները պասում են, որ մենք գտնենք այս հարցերի պատասխանները»:
Գ.Սահակյանը հորդորեց բանակների չբաժանվել, ասել՝ այո կամ ոչ. «Եթե էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է, դա բոլորիս հոգսն է, բոլորիս մտահոգությունն է: Այսօրվանից քննարկելու նյութ չունենք: Այս երկու օրը արդեն որոշակի ուսումնասիրություն կունենան, կհրավիրենք լսումների:
Խոսում եք Լեքսուսների, այլ չարաշահումների մասին, կարող եք համապատասխան մարմնին տեղեկացնել»:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի գնահատմամբ՝ վիճակը կատաստրոֆիկ է թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ գազի հետ կապված, և ՀՀ պարտքը 6 մլրդ է իրականում: Ըստ նրա՝ ընկերությունների վարկային երաշխիքները պետք է ԱԺ-ով հաստատել, այժմ կառավարությունը հայտնվել է շատ վատ վիճակում: Նա նշեց, որ այլ երկրներում ՋԷԿ-երով զգալիորեն շատ են արտադրում, ՀՀ-ում կրկնակի պետք է էժան լինի սակագինը: Հ.Բագրատյանի խոսքով՝ ՀՀ-ում առաջարկում են 58 դրամ սահմանել հոսանքի գինը, իսկ ՌԴ-ում 20 դրամ է, Ուկրաինյում՝ միջինում 12 դրամ, ՌԴ-ի և Ուկրաինայի համակարգերը աշխատում են շահութաբեր.
«Մենք կարիք չունենք Ռոբերտ Նազարյանին բերել այստեղ: Նա ոչինչ չի կարողանում ասել: Նույն գազի սակագնի հաշվարկը խնդրի 70% ոչ էֆեկտիվ կառավարումն է ռուսական ընկերությունների, որտեղ չկա կառավարում: Եվ ասել ենք դադարեք սակագին հաստատելը, թող իրենք հաստատեն իրենց սակագինը: Ի վերջո, կհաստատեն այնպիսի սակագին, որ ծախեն այդ հոսանքը: Մեզ անկում է սպասում 3-5%, չպետք է թանկացնել այդ սակագինը: Եվ չպետք է կանչել Նազարյանին, Նազարյանը ոչ մի հարց չի լուծում»:
Գ.Սահակյանը հայտարարեց, թե ոչ միայն Նազարյանը կգա, այլև նրանք, ովքեր պատասխանատու են դրա համար. «Ես չեմ կարծում, որ պատգամավորները այնքան հարուստ փորձ ունեն, որ կարող ենք դնել ու հաշվարկել: Մենք կարող ենք խորհուրդներ տալ: Լսումներից հետո կասենք»:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի բարձրացման խնդիրը այսօր ամենակարևոր հարցն է հենց ԱԺ համար. «Լուսմները՝ լսումներ, բայց մենք կարծում ենք, հարցը պետք է քննարկել ԱԺ լիագումար նիստում»:
Գ.Սահակյանն ընդհատեց Զուրաբյանին ու կոչ արեց օրակարգից խոսել:
«ՀԷՑ-ի գողացած պարտքը փորձում են դնել ժողովրդի ուսերին…»,- շարունակեց Զուրաբյանը, բայց նրա խոսքը կիսատ մնաց, խոսափողն անջատեցին: Նաիրա Զոհրաբյանն ու Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեցին, որ լրաջագույն խնդիր է և ժողովրդին հուզող թիվ մեկ հարցը, սակայն նրանց երկուսի խոսքն էլ Գ.Սահակյանը կիսատ թողեց ու կարգադրեց անջատել խոսափողը:
Կիսատ մնաց նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքը, ով ասում էր, որ ավանդույթ է դարձել, որ պարտքը հասնում է 300 մլն դոլարի, գալիս ասում են՝ ժողովուրդ այդ պարտքերը պետք է մարեք: ԱԺ նախագահը կրկին հայտարարեց, որ հարցը օրակարգին չի վերաբերվում և ոչ ոք չի ասում պարտքերը մարեք ու անջատեց Հակոբյանի խոսափողը, ինչն էլ ավելի բորբոքեց Ռ.Հակոբյանին, ով տեղից չէր դադարում բողոքել:
Գ.Սահակյանը հայտարարեց, որ եթե Հակոբյանը չհանդարտվի, դուրս կհրավիրի նրան ԱԺ նիստերի դահլիճից. «Մի թողեք ես կանոնակարգի համապատասխան հոդվածը կիրառեմ»:
«Ես խնդրում եմ Ձեզ Ձեր գործողություններով չլարել մթնոլորտը: Խոսքը գնում է այս լիագումար նիստում հարցը քննարկելու մասին»,- միջամտեց Լ.Զուրաբյանը, սակայն նրա խոսքն էլ կիսատ մնաց: ԱԺ նախագահը հայտարարեց, որ արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրհավաքը չեն կատարել, և կրկին կարգադրեց անջատել խոսափողը:
Հ.Բիշարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ իրավիճակը հասկանալու համար: